Ի՞նչ է սպասվում մարդկությանը ԱԲ-ի զարգացման պայմաններում․ գիտնականների կանխատեսումները
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է սպասվում մարդկությանը ԱԲ-ի զարգացման պայմաններում․ գիտնականների կանխատեսումները

AI Impacts ընկերությունը, որն ուսումնասիրում է արհեստական ​​բանականության (ԱԲ) օգտագործման երկարաժամկետ հետևանքները, ամփոփել է լայնածավալ հարցման արդյունքները, որին մասնակցել է մեքենայական ուսուցման շուրջ 3000 մասնագետ։ Նրանց խնդրել են նկարագրել սցենարներ, թե ինչպես կարող է փոխվել մարդկանց կյանքը նեյրոցանցերի ներդրման շնորհիվ: Հետազոտությունը հրապարակվել է ArXive գիտական ​​հրապարակումների կայքի Computers and Society (CAS) բաժնում:

Հարցվածների մեծամասնությունը վստահություն է հայտնել, որ ԱԲ-ի շնորհիվ ակնառու ձեռքբերումների ալիք կառաջանա գրականության, մաթեմատիկայի, երաժշտության, ճարտարապետության և տարբեր գիտությունների ոլորտներում։

Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 38%-ից մինչև 51%-ը նշել է, որ, իրենց կարծիքով, նեյրոցանցերի պատճառով մարդության վերանալու հավանականությունն առնվազն 10% է: Փորձագետների մոտ 60%-ը այս հնարավորությունը գնահատել է առնվազն 5%:

Խոսելով ԱԲ սպառնալիքների մասին՝ փորձագետները մատնանշել են ապատեղեկատվություն գեներացնելու և հանրային կարծիքի վրա ազդելու դրանց կարողությունը, ինչը հատկապես վտանգավոր է աճող բռնատիրական միտումների և ամբողջ աշխարհում ազատությունների սահմանափակման պարագայում։

Չնայած դրան, հետազոտության մասնակիցների 70%-ը շեշտը դնում է դրական սցենարների վրա՝ դրանք համարելով ավելի հավանական: Փորձագետների լավատեսությունը հիմնված է ԱԲ-ի աճող հնարավորությունների վրա:

Որոշ գիտնականներ կարծում են, որ մինչև 2047-ը 50% հավանականությամբ մեքենաները կունենան այնպիսի հնարավորություններ, որ կկարողանան կատարել բոլոր հնարավոր առաջադրանքները առանց մարդու միջամտության և կկարողանան դրանք կատարել ավելի լավ, քան մարդիկ և ավելի քիչ ծախսով: Երկու տարի առաջ հետազոտողները կարծում էին, որ դա տեղի չի ունենա մինչև 2060-ը:

tech.news.am