«168.am-ը նորաձևության միտումների, շաբլոնների ու ոճի շուրջ զրուցել է դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ:
– Ֆաինա, ձեր Week.am նորաձևության բլոգն ո՞ւմ համար է նախատեսված, արդյոք նորաձևության գիտակների՞, թե՞ սկսնակների համար է:
– Week.am-ը բլոգ չէ, երևի թե ճիշտ կլինի ասել՝ նախագիծ է, որը ներկայացնում է աշխարհում, Հայաստանում նորաձևության ոլորտում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:
Իհարկե, լուսաբանում ենք նաև իվենթներ, ունենք տարբեր խորագրեր՝ առողջ սնունդ, ինտերիեր: Աշխատում ենք նաև լրագրողների հետ: Կարող ենք ասել՝ կայքը բոլորի համար է:
– Կուզենայի՝ անդրադառնաք ձեր Brunch-երին: Ինչպե՞ս ծագեց նման հավաքներ կազմակերպելու գաղափարը: Ի՞նչ սկզբունքով են ընտրվում ձեր հյուրերը, որոնք հիմնականում տարբեր ոլորտներում կայացած կանայք են:
– Brunch-երը ժամանց են, ինչ-որ թեմաների քննարկում: Դա նաև ուտեստների համտես է: Օրինակ՝ ես պլանավորում եմ կազմակերպել Բյութի-Բրանչ: Բրանչերը սովորաբար կազմակերպում եմ ամիսը երկու անգամ: Երևանում շատ վայրեր չկան, որտեղ կայացած կանայք, որոնք զբաղվում են բիզնեսով կամ ունեն հետաքրքիր հոբբիներ, կարող են հավաքվել, ծանոթանալ և իրար օգտակար լինել: Ես պարզապես ծանոթացնում եմ այդ կանանց: Այն կանայք, որոնց ես հրավիրում եմ, այնպիսիք չեն, որ ողջ օրն անցկացնում են գեղեցկության սրահներում կամ ֆիթնես կենտրոններում: Նրանք բոլորն ունեն իրենց ընտանիքը, բիզնեսը կամ հետաքրքրությունը: Միտք ծագեց՝ նրանց մեկտեղել մեկ վայրում, հենց այս հանդիպումների շնորհիվ նրանք հետագայում կարող են կապեր հաստատել միմյանց հետ ու զարգացնել իրենց բիզնեսը:
Մենք տարբեր թեմաներ ենք ընտրում, օրինակ՝ կազմակերպում ենք տուրեր «Մեգերյան կարպետ»: Նրանցից շատերն այնտեղ չեն եղել, չեն տեսել, չգիտեն կարպետների պատմությունը: Նրանք կարող են հետագայում իրենց հյուրերին տանել արդեն «Մեգերյան կարպետ» ու կազմակերպել նրանց ժամանցը:
– Ֆաինա, յուրաքանչյուր եղանակ նորաձության իր կանոններն է թելադրում: Ի՞նչ է թելադրում ձմեռը, և ինչպե՞ս է անհրաժեշտ հագնվել ցուրտ եղանակին: Կա՞ն արդյոք ինչ-որ հատուկ խորհուրդներ, որպեսզի և՛ տաք լինի, և՛ հարմարավետ:
– Այս ձմեռ շատ ակտուալ են բմբուլե տաք բաճկոնները, դրանք թե՛ տաք են, թե՛ շատ նորաձև: Բայց ես միշտ, անկախ նորաձևությունից՝ ասում եմ, որ դուք պետք է միշտ ինքներդ ձեզ հետ լինեք ներդաշնակ: Եթե դուք չեք սիրում կրել այդ իրը, օրինակ՝ ձեզ դուր չեն գալիս փետուրե վերարկուները կամ բաճկոնները, մի՛ կրեք դրանք ու մի՛ հետևեք նորաձևության այդ միտումին:
Նորաձև են մորթե մուշտակները, oversize վերարկուները: Ինչ-որ մի սեզոն մի բան ավելանում է, մի բան՝ պակասում, բայց հիմքը դա է: Մորթին միշտ նորաձև է համարվում, պարզապես կարող է փոխվել գունային գամման: Վերջերս նորաձև է դարձել շատ թանկարժեք մորթուց մուշտակը կեդերով անփույթ կրելը՝ դրան մեծ նշանակություն չտալով: Մորթին, իհարկե, շատ նորաձև է:
– Երբեմն կանայք և երիտասարդ աղջիկները ձմռանը կրում են բարձրակրունկներ՝ փորձելով նորաձև երևալ:
– Գիտեք, դա նորաձևության հետ կապ չունի: Ես՝ որպես սովորական մարդ, նրանց կարող եմ մեկ բան ասել՝ հագնվե՛ք հարմարավետ: Գուցե կան մարդիկ, ում շատ հարմար է բարձրակրունկներով քայլելը, մարդիկ կան, որ բարդույթավորվում են իրենց հասակից, բայց ես միշտ հարմարավետ հագուստի կողմնակից եմ:
Ես ինքս միշտ հագնվում եմ հարմար: Հագուստն ու քեզ շրջապատող միջավայրը պետք է լինեն ներդաշնակ: Եթե կա դիսբալանս, դա արդեն նորաձև չէ: Կարևոր չէ, թե ինչ միտումներ կան նորաձևությունում, կարևորն այն է, թե ինչ միջոցառման համար ես հագնվում, ու հագուստն այդ միջավայրին համապատասխան պետք է լինի:
– Ի՞նչն է նորաձև լինելու գարուն-ամառ սեզոնին: Անցած տարվանից մոդայիկ թավիշը, օրինակ, դարձյալ նորաձև լինելո՞ւ է:
– Թավիշը դարձյալ նորաձև կլինի, գուցե ձևվածքը մի քիչ փոխվի: Ձևվածքի խնդիր է: Նորաձև կլինեն վառ գույները, ֆուքսիան, միաժամանակ, երկնագույնը կլինի դարձյալ նորաձև, ծաղկային պրինտը, այսինքն՝ իրականում շատ բան չի փոխվում, այլ պարզապես ինչ-որ բան միտումների մեջ փոխվում է՝ հաջորդ սեզոնին մի միտումը կարող է դուրս գալ, իսկ մյուսները շարունակվում են:
Պարզապես փոփոխվում են ծաղիկների չափը, ձևվածքները: Գույները ևս շատ են լինում, պարզապես մեկը շատ ակտիվանում է, մյուսները՝ պասիվանում:
– Ձեր խորհուրդն այն աղջիկներին, որոնք ցանկանում են նորաձև լինել՝ առանց մեծ գումարներ ծախսելու:
– Ես երբեք կոչ չեմ անում լինել նորաձև, ես ավելի շատ կոչ եմ անում լինել ոճային: Դրա համար գումար ծախսելու կարիք չկա: Ոճն այն է, ինչ դու զգում ես՝ դա պետք է արտահայտել հագուստի միջոցով:
Իսկ ոճային լինելն այն է, ինչ պատկերացնում ես, թե ինչ ես քեզնից ներկայացնում: Մոնիկա Բելուչին, օրինակ՝ ինչ-որ մեկին կարող է թվալ վուլգար, սակայն նա սեքսուալ կին է և պետք է կրի դեկոլտե՝ անկախ նրանից, թե դա դո՞ւր է գալիս ինչ-որ մեկին, թե՞ ոչ, կամ արդյո՞ք իրեն դրա համար կհամարեն վուլգար, թե՞ ոչ: Նա այդպիսին է:
Պետք չէ, օրինակ՝ Դոլչե Գաբանայի կամ հայտնի բրենդերի հագուստ կրել, մանավանդ որ, եթե ինչ-որ բան մոդայիկ է, մասս-մարկետներն էլ են դա առաջարկում: Կարող եք նայել նորաձևության հաղորդումներ, կարդալ, կարող եք ինքներդ կարել ու կրել:
– Ամենամեծ սխալը, որ հայ աղջիկները դարձյալ շարունակում են անել՝ խոսքը հին տրենդներին հետևելու մասին է:
– Եթե խոսենք շաբլոնի մասին, ապա դժվար է դիմադրել գայթակղությանը՝ չլինել այնպիսին, ինչպիսին քո հարևանուհին է: Դա մեծ խնդիր է: Դա վկայում է այն մասին, որ դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, քո ներաշխարհը շատ դատարկ է:
Եթե դուք ուրիշ գիրք եք կարդում, ես՝ ուրիշ, եթե տարբեր երաժշտություն ենք լսում, դուք չպետք է հագնվեք ինձ նման, իսկ Հայաստանում դա շատ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես շաբլոն լինելը, քան միանման հագուստ կրելը: Մտածելակերպից, սերիալներից, երաժշտությունից սկսած՝ բոլորն իրար ընդօրինակում են: Դա միայն հագուստի մեջ չէ: Ցավոք, դա նրանից է, որ մարդկանց զգալի մասը չի կարդում, չի հետևում, թե ինչ է կատարվում աշխարհում:
Կարմեն Ղուկասյան