Կատակ բան չէ՝ 95-ամյա այդ կինը, որը բոլոր նախորդներից ավելի երկար է նստած գահին, անցած կիրակի նշեց իր գահակալության պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը։
Ոմանք պնդում են՝ տոնելու առիթ չկա. հենց նրա օրոք քանդվեց Բրիտանական հզոր կայսրությունը։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ բայց չէ՞ որ մի քանի կայսրություն է քանդվել այդ ընթացքում, ընդ որում, դրանց փլուզումը, ինչպես օրինակ Հարավսլավիայում, ուղեկցվել է պատերազմներով ու ավերածություններով։ Եվ ընդհանրապես, ի՞նչ կարող էր անել Եղիսաբեթ երկրորդն այն դեպքում, երբ նրա կարգավիճակը բոլորովին չի տարբերվում Հայաստանի նախագահի կարգավիճակից։
Այնուամենայնիվ, երևի չարժե խորանալ, թե չէ տարբերություններն ակնհայտ կդառնան։ Ընդամենը մեկ-երկու օրինակ։ Համաձայնե՛ք, շատ դժվար, գրեթե անհնար է պատկերացնել, որ թագուհին երբևէ կապեր ունենա որևէ քաղաքական ուժի հետ։ Ու թեև Հայաստանի Սահմանադրությունն էլ ամրագրում է, որ նախագահը պետք է անկուսակցական լինի, պարզվում է, որ մինչև ամենավերջերս նա երկար տարիներ հայտնի կուսակցության անդամ է եղել։ Բայց լավ, եթե համոզված եք, որ միանգամայն նորմալ է, երբ մարդ մի գիշերում հրաժարվում է տարիներ շարունակ իր դավանած քաղաքական գաղափարներից հանուն շատ որոշակի պաշտոնի, չեմ վիճի, ինչպես չեմ վիճի նաև առաջին նախագահի հետ, որը նման մարդկանց վարքագծին շատ կոնկրետ ու դիպուկ բնորոշում է տվել։
Մեկ այլ տարբերություն։ Դժվար թե որևէ մեկը կասկածի, որ նոր նախագահը, որի թեկնածությունն առաջարկել է իշխող ուժը, երբևէ լուրջ տարաձայնություն կարող է ունենալ այդ ուժի հետ՝ մանավանդ այն բանից հետո, երբ վարչապետը միանշանակ կարծիք է հայտնել. նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության, Ազգային ժողովի մեծամասնության հետ, և իշխանական բուրգի ներսում հակադիր շարժումներ չպետք է լինեն։
Մինչդեռ հայտնի է, որ Եղիսաբեթ երկրորդը շատ լուրջ տարաձայնություններ է ունեցել առնվազն մեկ վարչապետի՝ Մարգարետ Թետչերի հետ։ Այդ մասին ժամանակին գրել են բրիտանական բազմաթիվ թերթեր` նշելով, որ թագուհին իր անհամաձայնությունը հրապարակավ չի արտահայտել, քանզի դա արգելված է օրենքով, սակայն անձնական զրույցներում հասկացրել է Երկաթե լեդիին, որ այնքան էլ չի հավանում նրա վարած քաղաքականությունը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am