Շումերական «Շտանդարտ՝ պատերազմի և խաղաղության» հանրահայտ խճանկարի վրա (շումերների կյանքից պատկերված տեսարաններով զույգ դեկորատիվ վահանակներ, որոնք հայտնաբերվել են շումերական Ուր քաղաքի պեղումների ժամանակ) ծանր քառանիվ մարտական սայլերը քաշում են տարօրինակ կենդանիներ։ Դրանք ձիեր չեն, քանի որ ձիերը Միջագետքում հայտնվել էին այս խճանկարի ստեղծումից 500 տարի անց: Այս արարածներն ավելի շատ նման են մկանուտ ավանակների։ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ում էլ-Մարրայի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ապացույցներ այն մասին, որ խճանկարներում պատկերված տարօրինակ կենդանիներն իրոք գոյություն են ունեցել։ Դրանք շումերների կողմից ռազմական նպատակներով ստեղծված հիբրիդ ավանակներ են։
Շումերական խճանկարից կենդանիներին տարորոշելու դժվարությունը պայմանավորված էր նրանով, որ Սիրիայի վերջին վայրի ավանակը սատկել էր դեռ 1927 թվականին Վիեննայի կենդանաբանական այգում: Բացի այդ, դա շատ նուրբ կենդանի էր, 1 մետրից պակաս հասակով, որը, կարծես, ոչ մի ընդհանրություն չուներ շումերների հրեշավոր արարածների հետ: Դրանք ամբողջ Միջագետքում և Նինվեում հայտնի էին «կունգ» անունով և բավականին բարձր գին ունեին։ Այդպիսի «ավանակները» հասանելի չէին սովորական գյուղացիներին:
Սակայն սիրիական վայրի ավանակի և պեղումներից հայտնաբերված կունգների մնացորդների ԴՆԹ-ների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք գենետիկորեն չափազանց մոտ են։ Ինչպես պարզել են Փարիզի Ժակ Մոնո ինստիտուտի գիտնականները, կունգերը հիբրիդներ էին, որոնք ստացվում էին ընտանի էգ ավանակների և վայրի արու ավանակների խաչասերումից: Ինչպես և ավելի ժամանակակից ջորիները, կունգերը նույնպես անպտուղ էին, որով և պայմանավորված էր դրանց բարձր գինը և բուծման դժվարությունները։ Դրանց որևէ այլ աշխատանքի համար օգտագործելը պարզապես արդարացված չէր տնտեսական տեսանկյունից։ Ի վերջո սովորական ձիերի տարածումը հանգեցրեց հիբրիդների անհետացմանը, քանի որ վերջիններս, ի տարբերություն կունգերի, կարող էին բուծվել բնական ճանապարհով, ինչը շատ ավելի էժան էր և արագ։
Կարելի է ասել, որ սա պատմության մեջ հայտնի առաջին դեպքն է, երբ «բիոինժեներական մեթոդներով» ստեղծվել են հիբրիդ կենդանիներ։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը