Flyone Armenia-ի առաջին չվերթով Ստամբուլ է մեկնել շուրջ 60 մարդ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Flyone Armenia-ի առաջին չվերթով Ստամբուլ է մեկնել շուրջ 60 մարդ

Հայկական Flyone Armenia ավիաընկերության առաջին չվերթը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ կայացավ փետրվարի 2-ին. ընկերության Airbus Α320 օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շուրջ 60 ուղևորի տեղափոխեց Ստամբուլի ամենամեծ, նորակառույց Ստամբուլ օդանավակայան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին թռիչքը լուսաբանելու էին եկել թուրքական բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Օդանավակայանում Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Հարգելի բարեկամներ, սիրելի գործընկերներ, ուրախ եմ ողջունելու բոլորիդ և շնորհակալ եմ մեր չվերթի հանդեպ ձեր ուշադրության ու ձեր աշխատանքի համար։ Մեր ընկերությունն իրականացրեց Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով առաջին չվերթը, որը կապեց մեր երկու հնամենի քաղաքները։ Այս պահին Ստամբուլում մեր օդանավ բարձրացած ուղևորները կմեկնեն Երևան։ Մենք կարևորում ենք Երևանի և Ստամբուլի միջև փոխադարձ օդային հաղորդակցության վերականգնումը և այս առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ավիացիոն իշխանություններին, ինչպես նաև մեր ուղևորներին վստահության համար։ Առիթից օգտվելով՝ ողջունում ենք նաև Pegasus ավիաընկերությանը, որն այսօր, Ստամբուլի մեկ այլ օդանավակայանից իրացնելու է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները։ Մենք ներկայացնում ենք ավիաընկերություն և չենք հնչեցնելու գնահատականներ քաղաքականության մասին։ Դա մեր առաքելությունը չէ։ Մեր առաքելությունն այլ է` որակյաl, մատչելի ու անվտանգ ավիացիոն ծառայությունների տրամադրում, ինչի արդյունքում իրար են կապվում մարդիկ ու քաղաքները, աշխուժանում են տնտեսական ու գործարար կապերը, զբոսաշրջությունն ու փոխադարձ այցելությունները, և մենք անելու ենք հնարավորը այն հավուր պատշաճի իրականացնելու համար։ Կարևորում ենք այս չվերթների մեկնարկը, ելնելով նաև այն հանգամանքից, որ դրանք կսերտացնեն նաև հայկական համայնքի կապը մայր հայրենիքի հետ։ Ես վստահ եմ, որ այս առումով, մեր չվերթները լինելու են հաջողված։ Կարծում եմ, ձեզնից շատերը ցանկանում են հասնակալ, թե տարբեր հարցերի շուրջ ինչպե՞ս են մտածում մեր երկրում։ Իմ համոզմամբ՝ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել այցելելով Հայաստան, և մեզ համար կրկնակի ուրախալի կլինի, եթե Հայաստան այցելելիս օգտվեք մեր ավիաընկերության ծառայությունից»,- նշեց Անանյանը։

Փետրվարի 3-ին Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի գլխավորությամբ ընկերության անդամները կհանդիպեն Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի և Պոլսո հայոց համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։