«Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ խոսում են հայերեն և լսում են հայկական երաժշտություն։ Դեռ մանկուց հայկական երաժշտության հանդեպ ունեցածս սերը տարիների ընթացքում բազմապատկվեց, և որպես այդ սիրո արտահայտում՝ որոշեցի հայերեն երգերի ձայնասկավառակ թողարկել»,- պոլսահայ երգչուհի Մարալ Այվազի հետ զրուցել ենք ոչ միայն հայկական երաժշտության հանդեպ իր սիրո, այլ նաև մանկության տարիների, հայ-թուրք հարաբերությունների, լեզուն, մշակույթը պահելու շուրջ:
– Մարալ, խնդրում եմ, պատմեք Ձեր ընտանիքի մասին: Ովքե՞ր են նախնիները:
– Իմ արմատները` հայրական կողմից չորս սերունդ, գալիս են Կ.Պոլսից, իսկ մորս հայրը` այսինքն՝ մեծ հայրիկս, Սեբաստիայի Բրգնիկ՝ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի գյուղից է։ Սեբաստացի մեծ հորս ընտանիքը Հայոց ցեղասպանությունը վերապրել է, ողջ են մնացել միմիայն ինքը և քույրը։ Հորս հայրը Պոլսի «Քուլի» պարբերաթերթի, որը հրատարակվել է 1946-1996 թվականներին, հիմնադիր, խմբագիր, թատերական գործիչ Յակոբ Այվազն է։ Մորս մեծ հայրն է արվեստագետ Գրիգոր Գունուշյանը, որը Պոլսի «Լուսավորիչ» ԴԴ երգչախմբի հիմնադիր (1929թ.) վարիչն է։
– Ինչպես հասկացա՝ ծնվել եք արվեստասեր ընտանիքում. դեպի երգարվեստ գնալու որոշումը Ձե՞րն է եղել, թե՞ հորդորել են գնալ այդ ճանապարհով:
– Ծնվել եմ երաժշտասեր, օրենքները հարգող, ավանդույթները կատարող հայախոս տան մեջ: Հայրս ու մայրս ունեին երաժշտական ականջ և քնքուշ ձայն։ Տան մեջ էին հաճախ երգում, զանազան լեզուներով երգեր էին լսում: Ես ծնողներիս և մեծերի ուշադրությունն արդեն գրավել էի, քանի որ մեկ տարեկանից սկսել եմ մեղեդիներ երգել, լսածս արտաբերել: Հայրս եկեղեցու երգչախմբում էր երգում: Փոքր տարիքից սկսած ես էլ նրա հետ եկեղեցի գնալով՝ Սուրբ Պատարագն էի լսում։ Հետո, երբ 8 տարեկան դարձա, մասնակցեցի Թաքսիմի Ս.Հարություն Եկեղեցու «Լուսավորիչ» ԴԴ երգչախմբի նոր կազմված մանկական բաժնի աշխատանքներին: Այնտեղ շարականներ երգեցի, Մակար Եկմալյանի «Սուրբ պատարագ»-ը սովորեցի։ Ապա սկսեցի հայկական ժողովրդական երգեր սովորել։ Ուսումս ևս ստացել եմ հայկական վարժարաններում։
– Որևէ խնդրի բախվե՞լ եք, երբ իմացել են, որ հայ եք:
– Ինքնությանս պատճառով մինչ օրս անձնապես որևէ կարևոր խնդիր չեմ ունեցել Թուրքիայում, քանի որ միշտ հայկական մթնոլորտում եմ եղել։ Նույնիսկ իմ աշխատած գրասենյակի գործատերը հայ էր։ Բայց, եթե այս իրավիճակը տարբեր լիներ, անպայման ողբերգակատակերգական հուշեր կունենայի ուրիշների նման։ Միայն թե «տնից դուրս հայերեն չխոսես» մորս ասածը իմ ու տարեկիցներիս՝ իրենց ծնողների կողմից ասված խոսքերն էին, քանի որ իմ մանկության տարիներին երկիրը ճնշման տակ էր։
– Իսկ հիմա ի՞նչ վիճակ է, հայերը հայկական դպրոցնե՞րն են նախընտրում, թե՞…
– Այո։ Հայերը դեռ նախընտրում են հայկական վարժարանները, բայց, ցավոք, աշակերտների թիվը բավական նվազել է՝ իմ մանկության տարիների հետ համեմատած: Պատճառներից մեկը գաղթն է։ Հետո գալիս է ծնողների նախապատվության հարցը. Նրանք մտածում են, որ բարձրագույն ուսման համար տղաները պետք է անվանի թուրքական կամ օտար քոլեջներ հաճախեն:
– Բոլոր երկրներում կա նաև ձուլման հարցը. հայերն իրար հե՞տ են ամուսնանում, թե՞ թուրքերի, քրդերի կամ որևէ այլ ազգային փոքրամասնությունների հետ։ Եվ Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել:
– Մեծ հավանականությամբ, հայերն իրար հետ են ամուսնանում, բայց խառն ամուսնություններն էլ շատացել են: Ես բավական երիտասարդ` 21 տարեկանում եմ ամուսնացել, ամուսինս հայ է: Ունենք 13-ամյա որդի, ով հայկական դպրոց է հաճախում:
– Հայ երգը, լեզուն, մշակույթը պահելը, ներկայացնելը բարդ է ամենուր, իսկ Թուրքիայում, կարծում եմ՝ առավել ևս: Ի՞նչ խնդիրների եք բախվում այս ամենը պահելիս, ներկայացնելիս:
– Ոչ միայն՝ Թուրքիայում, օտար այլ երկրներում էլ հայերեն երգել, այդ ասպարեզում ոտքի կանգնել, կյանք վարելը բավական դժվար է, քանի որ լեզուն տարբեր է։ Բայց ինձ համար մեծ սեր է հայերեն երգելը։ Թուրքիայում կան ժողովուրդներ, որոնք շատ ավելի բախտավոր են իրենց լեզվով ունկնդիր և հանդիսատես գտնել: Զորօրինակ՝ քրդերը, զազաները, չերքեզները, լազերը և այլք։ Դժբախտաբար, մենք՝ պոլսահայերս, մի քիչ անտարբեր ենք մեր մշակութային անցուդարձի հանդեպ: Արվեստագետը, որ պետք է կատարելագործվի հայերենով, նախ իր ազգի աջակցությանն է սպասում: Նախ իր համայնքը պետք է քաջալերի իրեն։ Երբ այս կարևոր պայմանները բացակա կամ անբավարար են, արվեստագետը դժվարությունների առջև է կանգնում։ Իսկ մյուս կողմից՝ թուրքերը շատ դրական մոտեցում և բարի հետաքրքրություն ունեն հայ երգարվեստի հանդեպ։
– Հավատո՞ւմ եք, որ հնարավոր է հարաբերությունների կարգավորում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև: Ըստ Ձեզ, ո՞ր դեպքում սա կլինի:
– Մեծ պետությունները ներկայիս պայմաններում որոշում կամ պարտադրում են այս կամ այն երկրի խնդիրների լուծման վերաբերյալ այն, ինչ պետք է. մենք՝ աշխարհականներս, չենք որոշում: Վաղը կամ մյուս օրն այլ իրավիճակ կստեղծվի ու ամեն ինչ սկզբին կվերադառնա: 2020թ. շատ դաժան պատերազմի հետևանքով Հայաստանը հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցավ: Ցավը դեռ շատ նոր է ու վերքերը բաց են: Ամեն դեպքում ուզում եմ բարին մտածել: Կարծում եմ՝ երկու երկրների միջև հարաբերությունն ու դիվանագիտությունը արդեն ամեն տեսակետով ուշացած է, սակայն հուսամ, կատարվող քայլերն առանց որևէ պարտադրանքի դրական ելք կունենան:
– Ձեր կատարմամբ ո՞ր երգերն եք հաջողված համարում, կա՞ երգ, որը ցանկանում եք երգել, բայց ինչ-ինչ պատճառներով դեռևս չի ստացվում:
– Իմ ձայնասկավառակի ելքաերգը` Սուրեն Մուրադյանի խոսքերով, Գրիգոր Հախինյանի երաժշտությամբ գրված «Գուշակի Երգը», շատ սիրվեց բոլորի կողմից։ Ձայնասկավառակիս բոլոր երգերը հավանեցին: Բայց ուշագրավ դարձավ «Անվերջ Խավար» անունով երգը, որի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ ուդահար Արա Դինքջյանն է, խոսքերի հեղինակը՝ ես: Երգի հայերեն խոսքեր գրելով՝ երգեցի ու զետեղեցի ալբոմիս մեջ: Իսկ տարվա սկզբին հրապարակեցի վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի «Տրտունջք» բանաստեղծության հիման վրա ստեղծված երգը, որը աշխարհի չորս կողմից հայերի բարձր գնահատականին արժանացավ։ Առաջիկայում մի տեսահոլովակով երգ ևս պետք է հրապարակեմ, որի պատրաստությունները շարունակվում են:
– Հայաստան չորս անգամ եք այցելել: Վերջինը՝ 2021թվականին. Ի՞նչ փոփոխություններ եք նկատում ամեն անգամ գալուց: Ո՞ր վայրերն եք շատ սիրում:
– Առաջին այցելությունս 2014 թվականին էր։ Ամենատեսանելի փոփոխություններից էին նոր շենքերը, շարունակվող շինությունները։ Շատ եմ սիրում Երևանը, անբացատրելի երջանկություն եմ զգում փողոցներով քայլելիս։ Իսկ պատմական և տեսարժան հայտնի վայրերից յուրաքանչյուրն ինքնատիպ գեղեցկություն ունի, տարբեր զգացումներ է պատճառում:
Անի Կարապետյան