Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ մոտ յոթ ժամ քունն իդեալական գիշերային հանգիստ է միջին տարիքի եւ տարեց մարդկանց համար, իսկ անբավարար կամ ավելորդ քունը կապված է ուշադրություն դարձնելու, նոր բաներ սովորելու, խնդիրներ լուծելու եւ որոշումներ կայացնելու ունակության նվազման հետ, փոխանցում է CNN-ը։
Բացի այդ, պարզվել է, որ յոթ ժամ քունն ուղղակիորեն կապված է մտավոր առողջության բարելավման հետ. նրանք, ովքեր ավելի երկար կամ պակաս են քնել, ավելի շատ են անհանգստության եւ դեպրեսիայի ախտանիշներ ունեցել:
«Չնայած մենք չենք կարող միանշանակ պնդել, որ շատ քիչ կամ շատ քունը ճանաչողական խնդիրներ է առաջացնում, մեր երկարաժամկետ վերլուծությունը հաստատում է այդ գաղափարը»,- ասել է Չինաստանի Ֆուդանի համալսարանի պրոֆեսոր եւ հետազոտության հեղինակ Ցզյանֆեն Ֆենգը Nature Aging ամսագրում հրապարակված հոդվածում:
Չինաստանից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները վերլուծել են 38-ից 73 տարեկան գրեթե 500.000 մեծահասակների տվյալները, ովքեր մասնակցել են Միացյալ Թագավորության Բիոբանկում՝ երկարաժամկում, կառավարության կողմից աջակցվող առողջապահական հետազոտությանը: Մասնակիցներին հարցրել են իրենց քնի ռեժիմի, հոգեկան առողջության եւ ինքնազգացողության մասին, ինչպես նաեւ նրանք մասնակցել են մի շարք ճանաչողական թեստերի: Հետազոտության մոտ 40000 մասնակցի համար հասանելի էին ուղեղի պատկերները եւ գենետիկական տվյալները:
Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ տարեց մարդիկ, ովքեր զգալի դժվարություններ ունեն քնելու եւ գիշերվա ընթացքում հաճախակի արթնանալու հետ, ցանկացած պատճառով դեմենցիայի կամ վաղաժամ մահվան բարձր ռիսկ ունեն, իսկ գիշերը վեց ժամից պակաս քունը կապված է սրտանոթային հիվանդությունների հետ:
Ոչ բավարար քնի եւ ճանաչողական ունակությունների անկման միջեւ կապի պատճառներից մեկը կարող է խորը քնի խանգարումը լինել, երբ ուղեղը վերականգնում է օրգանիզմը ցերեկային հոգնածությունից եւ ամրացնում է հիշողությունները: Չափազանց քիչ քունը նաեւ կապված է ամիլոիդի կուտակման հետ՝ առանցքային սպիտակուցի, որը կարող է խճճվածություն առաջացնել ուղեղում, որը բնորոշ է դեմենցիայի որոշ ձեւերին: Հետազոտության մեջ նաեւ ասվում է, որ հնարավոր է, որ քնի տեւողությունն անորակ, ֆրագմենտար քնի արդյունք է:
Հեղինակները նշել են, որ ստացված արդյունքները ցույց են տալիս քնի ռեժիմի պահպանման կարեւորությունը, որն իդեալական տարբերակում պետք է լինի մոտ յոթ ժամ: