Վերջին տարիներին կանանց շրջանում մեծ տարածում է գտել հոնքերը ձևափոխել տատուաժի միջոցով, իսկ թե որքանով է անվտանգ այդ պրոցեդուրան ու ինչպես կարելի է տատուն հեռացնել, Life.panorama.am-ը պարզել է տատու-արտիստ Նելլի Մովսիսյանից:
«Նախ ասեմ, որ տատուաժը առողջության տեսանկյունից ընդհանրապես վտանգավոր չէ, քանի որ օգտագործվող նյութերը բուսական հիմք ունեն, այլ հարց է, երբ տվյալ կոսմետոլոգը կամ տատու-արտիստը ինչ պրոֆեսիոնալությամբ է աշխատում: Տատուաժից մաշկի վրա կարող են շատ խորը հետքեր, սպիներ մնալ, եթե տվյալ մասնագետը չկարողանա նուրբ աշխատել: Երբ տատուն արվում է մաշկը փորելով, ապա նման դեպքում այդ հետքերն այլևս չեն անցնի մաշկի վրայից»,- նշեց մասնագետն ու շարունակեց.
«Հոնքերի դեպքում կատեգորիկ արգելվում է սև պիգմենտները: Հոնքերի տատուն պետք է արվի կամ շականակագույնի, կամ մոխրագույնի երանգներով, եթե օգտագործվի սև ներկ, ապա տատուից 7 օր հետո այն կվերածվի լեղակի կապույտի, որն ուղղակի սարսափելի տգեղ է ու առանց միջամտության չի մաքրվում: Եթե անգամ հաճախորդը սև հոնքեր է ուզում, մասնագետը պետք է իմանա, որ ամենամուգ՝ դեպի սևին մոտեցող երանգ ստանալու համար կարող ենք օգտագործել շականակագույնի կամ մոխրագույնի ամենամուգ երանգները: Բայց նորից շեշտեմ՝ անգամ այդ երանգների պարագայում կարևոր է ճիշտ կատարել աշխատանքը ու խոսափել խորը հետքերից, քանի որ այդ պարագայում ևս կարող են շականակագույնի կամ մոխրագույնի երանգները վերածվեն լեղակի կապույտի»:
Մասնագետի խոսքով՝ այն կանայք, ովքեր հոնքերը ձևափոխում են տատուաժի միջոցով, սակայն հետո արդյունքը նրանց չի գոհացնում ու ցանկանում են ազատվել դրանից, կան տարբերակներ.
«Լազերային միջամտությամբ հնարավոր է հոնքերից հեռացնել տատուն: Ընդ որում նշեմ, որ լազերային միջամտությամբ ամենահեշտը հենց լեղակի կապույտ երանգներն են դուրս գալիս մաշկի վրայից: Լազերային միջամտությունը դժվարությամբ է աշխատում, երբ շետավորված երանգներ կան, սակայն այդ դեպքում էլ մի քանի այցելությունից հետո կրկին հնարավոր է ազատվել անցանկալի տատուից»,- նշեց Նելլի Մովսիսյանը :
Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ որպես տատու-արտիստ, իր խորհուրդներն է տալիս հաճախորդներին, լինում են դեպքեր նաև, որ հրաժարվում է իր ծառայությունը մատուցել.
«Յուրաքանչյուր հաճախորդի ես անհատական մոտեցում եմ ցույց տալիս: Եթե հաճախորդը շատ փոքր ճակատ ունի, ուրեմն ես չեմ անի նրան հաստ ու երկար հոնքեր, որքան էլ նա պահանջի կամ դա նորաձև լինի: Եթե ես գտել եմ, որ տվյալ հաճախորդը ունի նորմալ հոնքեր ու տատուաժի է դիմում զուտ, որովհետև իր շրջապատի աղջիկներն էլ են տատու արել, ապա ես նրան ոչ մի դեպքում չեմ թողնի ձուլվել բոլորին: Ի վերջո, իմ աշխատանքները խոսում են իմ մասին՝ որպես տատու արտիստի. Ես երբեք չեմ փչացնի իմ աշխատանքները: Ի դեպ՝ վերջերս այս ոլորտ մուտք է գործել մազիկների նման տատուաժը, որը շատ բնական տեսք է հաղորդում հոնքերին»,- ավարտեց մասնագետը: