Արհեստական ինտելեկտի առաջընթացի մասին լուրերը երբեմն կարող են մի փոքր վախեցնել։ Ի վերջո, այժմ արհեստական ինտելեկտը կարող է հանձնել սերտիֆիկացման քննություններ, լիարժեք երկխոսություններ վարել մարդկանց հետ եւ, նույնիսկ, ավտոմատացնել մարքեթոլոգների աշխատանքը: Ի լրումն բոլորի, մեխանիզմը ակտիվորեն զարգանում է ստեղծագործական ուղղությամբ։
Վերջին լայնածավալ DigiTec ցուցահանդեսում ներկայացվեցին նորաձեւության մեջ մասնագիտացած հայ նորարարների մշակումները։ Թե որքան շուտ դրանք կկարողանան համաշխարհային համբավ ձեռք բերել, դեռեւս պարզ չէ, սակայն NEWS.am STYLE-ն արդեն ավելի մոտիկից է դիտարկել դրանց գործառույթները։
What to wear AI
Անձնական ոճաբան-խորհրդատու, ով կօգնի ձեզ ցանկացած միջոցառման համար հանդերձանք ընտրել։ Հավելվածը ձեզ կօգնի գտնել հագուստ՝ ըստ ձեր կազմվածքի, ընտրել համապատասխան տարբերակները՝ առցանց խանութներում։ Ձեր չափսերը կարող եք ինքներդ գրանցել, կա նաեւ այլընտրանքային տարբերակ։ Օգտատերը լուսանկարվում է հատուկ պահանջների հիման վրա, իսկ մնացածն արդեն անում է հավելվածը։
DigiTec ցուցահանդեսի ժամանակ What to wear AI թիմը նույնիսկ կարողացավ վերստեղծել այցելուների 3D մոդելը։ Ապագայում ծրագրավորողները նախատեսում են հավելվածում ներդնել այս հնարավորությունը։
HopShop AI
Հոգնե՞լ եք անիմաստ առցանց գնումներից, երբ ցանկալի տարբերակը հասանելի չէ պահանջվող չափսով: Հայ նորարարների այս հավելվածը ձեր սրտով կլինի։ Այն աշխատում է տեսողական որոնման սկզբունքով։ Օգտագործողը ներբեռնում է ցանկալի իրի լուսանկարը, այնուհետեւ հավելվածն առաջարկում է մատչելի իրեր՝ անհատականացված շրջադարձով:
Համակարգն առաջարկում է լավագույն գինը ցանկալի ապրանքի համար, եւ դա արվում է վայրկյանների ընթացքում: Այս կերպ խնայում եք թե ժամանակ, թե նյարդեր։