Խորհուրդներ դիետոլոգ-էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանից
Ամառը փոփոխությունների շրջան է: Փոխվում են մեր առաջնահերթությունները՝ ի օգուտ հանգստյան, հետևաբար և՝ փոխվում է օրակարգը, որտեղ սկսում են գերակշռել ուղևորությունները և ամառային խնջույքները: Փոխվում է զգեստապահարանը՝ դառնալով հնարավորինս թեթև և լի բնական գործվածքներով: Եղանակին համընթաց փոխվում են նաև մեր օրգանիզմի պահանջները:
168.am-ը դիետոլոգ-էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանի հետ զրուցել է ամառային սննդակարգի շուրջ: Բժշկուհին հետաքրքիր խորհուրդներ է առանձնացրել, որոնք կօգնեն ամռանը պահպանել ուժերը և առողջությունը՝ կարգավորելով սննդակարգը:
Մթերքներ, որոնց օգտագործումը շոգ եղանակին խրախուսելի չէ
«Չկան այնպիսի մթերքներ, որոնք խստիվ արգելվում են։ Սակայն կան մթերքներ, որոնք ցանկալի է սահմանափակել շոգ եղանակին։ Քանի որ ամռանը, շոգ եղանակին մեծանում է ջրազրկման վտանգը, պետք է առաջին հերթին սահմանափակել այն մթերքները, որոնք նպաստում են դրան՝ ալկոհոլը, քաղցր գազավորված ըմպելիքները։ Ինչպես նաև պետք է սահմանափակել յուղոտ մթերքները, որոնք դժվարամարս են։ Կարևոր է հիշել նաև սննդամթերքների անվտանգության մասին՝ շուտ փչացող մթերքներն օգտագործել զգուշությամբ, հետևել պիտանելիության ժամկետին և բացառել արևի տակ վաճառվող սննդամթերքներից»:
Մթերքներ, որոնք շոգ եղանակին ցանկալի է ներառել սննդակարգում
«Շոգ եղանակին խորհուրդ է տրվում սննդակարգում ավելացնել բոլոր այն մթերքները, որոնք մեծ քանակությամբ հեղուկ են պարունակում՝ թարմ մրգեր և բանջարեղեններ, սառը ապուրներ, ակրոշկա և այլն»:
Սննդընդունման ռեժիմի կարևորության մասին
«Շատ կարևոր է շոգ եղանակին հետևել սննդընդունման ռեժիմին։ Շոգ եղանակով պայմանավորված, սովորաբար մինչև երեկոյան հիմնական սննդընդունում չի լինում, որը բերում է ուշ ժամի մեծ քանակությամբ անկառավարելի սննդի ընդունման։ Այս ամենից խուսափելու համար կարևոր է բաց չթողնել սննդընդունումները։ Խորհուրդ է տրվում օրվա մեջ 2-3 հիմնական սննդընդունում ունենալ և 1-2 միջուտեստ»:
Օրական 3 լիտր ջուր. մի՞ֆ, թե՞ իրականություն
«Շոգ եղանակին շատ կարևոր է շատացնել ընդունվող հեղուկի քանակը։ Խորհուրդ է տրվում խմել ավելի շատ սովորական ջուր, քան հեղուկը ստանալ այլ ըմպելիքներից՝ սուրճի, թեյի կամ հյութերի տեսքով։ Չկա ջրի հատուկ քանակություն, որը պարտադիր է խմել, հետևաբար՝ 3 լ պարտադիր քանակը միֆ է։ Բալանսը պահելու համար հետևում եք ծարավի զգացողությանը, ինչպես նաև ապահովում եք ջրի հասանելիությունը. միշտ պայուսակում կամ մեքենայում ունեցեք ջուր, երեխաների հետ պայուսակի մեջ դրեք ջուր, տանը սեղանին միշտ պետք է դրված լինի ջուր»:
Անի Գաբուզյան