Ճարպակալումը վատացնում է մարդու ճանաչողական կարողությունները. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ճարպակալումը վատացնում է մարդու ճանաչողական կարողությունները. հետազոտություն

Ճարպակալումը վատացնում է մարդու ճանաչողական կարողությունները։ Այսպիսի եզրահանգման են եկել կանադացի գիտնականները նոր հետազոտության ընթացքում։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, ընդունված է համարել, որ մարդն ավելորդ քաշ ունի, եթե մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) 25 կգ/մ2-ից ավելի է։ Ճարպակալում է համարվում, երբ ՄԶԻ-ին 30 կգ/մ2-ից ավելի է։

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, հենաշարժողական համակարգի խախտումների, ինչպես նաեւ որոշ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հիմնական գործոններից են։ Որքան բարձր է ՄԶԻ-ն, այնքան ավելի բարձր է այդ հիվանդությունների առաջացման վտանգը։

Կանադացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպային նստվածքների ավելացումը բացասաբար է ազդում նաեւ մարդու ճանաչողական կարողությունների, հատկապես տեղեկատվության մշակման արագության  վրա։

Գիտնականները գնահատել են ճարպի քանակությունը հետազոտության 9166 մասնակցի օրգանիզմում։ 6733 մարդ անցել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ օրգանները շրջապատող աբդոմինալ ճարպի չափման համար։ ՄՌՏ-ի ընթացքում, միաժամանակ, ուսումնասիրվել են ուղեղի հատվածները, որտեղ արյան հոսքը նվազել է։ Ճարպակալման եւ գլխուղեղի աշխատանքի միջեւ կապի ուսումնասիրությանը մասնակցել են 30-75 տարեկան մարդիկ, նրանց 56 տոկոսից մի փոքր ավելին կանայք էին։

Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ օրգանիզմում ավելորդ ճարպի առաջացումը կանխելու կամ փոքրացնելու ռազմավարությունները կարող են պահպանել ճանաչողական գործառույթները։

Բացի այդ, ճարպային նստվածքների եւ ավելի ցածր ճանաչողական ցուցանիշների միջեւ կապը պահպանվել է անգամ այն ժամանակ, երբ փորձագետները ուշադրություն են դարձրել վտանգի սիրտ-անոթային գործոնների (օրինակ՝ դիաբետ կամ բարձր ճնշում) կամ գլխուղեղի անոթային ախտահարումների վրա։

ճանաչողական գործառույթը գնահատել են 0-133 բալ միջակայքով DSST թեստի օգնությամբ, ընդ որում՝ ավելի ցածր բալերը մատնանշել եմ ավելի ցածր ճանաչողական գործառույթի մասին, ինչպես նաեւ Մոնրեալի ճանաչողական թեստի օգնությամբ՝ 0-30 բալ միջակայքով, որտեղ ≥26 բալը նշանակում է նորմալ ճանաչողական գործառույթ։ ճանաչողական գործառույթների նվազումը սահմանվում էր որպես DSST սանդղակով գնահատական՝ միջին նշանակությունից ոչ պակաս, քան 1 ստանդարտ շեղումով։

DSST-ն, որը հայտնի է նաեւ որպես թվերով խորհրդանշանների փոխարինման թեստ, բանականության ստուգման մեթոդիկաներից մեկն է։ Այն նեյրոհոգեբանական թեստ է, որը կոչված է պարզելու գլխուղեղի ախտահարումները, տկարամտությունը եւ դեպրեսիան։ Այն բաղկացած է թիվ-խորհրդանշանների զույգերից (օրինակ՝ 1/-, 2/┴ … 7/Λ, 8/X, 9/=), որոնց հաջորդում է թվերի ցուցակը։ Յուրաքանչյուր թվի տակ փորձի ենթարկվողը պետք է որքան հնարավոր է արագ գրի համապատասխան խորհրդանշանը։ Որպես կանոն, թեստին հատկացվում է 90-120 վայրկյան։

news.am