Միջնադարի մասին պատմող ֆիլմերում ասպետները, որպես կանոն, ունեն հսկայական և ամրակազմ նժույգներ, սակայն սա չափազանցություն է․ գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միջնադարում ձիերը մոտավորապես նույն չափի են եղել, ինչ ժամանակակից պոնիները:
Բրիտանացի հնագետները ուսումնասիրել են ավելի քան երկու հազար ձիերի ոսկորներ, որոնք հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի 171 տարբեր վայրերում: Գտածոները թվագրվում են մ.թ. 300-ից մինչև 1650 թվականներին։ Վերլուծությունը ցույց է տվել, որ անգլո-սաքսոնական և նորմանդական ժամանակաշրջանների ձիերը 1,48 մետրից պակաս հասակ են ունեցել (խոսքը ընդհանուր հասակի մասին է՝ ներառյալ գլուխը)։
Սակայն մնացորդների մեջ հայտնաբերվել են համեմատաբար բարձրահասակ ձիերի ոսկորներ։ Օրինակ՝ Ուիլթշիր կոմսության Թրոուբրիջ ամրոցում հայտնաբերվել է 1,58 մետր բարձրությամբ ձիու կմախք, որը թվագրվում է 11-12-րդ դարերի։ Ենթադրվում է, որ ձիերի հասակը սկսել է աճել միայն բարձր միջնադարում՝ մ.թ. 1200-1350 թվականներին։ Պատմության այս ժամանակաշրջանում դրանց հասակը աճել է մինչև առավելագույնը 1,70 մետր, և միայն 1500 թվականից հետո այս նշաձողը հաղթահարվեց:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են հետազոտողները, միջնադարում գոյություն են ունեցել նաև խոշոր ձիեր (հայտնի են Destrier անվամբ), որոնք, սակայն, ժամանակակից ընկալումներով ամենևին բարձրահասակ չեն։ Դրանք հիմնականում նախատեսված էին ցուցադրությունների և մրցարշավների համար։
Ուսումնասիրության հեղինակները նաև նշում են, որ միջնադարյան գտածոները, ի տարբերություն ավելի վաղ շրջանների, շատ ավելի քիչ ձիու ոսկորներ են պարունակում։ Դա պայմանավորված է նրանով, որ միջնադարում ձիերի դիակները հաճախ ուղարկվում էին կաշեգործարաններ և սպանդանոցներ՝ կաշին մշակելու իսկ միսը վաճառելու համար։ Այդ պատճառով գիտնականներին հազվադեպ է հաջողվում գտնել դրանց ամբողջական կմախքները:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը