Քանի որ այս օրերին շատ-շատերն են ժամանակ ծախսում ամանորյա գնումների ցուցակ կազմելու վրա, մեր փորձագետները կազմել են գնումների վերջնական ցուցակը ռազմահայրենասիրական Նոր տարվա համար։ Ներբեռնեք, քոփիփեյսթեք և վայելեք։ Վերջնական ցուցակը թարմացվում է։
- Բուդ (խոզի)՝ 1 հատ. 2, եթե հյուրերը շատ են, 3, եթե լավ պաշտոն ունեք։
- Բուդ (խոզի)․ սա մի անգամ էլ հիշեցնենք, որովհետև առանց սրա ձեր սեղանը խայտառակություն է։
- Հնդկահավ, եթե դուք մի փոքր ձև տված եք։
- Բադ․ եթե դուք ահագին ձև տված եք։
- Բլինչիկ, որ մասնակցես «Ասա, որ մե՛ր բլինչիկն ամենահամովնա» համայկական մրցույթ-փառատոնին։
- Բլինչիկ սնկով, Որովհետև դու չար կատակներ ես սիրում։
- Խավիար կարմիր, որովհետև ԽՍՀՄ-ում սա համարվում էր լավ սեղանի առաջին հատկանիշը։
- Խավիար սև։ 48%-անոց սպառողական վարկ, և դու Ամանորյա սեղանների թագավորն ես։
- Բաստուրմա։ Գնել այնքան բաստուրմա, որքան ուտում ես 5 տարվա ընթացքում։
- Սուջուխ՝ մսային։ Բաստուրմայի ավելի համով, բայց գեշո ընկերը։
- Սուջուխ՝ քաղցր։ Եթե ուտելիս ուշադիր նայես փորիդ, կարող ես նկատել՝ ոնց ես չաղանում։
- Ֆիլե։ Դե իրոք համեղա։
- Անհասկանալի սալյամի։ Որովհետև ֆիլեն առաջինն ա վերջանում։
- Ինչ-որ ձուկ, որը հաստատ թարմա․ բերվելա 1 տարի առաջ Կամչատկայից ու իր վերջին 7 օրերը կանցկացնի ձեր սեղանին։
- Աղցան՝ մայոնեզախեղդ արած, 1-2 օրում փչացող, որ արկածախնդիր հյուրերը բավարարություն ստանան։
- Դոլմա, որովհետև դոլման մերն ա, ու թող ադրբեջանցին մրմռա։
- Պասուց դոլմա, որ վերջում զարմացած դեմքով թափեք ու ասեք․ «Շատ լավն էր է, ինչի՞ չկերան»։
- Խորոված, եթե ֆանտազիա հեչ չունեք։
- Իշլի քուֆթա, որովհետև Սահմանադրությունն արգելումա այս ուտեստը փորձել տարվա մյուս օրերին։
- Պանրեղեն, որովհետև 3 խառնած աղցաններից առաջացած գազերը հայ մարդու համար դեռ լուրջ մարտահրավեր չեն։
- Ռոկֆոր (էն բորբոսով պանիրը)։ Կա հյուր, որ մտածում է՝ «Կարո՞ղա էս տարի դուրս գա»։ Նա անպայման կփորձի։
- Ձու։ Արի անկեղծ լինենք, առավոտը հո բուդ չե՞ս ուտելու։
- Կոլաներ։ Մեկա տոներից հետո գնալու եք մարզասրահ։ Պլյուս մի արկղ գնելու դեպքում ինչ-որ անորակ խաղալիք են տալիս, ԱՅՈ՛։
- Ջերմուկեղեն։ Նոր տարվա օրերին հայ մարդը պարտավոր է ընդունել միջին վիճակագրական մարդուն հասնող միներալների ու աղերի 1800%-ը։
- «Բնական» հյութ, որ կոլաներին առարկող հյուրին լուրջ դեմքով առաջարկեք 100% բանանի, մանգոյի, անանասի, նարնջի ու պապայայի խառնուրդ «մուլտիֆրուտ» կոչվող զանգվածը։
- Լիմոնադ՝ նոստալգիկ հյուրերի համար։
- Խոլոդեց՝ ավանդույթները պահողների համար։
- Սուշի, եթե աննորմալ եք։
- Ալկոհոլ՝ ամեն տեսակից։ Շատ։ Որ հյուրի մտքով ինչ անցնի, հաղթական դեմքով հանեք, դնեք դեմը՝ ան։
- Թթու։ Դե թթուն իրոք պետքա։
- Բողկ, որովհետև դուք լավ մարդ եք։
- Սացիվի, որովհետև ձեր տատը Վրաստանից էր։
- Ձիթապտուղ, որ 20 հյուրերից մեկը, ով գժվումա դրա համար, զբաղմունք ունենա։
- Տխեմալի, որ թաքցնես անհաջող խոզի բդի համը։
- Անհավանական քանակի պոպոքեղեն։ Հայու գենը տարվա սպիտակուցների չափաբաժնի 65% ստանում է հենց Ամանորին։
- Խմորողեն։ Իհարկե, ոչ մի հյուր այնքան երկար չի մնա, որ հասնի աղանդերին, բայց չորացած միկադոն ուրիշ է էլի։
- Միրգ։ Միրգ գնելիս պետք է հաշվարկը կատարել հետևալ բանաձևով X*2+5կգ, որտեղ X=թե դուք ու ձեր հյուրերը ռեալ որքան միրգ կուտեք։
- Չիր, որ մրգի էլ ավելի մեծ մասը թափեք։
- Ռուսական կոնֆետ։ Իբր թե հայկականից լավնա, որովհետև դուք մտածում եք, որ այն արտադրվելա Լեոնիդ Բրեժնևի ժամանակ ու մինչև թարմա մնացել։
- Լավաշ։ Որ հունվարի 4-ին, երբ բոլոր խանութները բաց են, ապահովված լինեք չորացած և/կամ բորբոսնած լավաշով։
- Կոկորդիլոս, եթե 2015թ. հուշերը դեռ վառ են։
- Խաշ, եթե իսան չեք։
Բուդ (խոզի) երբեք ավելորդ չի երրորդ անգամ հիշեցնել, որովհետև առանց սրա ամոթա։