«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մուտքն ազատ է
Advertisement 1000 x 90

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մուտքն ազատ է

«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար, 1000 դրամ ապօրինի գանձողներն այլևս չկան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

«Կային մարդիկ, ովքեր այդ հուշարձանի մոտ ապօրինի ձևով գումարներ էին վերցնում զբոսաշրջիկներից: Գրանցվել էին նույնիսկ քարերի գողության դեպքեր: Նման երևույթներից խուսափելու համար հուշարձանի պահպանության ծրագիր է մշակվել: Ըստ դրա` պահպանությունն իրականացվելու է «Խոսրովի պետական արգելոց»-ի և Գառնիի համայնքի համատեղ ջանքերով: Պահպանությունը համատեղ կիրականացվի, կլինեն տեսուչներ, ովքեր կվերահսկեն: Այսօր հուշարձանի մուտքն ազատ է, 1000 դրամ վերցնող պապիկը չկա: Ընդհանրապես, դրամի գանձման երևույթ գոյություն չունի»,-ասաց Արամ Աղասյա նը:

Նրա տեղեկացմամբ, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախատեսված է Գառնի համայնքում իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ` բարելավելով ենթակառուցվածքները:

Կովկասի բնության հիմնադրամը ներկայում իրականացնում է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի անձնագրավորում: Դա ենթադրում է սահմանների նկարագրություն, քարտեզագրման աշխատանքներ: