FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է Երևանից դեպի Լիոն և Փարիզ ուղիղ կանոնավոր չվերթերի իրականացումը՝ ամառային թռիչքային շրջանի ամբողջ ընթացքում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում FLYONE ARMENIA ավիաընկերությունը խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ թռիչքների երթուղու մի մասն անցնում է Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով և ավիաընկերությունը ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչքն իրականացնելու (owerflight) թույլատվությունը։
«Երևան- Ստամբուլ- Երևան չվերթերն իրականացվում են անխափան՝ շաբաթական երեք թռիչք հաճախականությամբ։ Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրի լուծման հարցում գործուն միջամտության համար։»,-նշեց Արամ Անանյանն՝ ավելացնելով, որ անելու են հնարավորը թռիչքների անխափան ընթացքն ապահովելու համար:
Ավելի վաղ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից վերսկսում է Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Երևան – Փարիզ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին: