«Ամռան մեկնարկին զուգահեռ՝ Հայաստանում զբոսաշրջային մեծ ակտիվություն է նկատվում՝ թե′ ներգնա և թե′ արտագնա տուրիզմի առումով»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը:
Խոսելով տուրիզմի ակտիվացման ներկայիս միտումների մասին՝ նա նշեց, որ առկա տեմպերը գոհացուցիչ են:
«Անսպասելի էր հատկապես ռուսական շուկայի այս աստիճան ակտիվությունը մեր ուղղությամբ՝ հասկանալի պատճառներով»,-իր խոսքում նշեց Յ. Սոլոմոնյանը:
Նրա խոսքով ակտիվացել է նաև եվրոպական ուղղությունների նկատմամբ հետաքրքրվածությունը՝ քովիդի հետ կապված սահմանափակումները հանելուց հետո, օրինակ, Իտալիա, Բելգիա, Հունաստան, Գերմանիա, Շբեյցարիա: Ավելացրեց նաև, որ մեր ամենասիրած ուղղությունը շարունակում է մնալ Վրաստանը:
Խոսելով 2022թ. արտագնա և ներգնա տուրիզմի թոփ 3 ուղղությունների մասին՝ նշեց.
«Արտագնա տուրիզմի թոփ 3 ուղղություններն են՝ Եգիպտոսը, Արաբական Էմիրությունները, մասնավորապես՝ Դուբայը, Վրաստանը: Հունաստան և Կիպրոս ուղղությունները նույնպես ակտիվ են: Ներգնա տուրիզմի թոփ 3 ուղղություններն են՝ Գառնի –Գեղարդ, Սևան–Դիլիջան, Նորավանք– Տաթև ուղղությունները»:
Նրա խոսքով՝ մեծ հետաքրքրվածություն կա նաև արշավային տուրիզմի ուղղությամբ
«Աշնանը նույնպես սպասում ենք հետաքրքիր տուրիստական ալիք»,- հավելեց նա: