«Մոլորակասպան». Արեգակի շողերի մեջ թաքնված աստերոիդը մի օր կարող է բախվել Երկրին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մոլորակասպան». Արեգակի շողերի մեջ թաքնված աստերոիդը մի օր կարող է բախվել Երկրին

Աստղագետները արևի լույսի տակ թաքնված հսկայական աստերոիդ են հայտնաբերել։ Այն ստացել է «մոլորակասպան» մականունը, քանի որ մոլորակի հետ նրա բախման հետևանքները կզգան մի քանի մայրցամաքներում: Եվ հնարավոր է, որ մի օր այն բախվի Երկրի հետ, տեղեկացնում է Space.com-ը։

1,5 կիլոմետր լայնությամբ աստերոիդը Երկրի համար պոտենցիալ վտանգավոր ամենամեծ աստղակերպն է, որը նկատվել է վերջին ութ տարիների ընթացքում։

Ինչո՞ւ է նման աստերոիդներ հայտնաբերելը դժվար

2022 AP7 անվանումը ստացած աստերոիդին այդքան երկար ժամանակ հաջողվել է խուսափել հայտնաբերվելուց, քանի որ այն պտտվում է Երկրի և Վեներայի միջև ընկած հատվածում: Այս տարածքում տիեզերական մարմիններ հայտնաբերելու համար աստղագետները պետք է իրենց դիտարկումներն անեն՝ նայելով արևի ուղղությամբ, իսկ դա շատ դժվար է արևի պայծառության պատճառով: Օրինակ՝ տիեզերական ժամանակակից աստղադիտակները, ինչպիսիք են James Webb-ը և Hubble-ը, երբեք չեն ուղղվում դեպի Արևը, քանի որ աստղի պայծառությունը կայրի դրանց զգայուն օպտիկան:

Հենց այդ պատճառով էլ աստղագետները միայն սահմանափակ պատկերացում ունեն այս տարածաշրջանում թաքնված աստերոիդների բնույթի մասին, և երբեմն կարող են անակնկալներ լինել: Օրինակ՝ 2013 թ․ շատ ավելի փոքր աստերոիդ՝ ընդամենը 66 ոտնաչափ լայնությամբ (20 մ), հանկարծակիորեն եկավ Արևի կողմից և պայթեց Ռուսաստանի հարավ-արևելքում գտնվող Չելյաբինսկ քաղաքի երկնքում՝ կոտրելով հազարավոր շենքերի ապակիներ:

«Արևի շողերի ուղղությամբ դիտարկումներ անելու դժվարության պատճառով առ այսօր հայտնաբերվել է ընդամենը մոտ 25 աստերոիդ, որոնց ուղեծրերն ամբողջությամբ համընկնում են Երկրի ուղեծրի հետ»,- ասել է Քարնեգիի գիտության ինստիտուտի Երկրի և մոլորակների  ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիայի աստղագետ Սքոթ Ս. Շեփարդը, որը նաև նոր հայտնագործությունը նկարագրող հոդվածի առաջատար հեղինակն է։

Արդյո՞ք շատ են այսպիսի անհայտ աստերոիդները

2022 AP7-ը Երկրին հարվածելու դեպքում ավելի շատ վնաս կհասցնի, քան Չելյաբինսկին հարվածած աստերոիդը։ Դրա հայտնաբերումը հնարավոր է դարձել շնորհիվ Չիլիի Սերրո Տոլոլոյի աստղադիտարանի գերզգայուն Dark Energy Camera տեսախցիկի (DEC), որը սկանավորում է երկինքը մթնշաղի ժամերին։ Հենց այս ժամերին է հնարավոր այս աստերոիդները ֆիքսել օրական երկու անգամ՝ 10 րոպե ժամանակահատվածով:

«Առայժմ մենք հայտնաբերել են ենք Երկրի մերձակայքում գտնվող երկու մեծ աստերոիդներ, որոնք ունեն մոտ 1 կիլոմետր (0,6 մղոն) լայնություն, սա այն չափն է, որի դեպքում աստերոիդներին անվանում ենք մոլորակասպաններ»,- ասել է Շեփարդը:

Քանի որ Արեգակնային համակարգի ներքին աստերոիդները շատ դժվար է հայտնաբերել, դրանք քիչ են ներկայացված Արեգակնային համակարգի ընդհանուր տիեզերական ապարների թվաքանակի մասին մոդելներում: Այնուամենայնիվ, Շեփարդը կարծում է, որ այս դժվար դիտարկվող տարածաշրջանում մնացել են ընդամեն մի քանի անհայտ «մոլորակասպաններ»: Ըստ նրա՝ լավ նորությունն այն է, որ այս անհայտ աստերոիդներից շատերը, հավանաբար, հետևում են ուղեծրերի, որոնք դրանց ապահով կերպով հեռու են պահում Երկրից:

«[Երկրի մերձակայքում] հավանաբար, մնացել է գտնել մի քանի աստերոիդներ, որոնք ունեն նմանատիպ չափեր, և չբացահայտված այդ մեծ աստերոիդները, հավանաբար, ունեն ուղեծրեր, որոնք դրանց հիմնականում պահում են Երկրի և Վեներայի ուղեծրերի ներսում»,- ասել է Շեփարդը:

news.am