«Flyone Armenia» ավիաընկերության Երևան-Մոսկվա ուղղությամբ դեկտեմբերի 15-ի և 16-ի չվերթները չեղարկվել են և ավիաընկերությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել։
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղևորներ,
FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները։
Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Մեր աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են, մեր ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։
Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։
Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։
Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։
FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ»,-նշված է հայտարարության մեջ։