Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայի գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ տեսախաղերը կարող են զգալիորեն բարելավել շիզոֆրենիա ունեցող պացիենտների կոգնիտիվ ֆունկցիաները եւ հոգեկան առողջությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Translational Psychiatry (TransPsy) գիտական ամսագրում։
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ տեսախաղերի որոշ տեսակներ նպաստավոր ազդեցություն են ունենում ուղեղի կառուցվածքի եւ առողջ մարդկանց մտավոր պրոցեսների վրա։ Այդ առավելությունները ծագում են խաղի հետ մշտական եւ նպատակաուղղված փոխգործակցության պատճառով, որն ակտիվացնում է ուղեղի պարգեւատրման համակարգը եւ բարձրացնում նեյրոնային ճկունությունը (բարելավում է ուղեղի վերակառուցվելու կարողությունը՝ ձեւավորելով նոր նեյրոնային կապեր)։
Նոր հետազոտությանը մասնակցել են շիզոֆրենիա ունեցող 95 պացիենտ եւ 82 առողջ մարդ։ Կամավորներին բաժանել են երեք խմբի։ Առաջինը խաղում էր եռաչափ Super Mario 64, երկրորդը՝ երկչափ New Super Mario Bros, երրորդը պետք է կարդար էլեկտրոնային գրքեր։ Ակտիվության բոլոր տեսակները տեւել են օրական 30 րոպե ութ շաբաթվա ընթացքում։
Փորձից առաջ եւ հետո մասնակիցներն անցել են կոգնիտիվ եւ կլինիկական թեստեր, հետազոտվել է նրանց ուղեղը ՄՌՏ-ի օգնությամբ։
Տվյալների ուսումնասիրությունից հետո թիմը հայտնաբերել է, որ խաղի եռաչափ եւ երկչափ խմբերում նկատվել են զգալի բարելավումներ կայուն ուշադրության հարցում՝ վերահսկիչ խմբի համեմատ։
Բարելավումը կապված է եղել այն ցանցում ֆունկցիոնալ կապվածության ուժեղացման հետ, որը ներառում է հիպոկամպը եւ ճակատամերձ կեղեւը, ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հիշողության եւ կատարողական ֆունկցիաների հետ համապատասխանաբար։
Տեսախաղերի մասնակիցների մոտ նկատվել է նաեւ բացասական ախտանշանների նվազում, ինչպիսին են անգեդոնիան (զբաղմունքից գոհ մնալու ունակության կորուստ) եւ ամոտիվացիան (մոտիվացիայի բացակայություն կամ սովորական գործերով զբաղվելու ձգտում)։
Պացիենտները տեղեկացրել են ընդհանուր հոգեվիճակի բարելավման մասին։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տեսախաղերը կարող են արժեքավոր լրացուցիչ թերապեւտիկ մոտեցում լինել շիզոֆրենիա ունեցող մարդկանց համար, հատկապես նրանց, ովքեր արդիական մեթոդներով բուժման չեն տրվում։