1973 թ․ հոկտեմբերի 6-ին՝ Յոմ Կիպուրի (Ահեղ Դատաստանի) օրը, Եգիպտոսի ու Սիրայի կոալիցիոն ռազմական ուժերը անսպասելի հարձակվեցին իսրայելական դիրքերի վրա՝ 1967 թ․ Վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրաված Սինայի թերակղզին ու Գոլանի բարձունքները հետ վերադարձնելու նպատակով։ Արաբա-իսրայելական Չորրորդ պատերազմը հայտնի է, որպես Յոմ Կիպուրի պատերազմ։ Եգիպտոսի (մոտ 800 հազար), Սիրիայի (150 հազար) և միացյալ արաբական աշխարհի (ավելի քան 100 հազար) ռազմական ուժերը զգալիորեն գերազանցում էին Իսրայելի մարտական ուժերին (400 հազար), և Իսրայելի զինված ուժերը, պատրաստ չլինելով դիմակայելու հակառակորդների անսպասելի ու միաժամանակյա հարձակմանը, ստիպված էին նահանջել։ Եգիպտոսի զինված ուժերը գերի վերցրեցին 231 իսրայելցի զինվորի։ Եգիպտոսի հետ բանակցությունների արդյունքում, պատերազմի ավարտից (26 հոկտեմբերի) մոտ մեկ ամիս անց իսրայելցի ռազմագերիներն ազատ արձակվեցին և վերադարձան Իսրայել։ Իսրայել վերադառնալուց 1 շաբաթ անց՝ նոյեմբերի 27-ին, Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ռազմագերի զինվորները, իրենց իսկ պահանջով, հանդիպեցին Իսրայելի Հարավային ռազմաճակատի հրամանատար, գեներալ-մայոր Շմյուել «Գորոդիշ» Գոնենի հետ։ Զայրացած նախկին ռազմագերիները, որոնք իրենց դավաճանված էին համարում, պատասխաններ էին պահանջում Իսրայելի ռազմական հրամանատարությունից. թե՞ ինչպես էր հնարավոր չկանխատեսել հակառակորդի հարձակումը, որտե՞ղ էր այդքան փառաբանված ռազմական հետախուզությունը, ինչո՞ւ իրենց չեն նախազզգուշացրել հնարավոր հարձակման մասին, ինչո՞ւ չունեցան օդային ու հրետանային աջակցություն, ինչո՞ւ էին իրենք մնացել առանց հրամանների, ինչո՞ւ հանձնվելու կամ կռվելու մասին որոշումը իրենք պետք է կայացնեին և ոչ թե համապատասխան հրամանը ստանային գենշտաբից։ «Մենք երկրի աչքն էինք ու պատերազմից երեք շաբաթ առաջ նկատել էինք եգիպտացի զինվորների անսովոր տեղաշարժ, զինվորները ուսումնասիրում ու չափագրում էին տեղանքը, առավոտից մինչև երեկո տրակտորներով տանկերի ու հրետանային մարտկոցների համար դիրքեր էին պատրաստում». Գոնենին պատմում էին նախկին ռազմագերիները։ «Մենք այդ մասին հայտնել ենք հետախուզությանը, ասել ենք, որ պատերազմի են նախապատրաստվում, սակայն մեզ չհավատացին և ասացին, որ զորավարժություն է»։ Գեներալ Գոնենը չուներ այդ հարցերի պատասխանը և ընդունեց ինչպես ռազմական հրամանատարության, այնպես էլ հետախուզության ձախողումը։ Խոստացավ, որ կստեղծվի համապատասխան Հանձնաժողով, որը մանրամասն կուսումնասիրի ձախողման պատճառներն ու բոլոր մեղավորները պատասխան կտան։ «Ես չեմ կարող պատասխանել, թե դուք ինչու հրաման չեք ստացել, միայն գիտեմ, որ որոշում էր կայացվել հանձնել դիրքերը քանի որ դիրքերը շրջապատված ու ականապատված էին»․ ասել է Գոնենը հանդիպման ժամանակ։ Նա անկեղծորեն ընդունել է երկրի ռազմական ու դիվանագիտական ձախողումը և խնդրել է զինվորներին չտրվել հուսահատությանը, քանի որ երկրին սպառնացող վտանգը չի վերացել ու, թեև իսրայելական բանակը շատ մարտունակ է, այն աղքատ է։ Հանդիպման սղագրությունը մատչելի է դարձել հանրությանը Յոմ Կիպուրի պատերազմի ավարտից 48 տարի անց և տպագրվել է մամուլում այս տարվա սեպտեմբերին՝ առանց մատնանշելու ռազմագերիների անունները։
Յոմ Կիպուրի պատերազմը ոմանց կարծիքով ավարտվել է Իսրայելի հաջողությամբ, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել կոալիցիոն ուժերի հարձակումը և պահել Գոլանի բարձունքներն ու Սինայի թերակղզին։ Արաբական աշխարհի երկրները համարում են, որ հաղթել են, քանի որ Յոմ Կիպուրի պատերազմը ցրեց Իսրայելի պաշտպանության բանակի անպարտելիության մասին առասպելը։ Եգիպտոսում հոկտեմբերի 6-ը նշվում է որպես հաղթանակի օր, այն փաստարկով, որ պատերազմի արդյունքում Իսրայելը գնաց Եգիպտոսի հետ բանակցությունների ու Սինայի թերակղզին ազատագրվեց։ Շատերն էլ գտնում են, որ այս պատերազմն ավարտվեց ոչ ոքի, և չկա պարտված ու հաղթանակած կողմ։
Գեներալ Գոնենը խիստ քննադատության էր ենթարկվել դեռ պատերազմի սկզբին և ժամանակավորապես պաշտոնանկ էր եղել հոկտեմբերի 10-ին։ Նա վերադարձավ իր զինվորական կարիերային Հանձնաժողովի միջանկյալ զեկույցից հետո միայն։ Այդուհանդերձ, մինչև իր կյանքի վերջը Իսրայելում նրան համարում էին պատերազմի բազմաթիվ ձախողումների պատասխանատու։
Պաշտպանության նախարար Մոշե Դայանը հրաժարական տվեց հենց պատերազմի սկբին։
Թեև Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրի կուսակցությունը հաղթանակ տարավ 1973 թ. դեկտեմբերին, Գոլդա Մեիրը հայտնվել էր քննդատության թիրախում։ Հանձնաժողով կազմվեց, պարզելու համար Մեիրի «անմիջական պատասխանատվությունը» պատերազմին պատրաստ չլինելու մեջ, ինչպես նաև ուսումնասիրել նրա գործողությունները պատերազմի ժամանակ։ Հանձնաժողովը եզրակացրեց, որ «Մեիրը իմաստուն կերպով իրականացրել է բոլոր պահուստայինների լայնածավալ մոբիլիզացիա, այդպիսով կարողացել է իրագործել պետության պաշտպանության կարևորագույն խնդիրը»։ Անգամ Հանձնաժողովի եզրակացությունը չկարողացավ Մեիրին փրկել շարունակվող քննադատությունից, և նա որոշեց հրաժարական տալ 1974 թ. ապրիլին։ «Այլևս իմ ուժերից վեր է շարունակել տանել այս բեռը»։
Երբ կարդում էի սղագրությունները, մտածում էի կատարելապես նույն իրավիճակում հայտնված մեր ռազմագերիների մասին։ Միայն թե մեր պարագայում նրանցից են պահանջում, ոչ թե նրանք են պահանջում… և այս տարբերությունն է կանխորոշող երկրի ապագայի համար։
Թարգմանիչ Կարինե Աֆրիկյանի ֆեյսբուքյան էջից