Սխալ պատրաստված ձվերը կարող են վաղ ծերացման պատճառներից մեկը լինել. մասնագետ
Advertisement 1000 x 90

Սխալ պատրաստված ձվերը կարող են վաղ ծերացման պատճառներից մեկը լինել. մասնագետ

Սխալ պատրաստված ձվերը կարող են վաղ ծերացման պատճառներից մեկը լինել։ Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան (Ռուսաստան)։

Telegram-ի իր ալիքում բժիշկը պատմել է, թե ինչպես ճիշտ ուտել ձուն՝ դրանց առավելագույն օգուտ քաղելու համար։

Նրա կարծիքով՝ պատրաստման ամենավնասակար տարբերակը տապակած ձուն է, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ գլիկացիոն նյութեր, որոնց օգտագործումը վաղ ծերացում է հրահրում։

Ըստ մասնագետի՝ նախաճաշի ամենաառողջ տարբերակը թերխաշ կամ առանց կեղեւի եփած ձուն է։ Պատրաստման այս եղանակների դեպքում սպիտակուցը ավելի հեշտ է մարսվում, իսկ ամինաթթուներն ավելի քիչ են քայքայվում:

Բժիշկ Պավլովայի օգտակարության վարկանիշում հաջորդը պինդ խաշած ձուն է:

Մասնագետի խոսքով՝ ձուն պետք է լվանալ նախքան եփելը, որպեսզի կեղեւը մաքրվի սալմոնելայից եւ այլ բակտերիաներից։ Անցանկալի է նաեւ 2-ից ավելի ձու միաժամանակ ուտելը։ Մասնագետը դա բացատրել է մթերքի բարձր կալորիականությամբ, եւ ոչ թե խոլեստերինի բարձր պարունակությամբ․ դա առասպել է, որի պատճառով շատերը, ըստ նրա, հրաժարվում են ձվերից։

Իդեալական նախաճաշը, ըստ էնդոկրինոլոգի, ներառում է ձու, մի քիչ շիլա, մի կտոր հաց եւ բանջարեղեն։

«Նախաճաշին միայն ձու չի կարելի ուտել, դրանցում շատ սպիտակուցներ եւ ճարպեր կան, բայց դա բավարար չէ կշտանալու համար»,- ասել է փորձագետը։

med.news.am