Կիրիլ Գրեբնևը ուսուցիչ է, գլուխկոտրուկների հեղինակ, որոնք արտադրվում են Ռուսաստանում, Ճապոնիայում, Կանադայում և այլ երկրներում: Նրա գաղափարը խաղալով սովորելու հնարավորություն տալն է։ Նա ուզում է ՀՀ-ում կրթական հանգստավայր բացել, որտեղ երեխաներն ու մեծերը չեն ձանձրանա։
Ֆինանսիստների ու ծրագրավորողների հետ միասին Մոսկվայից Երևան է եկել նաև Կիրիլ Գրեբնևը, որն աշխատում է որպես… հրաշագործ (ճիշտ ինչպես Մարկ Բերնեսի երգում)։ Եթե ձեր բախտը բերի և հանդիպեք նրան Երևանում, և նա բացի իր գլուխկոտրուկների ուսապարկը, հրաշք տեղի կունենա. ձեզ նորից կսկսի հետաքրքրել, թե ինչպես է աշխարհը կառուցված (ոչ թե միայն այն, թե ինչ են «լայքում» սոցցանցերում, կամ թե երբ եք վերջապես արձակուրդ գնալու)։
Կիրիլը տեխնոլոգիա (այսպես կոչված` աշխատանքի ուսուցում) է դասավանդել Մոսկվայի դպրոցներից մեկում, բացի այդ արդեն մի քանի տարի է, ինչ պարզ և բարդ գլուխկոտրուկներ է հորինում երեխաների ու մեծերի համար։ Նա այդպիսի մոտ երեք տասնյակ գլուխկոտրուկ է ստեղծել, ընդ որում` դրանցից մի քանիսը լիցենզիայով թողարկում են ճապոնական և կանադական ընկերությունները։
Սովորեցնել առանց դասագրքերի
Այդպես է, բայց ոչ ամբողջովին։ Կիրիլն ավարտել է Մենդելեևի համալսարանը, զուգահեռ որպես ազատ ունկնդիր դասախոսությունների է գնացել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում։
Բայց փոքր ժամանակ նա երկուսներով էր սովորում, իսկ ինչ-որ պահի` դեռ դպրոցական տարիներին, որոշել էր տղամարդու վարսահարդար դառնալ (պարզապես դա ավելի հետաքրքիր էր թվում, քան թեորեմներն ու հոլովները)։ Մենդելեևի համալսարան ընդունվեց, բայց սկզբում թողեց այն, մի քանի տարի անց նորից ընդունվեց, լավ առաջադիմությամբ ավարտեց, զուգահեռ կրոնագիտության դասընթաց լսեց ՌՊՀՀ–ում, իսկ հետո` մեքենայական ուսուցման դասընթաց տեխնիկական բուհերից մեկում։
«Եթե մարդն ինչ-որ պահի ինքնուրույն գիտակցում է, որ ուսումն այն է, ինչ իրեն պետք է, այդ դեպքում նա պատրաստ է հաճույքով կրծել թե՛ գիտության գրանիտը, թե՛ ինչ ուզեք։ Այն դպրոցում, որտեղ ես դասավանդում էի, արտադասարանական պարապմունքներ կային։ Այնտեղ դեռ կրտսեր դպրոցի երեխաները սկսում են պարզ ինժեներական խնդիրներ լուծել։ Եվ այդտեղ նրանք տեսնում են, որ մաթեմատիկան պարզապես գրատախտակի վրայի թվերը չեն, այն միայն խանութում մանրը հաշվելու համար չէ։ Ու սկսում են մտածել. «Իսկ ինչպե՞ս է այս ամենն աշխատում»։ Ես էլ ժամանակին սկսեցի այդպես մտածել, ուղղակի արդեն մեծ էի»,–պատմում է Կիրիլը։
Մի անգամ էլ` ուսումնառության տարիներին, նա սկսում է հետաքրքրվել գլուխկոտրուկների սկզբունքով։ Մեկ ամիս գլուխկոտրուկ է լուծում, երկու, երեք, իսկ կես տարի անց նկատում է, որ սկսել է աշխարհին այլ կերպ նայել։ Եվ ցանկացած ակնհայտ անելանելի վիճակում զգում է, որ լուծում կա, ընդ որում` անսպասելիորեն պարզ լուծում։
«Իհարկե, ես պատրաստի ապացույց չունեմ, որ յուրաքանչյուր իրավիճակի համար նման լուծում կա։ Բայց չէ՞ որ հակառակն էլ ոչ ոք չի ապացուցել։ Իսկ մարդիկ առավել հակված են երկրորդին հավատալ, քան առաջինին»,–ժպտում է Կիրիլը։
Մի շարք գլուխկոտրուկների համար կարելի է լուծման անհնարինության ապացույցներ գտնել, որոնք միանգամայն ճշգրիտ տեսք կունենան։ Բայց կան գլուխկոտրուկներ` «շրխկ» և լուծված է։
«Սկեպտիկները միշտ ճիշտ են պատկերացնում խնդիրը, իսկ բացահայտումը գալիս է, երբ դուրս ենք գալիս այդ պատկերացումների շրջանակից։ Այդպես էլ ծնվում են գյուտերը»,– ասում է Կիրիլը։
Հինգ տարեկան երեխայի համար գլուխկոտրուկ է. փայտե պարսատիկ է` պարանով, որին օղակ է կապված։ Մեջտեղում` պարանի վրա, ևս մեկ օղակ կա, որը պետք է հանել։ Ինչպե՞ս։ Վերևում պարսատիկն է, ներքևում` ուրիշ օղակ։… երբ նա տեսնում է, որ կարելի է պարսատիկը թեքել և օղակը փայտի ծայրով դուրս բերել, դա նրա համար սեփական հայտնագործությունն է. պետք է որ անհնար լիներ`ըստ բոլոր կանոնների, բայց այնուամենայնիվ ստացվեց։
Իսկ եթե պարզ չի` ինչպես լուծվեց, ապա հարցրեք. «Դե պատմիր, ինչպե՞ս արեցիր»։ Այդ ժամանակ նա ինքն էլ սկսում է մտածել. «Իսկ ի՞նչ ձևերով էի փորձում, իրոք»։ Այսպես էլ ձևավորվում է մտածողության հստակությունը, որը շատ հաճախ պակասում է անգամ մեծերին։
Ուրեմն` սովորե՞լ, թե՞ խաղալ
Երբ Կիրիլը սկսեց դպրոցում դասավանդել, որոշեց փորձել սովորեցնել խաղի միջոցով։ Օրինակ` մի քանի խորանարդիկ էր դնում ուղղահայաց, մի քանիսն էլ` հորիզոնական և հարցնում, թե որ մասում է դրանք ավելի հեշտ տեղաշարժել։ Այսկերպ արդեն կրտսեր դասարաններում երեխային կարելի է ցույց տալ, թե ինչ է ծանրության կենտրոնը (որքան այն բարձր է, այնքան դժվար է հրելը), ուժի կիրառման կետը (ինչո՞ւ երբ ուղիղ ես հրում, խորանարդիկներն ավելի հեռու են գնում, քան եթե վերևից ներքև ես հրում), շփման ուժը։
Վերադառնալով գլուխկոտրուկներին. դրանցից շատերը հասնում են մինչև մաթեմատիկայի բարդ ոլորտներ։ Քուղերով գլուխկոտրուկները կապված են հանգույցների տեսության հետ, ռուբիկ–կուբիկը կամ «15 խաղը»` կոմբինատորիկայի, գրաֆների և խմբերի տեսության հետ։