Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic տիեզերական ընկերությունը չորեքշաբթի՝ փետրվարի 16-ից, սկսել է դեպի տիեզերք թռիչքների տոմսերի վաճառքը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Զբոսաշրջիկներին տիեզերք ուղարկելը նախատեսվում է այս տարվա վերջին։ Առաջին փուլում նրանք մտադիր են տիեզերք ուղարկել հազար մարդու։
Թռիչքների մեկնարկը կտրվի Ամերիկայի Նյու Մեքսիկո նահանգի տիեզերակայանից: Մինչ այդ զբոսաշրջիկները հատուկ դասընթացներ կանցնեն։ Թռիչքի ծրագրի համաձայն՝ ճանապարհորդությունը կտևի 90 րոպե։
Ինչպես նշվում է, տոմսի արժեքը 450 հազար դոլար է՝ ներառյալ 150 հազար ավանդը։ Այսպիսով, ընկերությունը միայն տոմսերի վաճառքից կկարողանա վաստակել մինչև 450 մլն դոլար։
Պատրաստեց Անի Գաբուզյանը