Որպես լրագրող ես պետք է լինեմ այն վայրերում, որտեղ պատերազմ կա․ ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված լրագրող. tert.am
Advertisement 1000 x 90

Որպես լրագրող ես պետք է լինեմ այն վայրերում, որտեղ պատերազմ կա․ ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված լրագրող. tert.am

Ես, որպես լրագրող, պետք է լինեմ այն վայրերում, որտեղ պատերազմ կա, դա իմ մասնագիտական պարտականությունն է․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավան, ով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»  ապրիլյան պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում լինելու համար:

«Ինձ համար դա մի մեծ երկընտրանք էր, որովհետև իմ երկրում՝ Վրաստանում, նման օրենք ևս կա: Բայց որպես լրագրող, կարծում եմ, ես պարտավոր եմ լինել այնտեղ, որտեղ պատերազմ կա: Հանրությունն ինձնից տեղի ունեցողի իրական պատկերն է ուզում: Դա իմ աշխատանքն է, դա այն է, ինչ ես անում եմ»,- ասաց նա:

Նա պատմեց, որ Լեռնային Ղարաբաղում լինելու համար իր նախկին գործատուն՝ «TV IMEDI»-ին թույլտվություն վերցրել էր՝ հայկական և ադրբեջանական կողմից նկարահանումներ իրականացնելու համար: Ինչպես նաև՝ իրավիճակն օբյեկտիվ ցուցադրելու նկարահանող խումբ էր ուղարկել ղարաբաղաադրբեջանական սահմանի ադրբեջանական սահման: «Իմ գործատուն ադրբեջանական կողմից  թույլտվություն էր խնդրել զանգով, հետո եմ պարզել, որ փաստաթղթեր Ադրբեջան չի ուղարկել: Ինձ համար բարդ է հիմա ապացուցելը, որ ես նախապես թույլտվություն վերցրել եմ»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղում, որպես զբոսաշրջիկ չի եղել և այդ պատճառով է նրա համար զարմանալի, թե ինչու է հայտնվել «սև ցուցակում»:  Մատնանշեց, որ իր երկրում, որտեղ նույն օրենքը գործում է, բացառություններ արվում են: «Ես արեցի իմ աշխատանքային պարտականությունը՝ լուսաբանել եմ պատերազմ, կոնֆլիկտ»,- ասաց նա:

Գուրամ Ռոգավան պատմեց, որ նա օգնություն է խնդրել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, որ իրեն  օգնեն: «Նրանք ինձ ասել են, որ կանեն ամեն ինչ, որպեսզի ինձ ջնջեն «սև ցուցակից»,- ասաց նա:

Հարցին, եթե Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ լինի, ինքը կգնա լուսաբանելու, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ լրագրողը պետք է հանրությանը ներկայացնի իրական պատկերը, դա մեր աշխատանքն է: Մենք գնում ենք այնտեղ, որտեղ նորությունն է»։

Վրաց լրագրողի համար հիմա դժվար է հասկանալ, որ ինքը չի կարող լինել Ադրբեջանում: Նա գիտի նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի մասին․ «Խնդիր կլինի, եթե Բելառուսն ինձ հետ էլ նույն կերպ վարվի: Իմ աշխատանքի համար դա ամենամեծ խոչընդոտն է», – ասաց նա: