Տոներից հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելու և ձմռանը ճիշտ սնվելու խորհուրդներ` դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Տոներից հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելու և ձմռանը ճիշտ սնվելու խորհուրդներ` դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից. life.panorama.am

Տոներն այլեւս անցյալում են ու ժամանակն է առատ սեղաններից հետո մտածել ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ի հետ զրույցում իր մասնագիտական խորհուրդներն է տվել սննդաբան, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը.

«Իրականում ավելորդ կիլոգրամներից ազատվելու առաջին քայլը հին ուտելիքներից հրաժարվելն է ու անցնել սովորական ռեժիմին: Աշխատանքային օրվա ընթացքում մենք այդ քանակությամբ չենք ուտում եւ չենք խմում, դրա համար էլ ձեռք բերած կիլոգրամները հեշտությամբ կկորչեն: Ավելորդ կիլոգրամների մասին պետք է մտածել ողջ տարվա ընթացքում, այն մեկ շաբաթվա խնդիր չէ, դա ապրելակերպի խնդիր է, որը ողջ տարվա ընթացքում պետք է մեզ անհնագստացնի: Պետք է թեթեւ ուտել, մի փոքր ավելի շատ շարժվել, որն այս եղանակին ավելի դժվար է»,- նշեց մասնագետը:

Հետաքրքրվելով, թե արդյոք կան ձմեռային սննդի հետ կապված հատուկ կանոններ, պատասխանեց.

«Իհարկե, ամեն եղանակ ունի իրեն հատուկ սննդակարգը: Ձմռանը առողջ սնվելու համար պետք է շատ օգտագործել հացահատիկներ, տաք ուտելիքներ ու ընպելիքներ, հեղուկներ: Օրինակ՝ ձմռանը պոմիդոր ու վարունգ ուտելը ամենասխալ սովորություններից մեկն է, որը վերջին տարիներին է մտել մեր սննդակարգ, առաջ դրանք ուղղակի հասանելի չէին: Ձմեռն այն ժամանակն է, երբ կարելի է շատ քիչ ավելացնել բուսական ճարպերի քանակը»:

Ցուրտ եղանակը կարող է ազդել մարդու ոչ միայն տրամադրության, այլեւ սննդակարգի վրա, այս առումով Վարդանուշ Պետրոսյանը նկատեց.

«Ձմռանը մարդկանց տրամադրությունը մի փոքր անկում  է ապրում, քանի որ արեւային եղանակը քիչ է, օրերն էլ՝ ավելի կարճ: Դրան հակառակ պետք է ուտել  գունավոր ուտելիքներ, որոնց մեջ շատ է արեւային էներգիան. այս շարքում կարող են լինել բազուկը, գազարը, չիչխանը, դդումը, նարինջը, մանդարինը եւ այլն: Նման ուտելիքները կարող են անգամ տրամադրություն բարձրացնել»:

Ձմռանը ջրի օգտագործումը մարդիկ պակասեցնում են՝ պահանջ չունենալու պատճառով, ինչը, ըստ մասնագետի, սխալ է.

«Ամռան ամիսներին, իհարկե, ջրի պահանջն ավելի շատ է, որովհետեւ ամռանը մարդիկ շատ են քրտնում ու հեղուկի կարիք ունեն: Իսկ ձմռանը ջրի պահանջը պակասում է, քանի որ քրտնարդատրությունն ու ջերմատվությունն է փոքրանում: Սակայն սա չի նշանակում, որ պետք է ջրի օգտագործումը ընդհանրապես բացառել կամ շատ կտրուկ քչացնել, պետք է հիշել, որ ջուրը մեր կյանքում գերկարեւոր նշանակություն ունի»,- ընդգծեց  սննդաբանը: