Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տրնդեզը, որի հետ կապված հանրության շրջանում շարունակվում են թյուր կարծիքներ հնչել՝ վերագրելով այն հեթանոսական տոնի:
Life.panorama.am-ը օրվա խորհրդի մանրամասների մասին զրուցել է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար՝ Կարապետ քահանա Կարապետյանի հետ:
«Տիառնընդառաջ բառերն արդեն իսկ նշանակում են Հիսուս Քրիստոսին ընդառաջ գնալ. սա պատմական փաստ է և արձանագրված է Նոր Կտակարանում, որտեղ նշվում է, որ 40-օրյա Հիսուսին ծնողները բերում են Երուսաղեմի տաճար և Սիմյոն անունով ծերունուն գրկում է երեխային, օրհնում է նրան ու ասում, որ սա լինելու է աշխարհի փրկիչը և ով հավատա մանուկ Հիսուսին, պիտի ունենա հավիտենական կյանք ու փրկություն: Այս պատմության հիման վրա Տերունական տոն հաստատվեց, իսկ Տերունական տոն հասկացությունը ինքնին նշանակում է Տիրոջը վերաբերող տոն: Ամեն տարի Քրիստոսի ծնունդից՝ հունվարի 6-ից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տիրառն ընդառաջի տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում ժամը 11:00-ին կատարվում է պատարագի արարողություն ու նաև Վեհափառ Հայրապետի հաստատծ օրենքի համաձայն՝ պատարագի ընթացքում կամ օրվա ընթացքում կատարվում է նորապսակ զույգերի օրհնության կարգ: Իսկ հունվարի 13-ի երեկոյան ժամը 17:00-ից սկսվում է Տիառն ընդառաջի նախատոնակը: Այսօր 17:00-ին եկեղեցիներում տեղի է ունենում ժամերգություն, անդաստանի տակ օրհնվում է աշխարհի չորս ծագերը. Սա շատ հետաքրքիր ու լուսավառ արարողություն է, որից հետո հոգևորականների գլխավորությամբ հավատացյալները շարժվում են եկեղեցու բակ, որտեղ կատարվում է ավանդական կրակավառություն և ցանկացողները թռչում են կրակի վրայով»,- մանրամասնեց Կարապետ քահանա Կարապետյանը՝ շեշտելով՝ այս տոնը կապ չունի հեթանոսական տոների հետ.
«Թյուր կարծիք է, թե Տրնդեզը հեթանոսկան տոն է: Եթե մենք թերթում ենք Նոր Կտակարանը, տեսնում ենք բազում հատվածներ, երբ Հիսուսն իրեն համեմատում է լույսի, կրակի, ջերմության հետ, նա արեգակն է արդարության: Քրիստոսը լույս է, սեր է, ջերմություն է, ու այն անձինք, ովքեր Տիառն ընդառաջ են գնում, այս լույսից օգտվում են՝ լուսավորվում է իրենց հոգին, միտքն ու սիրտը: Հեթանոսական ժամանակներում այդ կարգի մասին մենք անգամ մանրամասներ չգիտենք, քանի որ այդ մասին ոչ մի տեղեկություն չի հասել: Միաժամանակ, ժողովրդական սովորության համաձայն, այսօրվա կրակավառությունը ասես գարնան մունետիկը լինի, գարնան սկիզբ ազդարարի. Մեծերից շատ ենք լսում, որ կրակը վառելուց հետո եղանակը սկսում է տաքանալ»,- ավելացրեց քահանան:
Ի դեպ՝ այսօր ցանկացողները կարող են նաև իրենց տան բակում կրակավառություն կազմակերպել, այս առումով Կարապետ քահանա Կարապետյանը նշեց.
«Մարդիկ կարող են եկեղեցուց կրակ տանել իրենց տուն, վառել իրենց մոմի ճրագն ու տանը այդ նույն կրակով կրակավառություն կազմակերպել, և այդպիսով այդ խորհուրդը տեղափոխել իրենց ընտանիք ու իրենց օջախը լուսավորել: Այս պարագայում ուզում եմ շեշտել, որ եթե հունվարի 14-ին պատարագ է կազմակերպվում նաև նորապսակների համար, ապա հունվարի 13-ին կրակի վրայով թռչելը բացառապես բոլորի համար է: Սա ժողովրդական գեղեցիկ սովորություն է, որն ավելի շատ համամարդկային բնույթ ունի, քանի որ այս խորհուրդը եկել է դեռ Ադամից և Եվայից»: