Արդյո՞ք հնարավոր է ստանալ ամեն ինչի մասին օբյեկտիվ տեղեկատվություն։ Օբյեկտիվ, ճշգրիտ, օպերատիվ, և այս ամենը մեկ փաթեթում։ Ասում են, Էսքիլեսը ժամանակին ասել է, որ պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է։ Քանի որ մենք հիմա ապրում ենք չդադարող հիբրիդային պատերազմի ժամանակ, ստացվում է, որ ճշմարտությունը ոչ միայն առաջին, այլ մշտական զոհն է։
Պատերազմները, համաճարակը, նորից պատերազմները, հետո քաղաքական քաոսը, հետո կրկին պատերազմները․ այս ամենը հանգեցրին ավելի ու ավելի սուր ընկալման, որ տեղեկատվությունը զենք է։ Առնվազն, պաշտպանողական։ Որ օբյեկտիվ, ճշգրիտ տեղեկատվությունը հաճախ կարող է որպես պատվաստանյութ գործել բազմաթիվ հասարակական չարիքների դեմ։ Եվ հակառակն էլ է ճիշտ․ այն կարող է դառնալ հարձակողական զենք և ունենալ կործանիչ հետևանքներ։
Եկեք համաձայնենք, որ մինչև ապրիլյան պատերազմը Հայաստանում շատ քչերն էին լուրջ ընդունում տեղեկատվական պատերազմը որպես լուրջ վտանգ։ Նույն 2016 թվականին ԱՄՆ-ում նորընտիր նախագահ Թրամփը ասպարեզ նետեց ֆեյքի գաղափարը, որն արդեն տարբեր տեսքով սկսեց շրջանառվել ամենուր։
Իհարկե, Թրամփը չէր, որ հորինեց այդ բառը կամ գաղափարը։ Բայց նա ֆեյքը դարձրեց հանրային, քաղաքական երևույթի հիմք, մեղադրանք, պիտակ։ Ու հիմա արդեն հասարակ մի երևանյան կամ հրազդանյան բակում մի քաղաքացի մյուսին կարող է ֆեյք անվանել, և այս մեղադրանքի մեջ բազմաթիվ իմաստային շերտերը կընկալեն բակում բոլոր հավաքվածները։
Եվ ինչպես լրագրողն է մասնագիտություն, այնպես էլ տեղեկատվական պատերազմ վարելն է դարձել մասնագիտություն, դուրս եկել նեղ, հատուկ ծառայությւոնների նկուղներից, դարձել տարածված մի երևույթ։
Փաստեր ստուգողների ձայնը այլևս կորչում է ահռելի քանակի կեղծիքի մեջ։ Բայց ամենակարևորը կեղծիքը չէ, այլ այն, որ հանրային ընկալումն այնքան բևեռացված է, որ չի էլ պահանջում ստուգված փաստեր։
Իսկ ամենաողբալին այս ամենի մեջ մեր հայաստանյան հասարակության վիճակն է։ Մեզ նույնիսկ մեր մասին հասնում են չորս-հինգ ձեռքով անցած աղավաղված նորություններ։
Ու մեզ պարացնում են անհայտ անկյուններից դուրս պրծած տելեգրամյան ալիքների ադմինները։ Քանի որ մենք արդեն պոստմոդերնն ու post-truth-ը տրորելով անցել ենք, հայտնվել ենք բոլոր պոստերից այն կողմ։
Սամվել Մարտիրոսյան
Ամբողջությամբ՝ media.am