Ձմռանը, օրերի կարճացմանը զուգահեռ, մարդկանց մի մասի մոտ առաջանում է վատ տրամադրություն, նույնիսկ դեպրեսիա։ Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում բժիշկ-սննդաբան, Սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Աննա Բելոուսովան հայտնել է, որ ձմեռային օրերը կգեղեցկացնի արքայանարինջը։
«Աշնանը և ձմռանը արքայանարինջ ուտելու իսկական ժամանակն է: Ճնշված, դեպրեսիվ վիճակների դեպքում արքայանարինջն օգնում է, ինչպես և մյուս նարնջագույն մրգերն ու բանջարեղենը: Եթե դեղինը համարվում է անհանգստության գույն, ինչի պատճառով դեղին խնձորներն անցանկալի են, ապա նարնջագույն մրգերը, օրինակ՝ գազարը կամ դդումը, իսկապես օգնում են ազատվել դեպրեսիայից, ուրախություն են պատճառում մեզ»,- ասել է Աննա Բելոուսովան։
Բանն այն է, որ նարնջագույնը վկայում է արքայանարինջի մեջ օրգանիզմի համար կարևոր մի նյութի բարձր պարունակության մասին, շարունակել է սննդաբանը։
«Վառ նարնջագույն կեղևը ցույց է տալիս, որ արքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, այսինքն՝ պրովիտամին A։ Այժմ՝ ձմռան սկզբին, օրգանիզմը դրա կարիքն ունի, քանի որ այն պայքարում է դեպրեսիայի դեմ»,- բացատրել է նա։
Բետա-կարոտինը չի կուտակվում օրգանիզմում, ուստի այն պարունակող մթերքները պետք է անընդհատ ուտել:
«Բետա-կարոտինի պակասի դեպքում օրգանիզմը թուլանում է և պետք է ստանա այս պրովիտամինը բնական ձևով»,- հավելել է Աննա Բելոուսովան։
Բացի բետա-կարոտինից, արքայանարինջը պարունակում է մագնեզիում, թեև ավելի քիչ քանակությամբ։ Սննդաբանի խոսքով՝ այս տարրը նույնպես ազդում է դեպրեսիայի և սթրեսի դեմ։
«Արքայանարինջը վնաս է ներկայացնում միայն այս պտղից ալերգիա ունեցողների համար: Հակառակ դեպքում արքայանարինջը հակացուցումներ չունի: Այն թույլատրվում է ուտել նույնիսկ դիաբետով հիվանդներին՝ չնայած այն բանին, որ այն ունի բավականին ընդգծված քաղցր համ: Սա հատկապես վերաբերում է. փափուկ արքայանարնջին: Դա ցածր կալորիականությամբ մթերք է և չի պարունակում շատ մեծ քանակությամբ ածխաջրեր, որոնցից մենք վախենում ենք: Սակայն դիաբետով հիվանդներն այն չեն կարող ուտել կիլոգրամներով, ինչպես ցանկացած այլ քաղցր միրգ»,- զգուշացրել է Աննա Բելոուսովան: