Մենք սովոր ենք Կարեն Գյուլբուդաղյանին տեսնել տեխնոլոգիական կյանքի կիզակետում՝ համաժողովներ, ստարտափների առաջխաղացում և այլն: Հենց այս թեմաներով էլ պատրաստվում էինք զրուցել Կարենի հետ, բայց պարզվեց՝ սուրճի ընդմիջումը կարևոր ու առանձնահատուկ ծիսակարգ է մեր զրուցակցի համար:
Կարենը սուրճի մեծ սիրահար է: Նախկինում օրը շուրջ տասը բաժակ սուրճ է խմել, հիմա նախընտրում է քիչ խմել, բայց անպայման ընտրել բարձրորակը: Աշխատասենյակում էլ սուրճի բազմաթիվ տեսակներ ունի: Ասում է՝ ընկերությունն ու հաջող համագործակցությունը սկսվում են սուրճից:
Սուրճի լայն տեսականուց, նախ, ընտրեցինք որը համտեսել, ծանոթացանք դրա պատրաստման դետալներին՝ ընթացքում զրուցելով սուրճ խմելու ավանդույթներից և նորարարությունների վրա ունեցած ազդեցությունից, որը մեր զրուցակիցը նկատել է հենց Սիլիկոնյան հովտում աշխատելու տարիներին:
Սուրճի սեղանի շուրջ դեսից-դենից զրույցում սուրճը դարձավ մի առանձին թեմա: Չէ որ առօրյա թեմաներից մինչև բիզնես-քննարկումներն ու գործարքները կատարվում են սուրճի շուրջ: Ուրեմն սուրճի արտադրությունից, վաճառքից, պատրաստումից մինչև դրա սովորական սպառում մի ամբողջ բիզնես-մեխանիզմ է:
«Սկսել եմ սուրճ խմելու պրոցեսն ընկալել՝ որպես արարողակարգ՝ պատրաստումից մինչև ըմպում: Նույն սուրճը օրերի ընթացքում կարող է փոխել իր հոտահամային որակները: Դրանք կարող են փոխվել նաև, ասենք, պատրաստման եղանակից՝ բովման չափից, ջրի եռման աստիճանից, մատուցվող բաժակի նյութից և այլն», – սուրճի շուկայի ուսումնասիրման փորձով է կիսվում Գյուլբուդաղյանը:
Թվում է՝ հաջողակ ու կայացած գործարարի հետ կարելի է այլ՝ ավելի լուրջ թեմաներից խոսել, բայց գործարար աշխարհում սուրճն ու սրճախմությունն առանձնահատուկ նշանակություն ունեն:
«Սրճելիս կարելի է քննարկել բիզնես–գաղափարներ, շփվել հավանական ներդրողների հետ, ներդրումներ ներգրավվել, աճել, զարգանալ, կիսվել փորձառությամբ, նոր ընկերներ ու գործընկերներ ձեռք բերել: Աշխարհի առաջին վենչուրային գործարքը մոտ 4 դար առաջ եղել է հենց սուրճի շուրջ»:
Հենց այս նպատակով էլ օրերս Երևան կենտրոնում՝ Սարյան 1 հասցեում բացվելու է Ground Zero-ն: Այս մասին առայժմ այսքանը:
Կարեն Գյուլբուդաղյանը Strategic Value Ventures- ի հիմնադիրն է, Կալիֆոռնիայի համալսարանի, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, գլխավոր խորհրդական և ընտրող հանձնաժողովի անդամ է տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիաների գծով: Տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիաների գծով Berkeley SkyDeck-ով են անցել մի շարք հայկական ստարտափներ, որոնցից մի քանիսն այժմ կայացած խոշոր տեխնոլոգիական ընկերություններ են: Դրանց թվում են հայկական Krisp-ը, SuperAnnotate-ը և այլն: Աքսելերատորի հերթական շրջափուլում ներկայացված է հայ հիմնադիրներով 5 ստարտափ: Աքսելերատորի լավագույն 20-յակում այս անգամ 6-ը բիոթեք ուղղվածությունն ունեն: Այս տարի նոր չտեսնված հաջողություն է գրանցվել. լավագույններ ստարտափների 50 տոկոսը հայկական է:
«Սա շատ կարևոր ուղղություն է: Տարեցտարի փոխվում է հայկական ընկերությունների հետաքրքրությունների ու գործունեության շրջանակը՝ առավել ընդլայնվելով ու ավելի պրակտիկ դառնալով: Այսօրինակ նախագծերում բարձր տեխնոլոգիական ոլորտի հայ համայնքի ներկայացվածությունը շատ եմ կարևորում: Սա լուրջ փորձ ու մեծ հնարավորություններ ձեռք բերելու շանս է: Հայաստանում կրիտիկական զանգված ստեղծելու համար կարևոր է, որ դրսում սովորեն, բայց վերադառնան ՀՀ՝ սովորածն այստեղ ներդնելու: Այս էկոհամակարգով անցնելու պրոցեսը նմանեցնում եմ թունելի ու դրանից դուրս բացվող հորիզոնի: Սկզբում ունես լոկալիզացված գիտելիք, փորձ, հեռանկարներ, հետո այստեղ աճում ես ու դուրս գալիս թունելից՝ տեսնելով՝ որքան լայն, լուսավոր ու գունավոր է հորիզոնը»:
Գիտելիքը, փորձը, չդադարող աճը, արդյունավետ շփումները, հաղորդակցման հմտությունները, ներդրողների հետ կապը, այլ շուկաների ուսումնասիրությունը, սպառողին ճանաչելը…այս և այլ կոմպոնենտներից է կախված բիզնեսի հաջողությունը: Այսինքն, կարևոր է մեկնարկած կամ մեկնարկելիք գործի մեջ հնարավորինս խորանալը, ինչը հաճախ չենք անում, երբ բիզնեսին վերաբերվում ենք՝ որպես գործ, որն ամեն օր անում ենք:
«Դա սուրճ խմելու պես է: Ամեն օր խմում ես, բայց թե սուրճին, թե սրճախմությանը այլ դիտանկյունից կնայես ու բոլորովին այլ կերպ կընկալես, եթե մտածես, հասկանաս, ուսումնասիրես՝ ինչ ճանապարհորդություն է անում սուրճի հատիկը՝ իր թփից մինչև քո գավաթ»:
Գյուլբուդաղյանը ցանկանում է, որ բիզնեսի զարգացումն ու առաջխաղացումն իր բոլոր փուլերով կազմակերպվի Հայաստանում՝ գաղափարից, մինչև մեծ ներդրումներ, լայն շուկաներ ու արագ առաջխաղացում: Սա այն է, ինչին հասնել Կարենն օգնում է հայ և այլազգի ձեռնարկատերերին:
«Տարեցտարի աճ ենք գրանցում: Առաջին տարում աքսելերատորում հիմնականում վաղ փուլում գտնվող ստարտափներ էին, հիմա քանակական առավելությունն արդեն մեծ աշխատանքային թիմեր ունեցող ընկերություններինն է: Ուրախ եմ, որ շատերին ենք օգնել կայանալ, հավատալ սեփական ուժերին, հավատալ անհնարին: Երբ ես նոր էի սկսում գործունեությունս ու պատմում էի մարդկանց իմ նպատակների մասին, 10-ից 9-ը չէին հավատում, որ կարող եմ դրանք իրականացնել: Հավատալը շատ կարևոր է: Թող այլոք չհավատան ուժերիդ, բայց ինքդ քեզ պետք է հավատաս, այլապես ոչ մի հարցում չես հաջողի: Հաջողության հասնելու համար պետք է պատրաստ լինես փոխել մտածելակերպդ, ընդլայնել մտահորիզոնդ, մի խոսքով՝ պատրաստ լինես փոփոխությունների»:
Ամբողջությամբ՝ b24.am