Համաճարակի թեժ oրերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ երեկույթների նկատմամբ ունեցած սերը խարխլել է նրա հեղինակությունն ու քաղաքական կարիերան: Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Փիթ Դորեյի հայտարարությամբ՝ Ջոնսոնը կորցրել է ժողովրդի հեղինակությունն ու վստահությունը: Նրա համոզմամբ՝ կուսակցական սկանդալից հետո երկիրը մեկ տարվա ընթացքում կփոխի կառավարության ղեկավարին։
2021 թվականի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կիզակետում։ Պարզվել էր, որ գարնանը, երբ ամբողջ երկրում գործում էր համաճարակային կոշտ սահմանափակում, Դաունինգ սթրիթի նրա նստավայրում աշխատակիցների լիցքաթափման համար երեկույթներ են անցկացվել։ Մինչ շարքային բրիտանացիները նույնիսկ չէին կարողանում հրաժեշտ տալ COVID-19-ից մահացած հարազատներին, երկրի ղեկավարությունը զվարճանում էր՝ մոռանալով ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության մասին։
Իրադարձությունների նման զարգացում Lenta.ru-ին տված հարցազրույցում կանխատեսել է Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Փիթ Դորեյը։ Նա Ջոնսոնին անվանել է քայլող դիակ՝ նշելով, որ նրա նկատմամբ հասարակության վստահությունն ու լավ հարաբերություններն ընդմիշտ վերացել են և չեն կարող վերականգնվել։ «Հիմա հարցն այն է, թե երբ է նա փոխարինվելու և ում կողմից»,- ասել է պրոֆեսորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոնսոնը նախատեսում է միջոցներ ձեռնարկել իր քաղաքական իմիջն ու կարիերան փրկելու համար։ Նրան աջակցել են կառավարության անդամները և հորդորել սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին։ Դրանով զբաղվում է բրիտանական կառավարության ավագ պետծառայող Սյու Գրեյը: The Times-ը գրում է, որ հետաքննության նպատակն է բացահայտել քովիդի դեմ օրենքների խախտումները և որոշել՝ արդյո՞ք կարգապահական տույժ պետք է կիրառել վարչապետի և գինարբուքների մյուս մասնակիցների նկատմամբ։
Հունվարին YouGov-ի անցկացրած հարցման համաձայն՝ բրիտանացիների 72 տոկոսը բացասաբար է արտահայտվել Ջոնսոնի գործունեության վերաբերյալ։
Համավարակի ողջ ընթացքում Մեծ Բրիտանիայում 154 000 մարդ է մահացել COVID-19-ի հետևանքներից: