Ասում է մոդելավորող Գայանե Սողոմոնյանը
Հինգերորդ դասարանում, ընկերուհու ծննդյան օրը շնորհավորելու գնալիս նա որոշեց փորփրել մայրիկի ճամպրուկը: Բայց ոչ թե նվեր գտնելու, այլ երեկոյան զգեստ կարելու նպատակով: Այդպես ճամպրուկի մեջ թաքցված կարմիր ու շատ թանկարժեք կտորը հինգերորդ դասարանցի աղջկա ձեռքին վերածվեց երեկոյան զգեստի: Ընկերուհու ծննդյան այդ «պատմական օրից» էլ սկսվեց Գայանեի` մոդելավորողի կարիերան: Նա այսօր արդեն ունի հաճախորդների այնպիսի բանակ, որ մայրիկի ճամպրուկի կտորներն այլևս չեն բավարարում:
– Առաջին անգամ պրետապորտեին մասնակցել եմ 2005թ. աշնանը: Իմ հավաքածուն կոչվում էր՝ «Պասաժ», որը նշանակում է՝ անցում. անցում լավից վատին, հնից նորին: Իսկ երկրորդ հավաքածուս կոչվում էր՝ «Միքս», որտեղ ես միքսել և ոգեշնչվել էի տարբեր ժողովուրդների մշակույթից, ֆոլկլորի փոքրիկ էլեմենտներից:
– Պրետապորտե նշանակում է՝ կրելի հագուստ: Արդյոք այն բոլոր հավաքածուները, որ ցուցադրվում են երևանյան պրետապորտեների ժամանակ, պոդիումից դուրս կրելի՞ են:
– Չեմ կարող ասել, թե բոլոր ներկայացված հավաքածուները միանշանակ կարելի է հագնել պոդիումից դուրս, բայց իմ հավաքածուների մասին վստահ կարող եմ ասել, որ նրանք բավականին հետաքրքիր կդիտվեն նաև պոդիումից դուրս: Ես արդեն 12 տարի է, ինչ նորաձևության ոլորտում եմ, եթե չհաշվեմ իմ ուսանողական տարիները: Սկզբում ընկերուհուս հետ տուն վարձեցինք, որտեղ տեղափոխեցինք մեր կարի մեքենաները, հետո այդ մեքենաներն ավելացան, քանի որ հաճախորդներն էլ շատացան: Այսօր ես ունեմ իմ մոդելավորման սրահը, որտեղ և ստեղծագործում եմ: Ինձ այդ հարցում շատ օգնեց պրետապորտեն: Այն հնարավորություն տվեց ինձ ներկայանալու, գնահատվելու: Այսօր աշխատում եմ նաև մեր երգչուհիների հետ, նրանց տեսահոլովակների համար զգեստներ եմ կարում: Բայց ես նախընտրում եմ համագործակցել ռեժիսորի հետ, հասկանալու համար, թե ինչ գույների ու գեղարվեստական լուծումների մեջ է լինելու տեսահոլովակն, ու ըստ այդ էլ որոշվում է զգեստի ոճն ու գույնը:
– Եթե «կաթը բերանին» նորաթուխ մի ռեժիսոր գալիս ու պահանջում է քեզնից մի զգեստ, որը ռեժիսորի «հանճարեղության» պատճառով տեսահոլովակում չի էլ երևալու ու կորցնելու է իր գեղեցկությունը, չե՞ս վախենում, որ կասեն. «Սա՞ է Գայանեի կարած շորը»:
– Կարծում եմ` բախտս բերել է այն առումով, որ նման ռեժիսորների հետ դեռ չեմ առնչվել: Բայց մեծ աշխարհ է… Նույն կերպ կարող են հարցնել` «Էս ա՞ Գայանեի կարած շորը», եթե ես միայն գումարի համար անընդհատ կարեմ ու կարեմ: Երբ ես դադարեմ իմ գործին վերաբերվել որպես արվեստի, ստեղծագործական աշխատանքի, այլ առօրեական լեզվով ասած` երբ սկսեմ «գռդոն անել», իմ անունն անմիջապես կընկնի:
– Հետաքրքիր է, իսկ հայերը տարբերո՞ւմ են մոդելավորողին` դերձակից:
– Պատահում է, իհարկե, երբ գալիս և ասում են, թե ինչ-ինչ ամսագրերում տեսել են որևէ մոդելավորողի զգեստ և ուզում են, որ կարեմ նույնը` փոքր-ինչ ձևափոխելով: Նման դեպքերում ես նրանց ասում եմ, որ սխալ հասցեով են դիմել: Ինձ չափազանց շատ է օգնել այդ հարցում պրետապորտեն, որը Հայաստանում կազմակերպում է «Հայաստանի նորաձևության հայկական խորհուրդը», ինչը դիզայներներին հնարավորություն է տալիս մասնակցելու, ներկայացնելու իրենց հավաքածուները:
– Իսկ ինչպե՞ս են ընտրվում պրետապորտեի մասնակիցները:
– Դիզայներները մասնակցության հայտեր են ներկայացնում: Դիզայները պետք է ունենա ամբողջական հավաքածու, որն իր մեջ կընդգրկի մինիմում 15 կտոր հագուստ: Հագուստներից յուրաքանչյուրը պետք է պահպանի հավաքածուի ոճային ընդհանուր գիծը: Բնականաբար, մոդելավորողները գումար են վճարում այդ միջոցառմանը մասնակցելու համար, քանի որ իրենց հնարավորություն են տալիս պրոֆեսիոնալ պոդիումի վրա ներկայացնել իրենց հավաքածուն, որի համար պրոֆեսիոնալ մոդելներ են հրավիրվում Մոսկվայի լավագույն մոդելային գործակալություններից: Ընդհանուր առմամբ՝ մեծ, հսկայական աշխատանք է կատարվում, որն, իհարկե, գումար է պահանջում: Այնպես որ, այն գումարը, որ մասնակցության համար վճարում են դիզայներները, շատ մեծ չէ, եթե համեմատենք այն հնարավորության հետ, որը տրվում է նրանց պրետապորտեի ժամանակ:
– Իսկ մեր մոդելներն ի՞նչ բանի են, որ Մոսկվայից են մոդելներ հրավիրվում:
– Մեր մոդելների մեծամասնությունը տառապում է ավելորդ ամբիցիաներով ու ցելյուլիտով: Իսկ դա տգեղացնում է ցանկացած հավաքածու: Դուք չեք պատկերացնում, թե ինչ խառնաշփոթ է տեղի ունենում կուլիսներից այն կողմ` հավաքածուի ներկայացման օրը: Պատկերացնո՞ւմ եք, այդ խառնաշփոթի մեջ՝ մեկ էլ պարզվում է, որ մոդելը չի ուզում կրել այս կամ այն հագուստը, սանրվածքը, դիմահարդարումը, որը նախատեսված է տվյալ հավաքածուի համար: Եվ միայն այն պատճառով, ինչ է թե՝ կարծում է, որ այն իրեն չի սազում: Իսկ այդպիսի մոտեցումը խոսում է միայն մեր մոդելների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին: Էլ չեմ խոսում ցելյուլիտի մասին, որը եթե առօրյա կյանքում չի նկատվում, ապա պոդիումի վրա սարսափելի տպավորություն է թողնում:
Բոլորիս հիացրել էին Մոսկվայից հրավիրված մոդելների թե արտաքին տվյալները, թե իրենց գործի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցումը: Եթե նույնիսկ պահանջվեր հավաքածուն ներկայացնելիս պոդիումի վրա այրվել, կարծում եմ, նրանք կայրվեին, քանի որ չափազանց պրոֆեսիոնալ են: Նրանք այն մոդելներն են, ովքեր ամեն օր հրավիրվում են աշխարհի տարբեր վայրերում ցուցադրությունների մասնակցելու: Իսկ մերոնք…
Մյուս կողմից, մերոնց էլ մեղադրել չի կարելի: Կարծում եմ՝ յուրաքանչյուր բնագավառում զարգանալու համար միայն սեփականը ճանաչելը շատ քիչ է: Հատկապես, երբ խոսքը նորաձևության մասին է: Նրանց պետք է հնարավորություն տալ լինել տարբեր երկրներում և սովորել:
– Այսօր հայուհիներից շատերն են փորձում տարբերվել իրենց ոճով, բայց արդյոք միայն զգեստի գույնի և ձևի մե՞ջ է թաքնված այդ ոճ ասվածը: Երբ խոսում ես տարբեր ոճերով հագնված աղջիկների հետ, պարզվում է, որ նրանք իրականում այդքան էլ տարբեր չեն:
– Ես սիրում եմ մարդկանց, որոնք կերպար են ստեղծում, որոնց կարելի է նկարել ու կերպար ստանալ: Եկեք կարևորություն չտանք մարդու հագուստին, բայց մարդու ինտելեկտը գրված է նրա դեմքին: Երբ մարդու ներաշխարհը հարուստ է լինում, դա արտահայտվում է և հագուստի, և օգտագործված կոսմետիկայի, և ամեն, ամեն ինչի մեջ: Ես չեմ սիրում, երբ աղջիկները կուրորեն հագնում են այն, ինչը նորաձև է համարվում, ես կերպար եմ սիրում: Շատ կուզեի, որ լիներ մի հաղորդում, որի շնորհիվ մարդիկ սովորեին ճիշտ, գրագետ հագնվել: Այսօր կարելի է տեսնել երեկոյան զգեստով, բարձրակրունկ կոշիկներով ասֆալտը մի կերպ «մագլցող» ուսանողուհիների: Նրանց ձեռքի պայուսակում հազիվ թե բջջային հեռախոս տեղավորվի, էլ չեմ խոսում գրքերի ու տետրերի մասին: Ախր ուսումնական հաստատությունը պոդիում չէ: Չեմ ասում, թե պետք է ճղճղված ջինսերով ու առանց սանրվելու վազել ինստիտուտ: Երբ տեսնում եմ, թե այդ խեղճ ուսանողուհիներն ինչպես են դասերից հետո ոտքերի ցավից ու մակիաժի առատությունից հոգնած տուն գնում, պարզապես մեղքս են գալիս: Ախր դա մազոխիզմ է նրանց կողմից. հինգ տարի իրենք իրենց տանջում են, իբրև թե` հանուն գեղեցկության: Հոգնած աչքերը ոչ մի աղջկա չի գեղեցկացնում, և շպարի հաստ շերտն այդ հոգնածությունը չի կարող թաքցնել:
– Գիտեմ, որ ցուցադրություններից մեկի ժամանակ բոլորին ցնցել ես քո ներկայացրած հարսի կերպարով:
– Հատուկ այդ ցուցադրության համար, հարսի զգեստ ներկայացնելու համար, ես գնացել եմ ծննդատուն` փնտրելու իմ պատկերացրած հղի կնոջը: Երբ նա բացեց ծննդատան դուռը, ես անմիջապես հասկացա, որ գտել եմ իմ կերպարին: Ես նրան առաջարկեցի լինել իմ մոդելը պրետապորտեի ժամանակ, և նա սիրով համաձայնեց: Առանց բարդույթների կին էր, ինչը նրան էլ ավելի հմայիչ էր դարձնում: Այդ կնոջ մեջ այնքան լույս ու մայրություն կար, բարություն էր ճառագում նրանից: Երբ ցուցադրության ժամանակ հերթը հասավ հարսի շորի ներկայացմանը, բոլորը ապշած էին ու հիացած, երբ գեղեցկուհի հարսիկ-մայրիկը պոդիում բարձրացավ և հմայեց բոլորին` իր մայրությամբ և նրբությամբ:
Հեքիաթներն ավարտվում են հարսանիքով, երևի թե այն պատճառով, որ հարսանիքից հետո հեքիաթն էլ է ավարտվում: Նորաձևության ցուցադրություններն էլ սովորաբար ավարտվում են հարսի շորի ցուցադրությամբ, սակայն Գայանեն ապացուցեց, որ հեքիաթը շարունակվում է նաև հարսանիքից հետո` իր համարձակ հղի հարսի շնորհիվ: Դե ինչ, թող հեքիաթը շարունակվի: Համենայնդեպս, «3 Միլիոնը» դրան դեմ չէ:
Քրիստինե Հակոբյան
«3 Միլիոն»