«Կյանք ու կռիվ 2. եթե կարճ` առաջինն ավելի լավ էր»
Advertisement 1000 x 90

«Կյանք ու կռիվ 2. եթե կարճ` առաջինն ավելի լավ էր»

Այս օրերին շատ է խոսվում նոր ֆիլմի՝  «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» մասին:

Այդ ֆիլմի մասին իր Facebook-յան էջում խոսել է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը:

«Բնականաբար, ոչ թե հայոց բանակի, այլ հայոց կինեմատոգրաֆի մասին ցանկացած սիքվել ուզած թե չուզած համեմատվում է առաջին մասի հետ, մանավանդ, եթե հեղինակը (սցենարիստն ու ռեժիսորը) նույնն անձն է։ և այս դեպքում, երբ պատմությունների միջև կա այսքան մեծ գեղարվեստական և ոճային տարբերություն, հիշվում է մեկ բավականաչափ ուղիղ և ոչ խորամանկ վարկած, թե ինչու է այսօրվա տեղական կինոարտադրությունը նման ճահիճում, ինչու է այսպիսինը՝ իրականությունն է այդպիսինը։

Ինտելիգենտ ու նոստալգիկ առաջին ֆիլմից հետո երկրորդը բավականաչափ էկլեկտիկ է, ինձ համար որոշ տեղերում դրամատուրգիայի և կառուցվածքի առումով անհասկանալի։ կարծում եմ, պատճառը հնարավոր սուղ ժամկետներն են և ֆիլմերի հեռուստատարբերակի առկայությունը (որը դեռ էկրան չի բարձրացել)։

Նաև ես որերորդ անգամ համոզվում եմ ավագ սերնդի դերասանական կազմի միապաղաղության և ժամանակավրեպ լինելու մեջ։ հնարավոր պատասխան՝ չեն հասկանում ինչպես խաղան, որովհետև առհասարակ տեղյակ չեն, թե ինչպես է այսօր ապրում, հնչում ու արտահնչում համաշխարհային կինոն՝ իր բոլոր գեղարվեստական ատրիբուտներով։

Նաև լավ բաների մասին՝ Արծրուն Չոբանյանն ու Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Դիանա Մալենկոն (որին հյուսիս-հարավային թրեշից հետո գուցե և առաջին կադրերից չճանաչեն)՝ ահագին տպավորիչ ծանոթություն-բացահայտում հայկական հայկո-մկոյական մեյնսթրիմը պաշտողների համար. թարմ, խոստումնալից կինոդեմքեր, որոնց ֆոնին ավագ սերունդը դիտվում է ոչ համոզիչ։

Հայկական կինեմատոգրաֆի զարգացման համար լուրջ խնդիր է հանդիսանում կինոդահլիճում մարդ հաշվելը։ փաստորեն, դա միակ կրիտերիան է՝ հայկական կինովարձույթն իր եկամուտով։ դա կարող է կարևորագույն կետը լինել միայն այն դեպքում, եթե կինոն դիտարկվում է զուտ ապրանքի տեսանկյունից, իսկ լրագրողները նշում են, որ ֆիլմը լավն է, որովհետև 42-րդ րոպեին իրենք հիշել են իրենց հորեղբոր տղային և հուզվել։

Պետք է չտրվել սենտիմենտներին, պետք է հասկանալ, թե ինչն էր լավը, ստացվածը, արժեքավորը, պահել դա և զարգացնել։

Յուրաքանչյուր նոր հայկական ֆիլմից հետո ինձ մոտ մեծ ցանկություն է առաջանում մասշտաբային քննարկում ծավալելը, խորքային վերլուծելն, ու հատիկ-հատիկ ստացված և չստացված ասպեկտներն իրարից տարանջատել-բաժանելը։ բնականաբար, կինոլրագրողական տեմպն ու մի շարք այլ պատճառներ խոչընդոտ են հանդիսանում։

Եթե կարճ ամփոփեմ այս ռեվյուի ֆեյսբուքյան ինտրոն, ուրեմն այսպես՝ առաջին և երկրորդ ֆիլմերի երկխոսություններն ու քասթը՝ այն պառճառներն են, որոնց շնորհիվ ֆիլմերը հաղթում են։ հաղթում են ինձ համար (կինոքննադատ ընկերներիս մեջ միայն ես եմ դրական կարծիքի)։ և հաղթում են միայն մեր շուկայում։ գիտեմ, չկա և չկար նպատակ ֆիլմն արտերկիր ուղարկելու, սա այդ նախագիծը չէ, (տենց, բա մեկը չհարցնի՝ ե՞րբ ենք վերջապես սկսելու), բայց երբ ֆիլմի գլխավոր դերասաններից մեկը կրվում է իր ռուս կոլեգային, խամրում և կորչում նրա ֆոնին, կինոդահլիճում լուռ տխրում և մահանում է մի հայ նոնկոնֆորմիստ կինոքննադատ…»:

 



Նման նյութեր