Էլվինա Մակարյանի վերջին հարցազրույցը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էլվինա Մակարյանի վերջին հարցազրույցը

Էլվինա Մակարյանի հետ այս հարցազրույցից մոտ մեկ շաբաթ անց երգչուհին հեռացավ կյանքից: Այս երկուսուկես ամիսների ընթացքում ես գրեթե ամեն օր խնամքով սղագրել եմ Էլվինայի հետ չորսժամյա մեր զրույցը: Նույնքան խնամքով էլ փորձել եմ այն վերաշարադրել՝ ըստ ժամանակագրության: Հունիսի վերջին կամ նախավերջին օրն էր: Նրա հետ պայմանավորվեցի հարցազրույցի համար: Երեկոյան 20:30-ին արդեն Էլվինայի բնակարանի մոտ էի:  Նրա տանից դուրս եկա, երբ արդեն գիշերվա երեքն էր: Հրաժեշտին ասաց, որ երբեք այսքան մանրամասն որևէ մեկին հարցազրույց չէր տվել, և որ երբեք ամերիկյան իր բնակարանում որևէ մեկն այդքան երկար չէր մնացել: Ասաց՝  լավ աուրա ունեի: Հետո հասկացա. սա իր իսկ պլանավորած ռեքվիեմն էր, իր հրաժեշտի խոսքը: Ուղղակի ճիշտ պահին ճիշտ վայրում էի հայտնվել: 

 

Էլվինա Մակարյանն ավելի փոքր ու փխրուն էր, քան կարող է թվալ հեռուստացույցից: Երկար, սև ու շիկահեր խիտ մազերով, ակնոցներով, ծխախոտը ձեռքին… նա հազիվ իմ ուսից լիներ: Հենց այդ պատճառով՝ մի տեսակ անպաշտպան տեսք ուներ: Ծխախոտից խռպոտած ձայնը կարծես նշան էր նրա ուժեղ կամքի ու բնավորության: Հետո, սակայն, մեր զրույցից պարզ դարձավ, որ այն խռպոտած էր ցավոտ օրերից, դաժան կյանքից ու անխնա ճակատագրից…

Էլվինայի հետ մեր զրույցը սկսեցինք ամենասկզբից:

 

– Ես բնիկ երևանցի եմ: Տատիկս պոլսահայ է, պապիկս՝ ֆրանսահայ: Չնայած հիմա իր հարազատները Բրազիլիայում են ապրում: Մամայիս պապան Պառնիից էր, գեներալ էր, 1937-ին գնդակահարեցին: Տատիկիս էլ, որպես ազգի թշնամի, բանտ նստեցրին: Տատիկս իգդիրեցի էր, և բանտում նստած էր Չարենցի կնոջ հետ… Մի խոսքով, ասածս այն է, որ իմ նախնիներով, ես գիտեմ ու հույս ունեմ, որ մաքուր հայ եմ:

– Ինչպե՞ս սկսեցիք երգել և այն էլ՝ այդքան վաղ տարիքում:

– Երբ սկսեցի իմ կարիերան` 12 տարեկան էի, 6-րդ դասարան էի փոխադրվել: Համամիութենական քաղաքային դպրոցական օլիմպիադա էր, որտեղ մասնակցում էին Երևանի բոլոր դպրոցների ամենաշնորհքով երեխաները, որոնք կարող են երգել, լավ արտասանել, լավ նվագել: Մրցույթն անցկացվում էր Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Ես այդ ժամանակ սովորում էի 71 միջնակարգ դպրոցում և Սայաթ-Նովայում (Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում.– Ա.Ա.): Դպրոցը` համարելով, որ ես օժտված եմ, յուրահատուկ ձևով արդեն ուղղություն էր գրել Չայկովսկու երաժշտական տասնամյա դպրոց, որ ինձ միանգամից ընդունեին: Էդ գործը դեռ ընթացքի մեջ էր…

Բեմ դուրս եկա, դաշնամուրով նվագակցեցի ինքս ինձ ու երգեցի Ազնավուրի ու Լորետտիի երգացանկից: Վերջանում է ելույթս, ամբողջ դահլիճը թնդում է, ու ինձ գնահատում են՝ հինգ գումարած: Դա նշանակում է, որ հաղթեցի՝ «դփից լավը ես եմ»:

Բացի դիպլոմից, դպրոցի տնօրեն Գրացինյա Ակոպովնայից (տես ոնց եմ հիշում անուն-ազգանունը, 1962 թվին էր, այսինքն հասկացար, որ 1950-ին եմ ծնվել, օգոստոսի 16-ին, Առյուծ եմ հորոսկոպով, Վագր՝ տարով, Նապոլեոնի ծնունդից մեկ օր անց եմ ծնվել, ինքը ամսի 15-ին է ծնվել, էդքան էլ հեռու չի… երկուսս էլ մի բոյի…)… վերջը, բացի հաղթանակից, Գրացինյա Ակոպովնայից ստանում եմ «Անդերսենի հեքիաթները» գիրքը, որ ինձ համար ադամանդի գին ուներ: Իմ սերնդի երեխաների համար գիրքն իսկապես ուներ ադամանդի գին: Գիրքն էլ՝ մակագրությամբ՝ «Տնօրինությունից՝ հանրապետական օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար»:

Մրցույթից հետո գործերս տալիս եմ Չայկովսկու դպրոց: Քննություն էլ չտվեցի, կարծես միայն նվագելու քննությունը վերցրեցին, որովհետև Սայաթ-Նովայի անվան դպրոցի անձնակազմը տվել էր իր երաշխավորագիրը: Ես հիվանդ էի, մրսել էի: Քննաշրջան էր: Սայաթ-Նովայի դպրոցում շատ սիրուն դահլիճ էր, ու քննությունները միշտ անցնում էին այդ սրահում՝ բեմի վրա: Ես շատ փիս հիվանդ էի, տաքության մեջ էի, մաման բերում է, որ քննությունս հանձնեմ: Նստում եմ, նվագում՝ առանց որևէ սխալի: Մեկ էլ բոլոր ուսուցիչները, Պյոտր Ասատուրովիչը (ինքն էր ուսմասվարը) ասացին՝ էս ո՞նց է նվագում: Ի՞նչ եմ արել: Պարզվում է, որ հիվանդ եմ եղել, տաքությունով, նստել եմ ու մեկ այլ տոնայնությամբ եմ նվագել ամբողջ գործը՝ այսինքն իր տոնայնության մեջ չեմ նվագել: Նույնը նվագել եմ, բայց այլ տոնայնությամբ: Ծրագրում Շոպեն էր, Մասկովսկի, Բախ: Սրանք գժվում են, ասում են` բացարձակ երաժշտական լսողություն ունի, ու միանգամից որոշում են՝ Էլվինան ընդունված է:

Օլիմպիադայից մի քանի օր անց ինձ զանգում է Բուլիկը՝ Մարտին Վարդազարյանը, որ նոր հավաքել էր ջազային քառյակը: Հրավիրում է, որ գնամ էդ քառյակի հետ փորձ անեմ: Ես որ գնացի, ինձ համար բոլորը «ձյաձյաներ» էին… հիմա որ հետահայաց նայում եմ՝ բոլորն էլ երիտասարդ տղաներ էին, բայց, քանի որ փոքր էի, եկա տուն, ասացի` «մամ, բոլորը պապայի տարիքի տղամարդիկ էին…»:

Մեր փորձերը գնում էին ԵՊՀ-ի բեմի վրա, որովհետև խումբն էլ էր այդպես կոչվում՝ Համալսարանին կից ջազային քառյակ: Որոշ ժամանակ անց Բուլիկն ասում է. «Շուտով հեռուստատեսությամբ «Օգոնյոկ» է լինելու, բոլորը հայտնի մարդիկ են, ու դու էլ ես ելույթ ունենալու»: Այդ ժամանակ քառյակի հետ պատրաստել էի մի հատ ջազային գործ (Էլվինան տեղից վեր է կենում ու նվագում է հարևանությամբ դրված սինթեզատորի վրա.– Ա.Ա.): Դա իմ առաջին երգն էր հեռուստատեսությամբ: Անգամ հիշում եմ` ինչ շոր էի հագել՝ տատիկս էր կարել ինձ համար, այ էդ պոլսահայ տատիկս՝ պապայիս մաման, տաքոտ մատերիալ էր՝ կապույտ-սպիտակ գծերով սիրուն շոր էր ու մութ կապույտ բանտ ու գոտի: Երգեցի հեռուստատեսությամբ այդ գործը:

Դու մի ասա՝ այդ հաղորդումը նայում է Ռոբերտը Ամիրխանյան ու հաջորդ օրը մեր տուն է զանգում ու մայրիկիս հետ զրուցում, հրավիրում է ինձ՝ որպես մենակատար, իր խումբ: Տասներեք տարեկանում ես գնում եմ Ռոբերտի անսամբլ:

– Ո՞ւր էր տանում, Ռոբերտը էդ ժամանակ ի՞նչ ուներ:

– Ո՞նց թե… վոկալ-ինստրումենտալ «Կռունկ» անսամբլը: Թնդում էր ամբողջ Հայաստանով: Էն ժամանակ Սովետը մեզ համար կարևոր չէր: Ախր, ուրիշ ժամանակ էր, Արտակ ջան, ախր դու փոքր ես, չես պատկերացնում, թե էդ ինչ էլիտա էր Հայաստանում…

 

Elvi6

Առաջին անգամ որ Ռոբերտին հանդիպեցի, ես՝ փոքր աղջիկ, եկա նստեցի, ասացի. «Ուզո՞ւմ եք ես Ձեզ համար Ձեր «Բոսանովան» նվագեմ»: Ու նվագեցի: Նայեց մատներիս ու ասաց. «Եթե չլինեի այս հարմոնիաների հեղինակը, ես չէի հավատա, որ դու լսողությամբ ես հարմոնիաները հանել… (Էլվինան նորից տեղափոխվում է գործիքի մոտ ու սկսում նվագել: Բնօրինակը դանդաղ, մեղմ երաժշտություն էր, իրենը՝ արագ ու ռիթմով.– Ա.Ա.)։ Ռոբերտը շշմել էր:
Այդ օրերին «Կռունկում» երգող Ռաիսա Մկրտչյանը, բանից պարզվում է, որ հղի է, պետք է երեխա ունենա՝ նոր էր ամուսնացել, ու արդեն խմբում ազատ տեղ կար, ու Ռոբերտը միանգամից ինձ է հրավիրում: Այդպես աշխատանքի անցա «Կռունկում»: Այդ տարիներին այնպիսի բաներ էին հետս կատարվում, որ այն ժամանակ ինձ համար դա նորմալ էր թվում, բայց հիմա, որ մտածում եմ` ֆանտաստիկա էր: Տես: Մի օր թերթում հայտարարություն եմ կարդում՝ կայանալու է հանրապետական երգի մրցույթ Հայաստանի կոմպոզիտորների միությունում, ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել հայտեր: Գնում եմ Միություն, փոքր աղջիկ՝ երկու հյուսերով, ցանկանում եմ հայտ ներկայացնել: Էդ ժամանակ մայրս բանկի կառավարիչ էր ու շատ կազմակերպություններ իր հետ էին անմիջապես աշխատում, ու Կոմպոզիտորների միությունը նույնպես նրա հաճախորդներից էր: Դու մի ասա՝ էն ժամանակ, որ ես մտնում եմ Միության շենք, Սոսյանն է այնտեղ լինում՝ Միության ադմինիստրատորը: Սոսյանն ինձ տեսնում է ու հասկանում է, որ ես Ռոզայի աղջիկն եմ: Ես էլ բան չգիտեմ: Ինձ ասում են՝ ծրագրի մեջ պետք է լինի նոր երգ՝ չլսված:
Գալիս եմ ու նույն օրը թե մյուս օրը` չեմ հիշում, գնում եմ Հովհաննես Բադալյանենց տուն: Նրա աղջկա՝ Անահիտի հետ Չայկովսկիում միասին էինք սովորում: Կոմիտասի փողոցի վրա էր իրենց տունը: Գնացի, ասում եմ. «Հովհաննես ձյաձյա, ես պետք է մասնակցեմ այս մրցույթին, բայց ասել են, որ էնպիսի երգ պետք է հնչի, որ ոչ մի անգամ չի հնչել»: «Եղավ, աղջիկս, ես հիմա քեզ մի հատ ալբոմ կտամ, գնա տանը ուշադիր նայի, ընտրի, որ երգը ուզում ես երգես, սա Կոմիտասի երգերն են: Ընտրի, պատրաստի ու բեր մի հատ ինձ ցույց տուր»,- պատասխանում է:

Եկա տուն: Մամաս է գալիս գործից, թե` «Էլվինա ջան, էս ինչեր եմ լսում»:

«Ի՞նչ է եղել, մամ ջան»,- հարցնում եմ: «Էդ դու, ի՞նչ է, հայտ ե՞ս ներկայացրել Կոմպոզիտորների միություն երգի մրցույթի, դու ի՞նչ է` խելագարվե՞լ ես, այնտեղ այնպիսի վարպետներ են ելույթ ունենալու, Բելլա Դարբինյան և այլն, դու պստիկ երեխա, ո՞վ է քեզ բանի տեղ դնելու…»,- ասում է նա: «Մամ, չգիտեմ, ով է այնտեղ երգելու, բայց ես ոսկի չեմ ստանալու միայն այն պատճառով, որ էդ քո հասած հայտնի մարդիկ են երգելու: Կարող է ոսկին չստանամ, Բելլա Դարբինյանը ստանա, բայց արծաթը հաստատ ես կստանամ»,- ասում եմ: «Վայ, բալիկ ջան, ինչո՞ւ ես ավելորդ տեղն ուզում ներվայնանաս, ինչո՞ւ հետո լաց լինես, ախր չի լինի, դու փոքր երեխա ես»,- պատասխանում է մայրս:
«Իսկ քեզ ո՞վ ասաց»,- հարցնում եմ: «Սոսյանը պատմեց, որ մի հատ երեխա հյուսերով եկավ, նայել է ու գլխի է ընկել, որ իմ աղջիկն ես»:

Ես համառեցի ու մասնակցեցի: Մրցույթի նախագահն էր, Աստված հոգին լուսավորի, Տաթևիկ Սազանդարյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական երգչուհի: Մրցույթից մեկ օր առաջ գնացի Հովհաննես Բադալյանի մոտ: Հարցրեց՝ բալիկ ջան, ի՞նչ երգ ես պատրաստել:

– Հովհաննես ձյաձյա, չգիտեմ՝ «Էս գիշեր, լուսնյակ գիշերը»:

– Հա, նվագի-երգի՝ տեսնեմ,- ասաց նա:

Երգում եմ: Մեկ էլ նայեց ու ասաց. «Ա՛յ, հենց էսպես, ոնց որ հիմա երգեցիր, նույն ձևով կերգես մրցույթի ժամանակ: Չտեսնված է»:

Մտածեցի՝ եթե Հովհաննես Բադալյանը սենց գովեց, ուրեմն վարիանտ չի, որ ես սխալ եմ երգում: Գալիս է մրցույթի օրը: Դուրս եկա բեմ, երգեցի Կոմիտասից, ու ոնց որ ես ասացի մամային՝ ոսկին ստացավ Բելլա Դարբինյանը, արծաթն էլ իմ դոշից կախեցին՝ դիպլոմով: Եկավ արդեն այն օրը, որ հաղթողների համար ազատ ծրագիր էր նախատեսված: Երկրորդ երգը՝ Շառլ Ազնավուրի երգերից երգեցի: Դահլիճը դղրդում էր: Տեսնեմ` կուլիսների հետևում Տաթևիկ Սազանդարյանը կանգնած` նայում է ինձ, սպասում է: Եկա կուլիսներ, խիստ ձայնով, թե` «Եթե ես լսեի էն ժամանակ սենց բան, ես քեզ արծաթ չէի տա»: «Տաթևիկ Միխայլովնա, ինչո՞ւ»,- հարցրեցի: «Դու արտակարգ Կոմիտաս երգեցիր, էս ի՞նչ է, որ երգում ես, սա անգամ հայկական չէ»,- ասաց նա:

Էն ժամանակ տարակուսում էի, հիմա հասկանում եմ՝ շատ ճիշտ մոտեցում էր, շատ ճիշտ: Էդ արծաթը ստացա տասներեք տարեկանում ու արդեն Ռոբերտի (Ամիրխանյան.– Ա.Ա.) հետ ես միակ անձն էի ամբողջ Խորհրդային Սիությունում, որ ճանապարհորդում էի հյուրախաղերով էդքան ջահել տարիքում: Երբ որ Ֆինլանդիայից հրավեր եկավ` կապիտալիստական երկիր, ու ես՝ տասնչորս տարեկան երեխա, ԿԳԲ-ականներն ապշած էին: Ասեցին, որ էսքան փոքր տարիքում դժվար թե թողնեն ԽՍՀՄ-ից ուրիշ երկիր գնա: Բայց գնացի:

 

Ակադեմիական աշխատավարձ

Elvi4

Ֆինլանդիայից հետո «Կռունկի» հետ փորձեր ենք անում: Տղերքն ասին. «Գիտե՞ք ով է նստած դահլիճում, Օրբելյանն է նստած: Էլվինա ջան, երևի քո հետ վերջին անգամն ենք փորձ անում»: «Ինչո՞ւ»,- հարցրեցի: «Պարզ չի՞, Օրբելյանը եկել է մի նպատակով՝ եկել է քեզ տանի իր մոտ»,- պատասխանեցին: Ես լուրջ չընդունեցի: Ո՞նց, Հայաստանի պետական էստրադային նվագախումբ պետք է գնա՞մ… չի կարող պատահել: Մտածեցի՝ խոսում են, էլի: Իրականում այդպես էլ դուրս եկավ: Փորձից հետո Օրբելյանը մոտեցավ ու… տարավ: Էդ օրվանից Օրբելյանի մոտ էի: Ակադեմիկոսի աշխատավարձ միայն ես ու Օրբելյանն էինք ստանում` 350 ռուբլի: Էդ ժամանակ տասնհինգ տարեկան էի:

Ու գնաց դրանից հետո… Չտեսնված էր ամեն ինչը: Էդ ժամանակ որ Կոնսերվատորիա գործերս տվեցի, իհարկե, փայլուն տվեցի, քննական հանձնաժողովն էլ՝ խիստ: Հիմա, որ տեսնում եմ այսօրվա Կոնսերվատորիան, մտածում եմ՝ Աստված իմ, սա էն ժամանակ լիներ, անգամ կամաչեինք մոտենալ այդ բարդակին: Իսկ էն ժամանակ Հայկական կոնսերվատորիան կարելի էր համեմատել Մոսկվայի Կոնսերվատորիայի հետ: Բարձրակարգ դասախոսներ՝ ամենաուժեղ մասնագետները՝ ի՞նչ ռաբիս երգի բաժին, ի՞նչ դհոլի բաժին, ի՞նչ զուռնա-դուդուկ: Դաշնակահարներ, թեորիստներ, ջութակ, փողային գործիքներ… Էդ էր զուտ, այսինքն՝ այն, ինչ հնչում է Սիմֆոնիկ նվագախմբում:

Հարմոնիայի քննությանը Ռոբերտ Աթայանին՝ տեսության բաժնի ղեկավարին են բերում իմ քննաթերթիկը: Նայում է գործը… էդ ժամանակ կանգնած են լինում Մելիք Մավիսակալյանն ու Ռոբերտը Ամիրխանյանը, որոնք դեռ սովորում էին Կոնսերվատորիայում: Այսինքն, այն ժամանակ ավարտում էին: Ասում եմ, չէ՞, Ռոբերտը հավերժ ուսանող էր: Աթայանը իմ գործը վերցնում է, նայում ու բղավում. «Սա ի՞նչ մղձավանջ է, սա ի՞նչ է: Արա, սենց անսլուխներին էլ են Կոնսերվատորիա ընդունում»: «Էս, ով որ ասում ես՝ անսլուխ, բոլորիս կարող է դաս տալ իր լսողությամբ»,- Ռոբերտն է պատասխանում Աթայանին:

– Իսկ ինչո՞ւ էիք այդքան վատ գրել:

– Որովհետև զզվում էի տեսությունից, դեմ էի օրենքներին, ու իմ հետ միշտ կռվում էին, թե էս ինչ հարմոնիաներ ես վերցնում: Ասում էին՝ սխալ է տեսության մեջ: Ասում էի՝ ես լսում եմ՝ ուրեմն ճիշտ է: Հետագայում Ռոբերտը գիտե՞ս ինչ էր անում. երբ նոր երգ էր գրում, ինձ նստեցնում-նվագացնում էր ու նայում էր` ես ինչ հարմոնիաներ եմ վերցնում: Ու գրում էր: Չնայած պետք է ասեմ, որ ես հենց Ռոբերտից էի այդ ոճը սովորել: Իր «շկոլան» էր: Բայց հարմոնիաների հաշվով՝ բոլորը գիտեն՝ իմ հարմոնիաների դեմ խաղ չկա: Օրբելյանն ինձ ասում էր՝ այն, ինչ դու ես երգում, ու այնպես, ինչպես դու ես երգում, կարող ես աշխարհում երգել միայն դու: Օրբելյանի կարծիքն էր:

Մի խոսքով, ես հանձնում եմ քննություններս ու ընդունվում եմ Կոնսերվատորիա, որից հետո Օրբելյանն ասում է. «Իմ աղջիկ, մենք հյուրախաղերի ենք գնում: Կա՛մ Կոնսերվատորիան, կա՛մ հյուրախաղերը»: Ասացի՝ «Չէէէ՜, հյուրախաղերը»: Շատ անգամ Օրբելյանը զանգում, դասավորում էր դասերս, մեծ մասն իր ընկերներն էին դասավանդում, բայց, վերջիվերջո, հոգնեցին ինձանից, այ մարդ, ասացին, գնա հյուրախաղերի, երբ որ վերջացնես, կգաս, կընդունվես: Ու մնացի Օրբելյանի հետ:

Մի օր Օրբելյանը եկավ, ասաց՝ այսօր մեզ մոտ շատ պատասխանատու փորձ է` որովհետև այսօրվա մեր փորձին ներկա է լինելու Արամ Իլյիչ Խաչատրյանը:

Ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում էինք փորձեր անում: Դահլիճում նստած էին Արամ Խաչատրյանը, Էդուարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը և մի քանի հոգի էլ… Բոլորը ելույթ էին ունենում, ես էլ վարագույրի հետևից նայում էի Արամ Խաչատրյանի ռեակցիային` ձեռքերը ծալած նստած էր, ոչ մի ռեակցիա, խոսում է մյուսների հետ: Մեկը մյուսի հետևից ելույթ են ունենում ու գնում: Իմ հերթը եկավ: Նստեցի դաշնամուրի դիմաց, նվագախումբը նստած է, ու սկսեցի «խզարել»: Երգեցի Էլլա Ֆիցջերալդի «Բոսանովան»: Այնպիսի ռիթմ էի վերցրել, միայն տեսնես: Երբ երգեցի-ավարտեցի, Արամ Խաչատրյանը ոտքի կանգնեց ու սկսեց դանդաղ ծափահարել… առանց այդ էլ արտահայտիչ աչքեր ուներ, էսքան (ցույց է տալիս.– Ա.Ա.) դարձան աչքերը ու բարձր ձայնով ասաց. «Էս ինչ հրաշք է, ինչո՞ւ այս հրաշքի մասին ես ոչինչ մինչև հիմա չգիտեմ…»: Նա ինձ կանչեց, ծանոթացանք, փոխանակվեցինք հեռախոսահամարներով, ինքը տվեց Մոսկվայի իր հասցեն, ու թե. «Էլվինոչկա, ես արդեն քո մեծ ընկերն եմ, երբ Մոսկվա ժամանես, անպայման ինձ հյուր կգաս»:

Մի օր Օրբելյանը եկավ, թե` ես վարիացիաներ եմ գրել, հատուկ քեզ համար: Ես մի քանի բան ավելացրեցի, դրանցից մեկը Սաքսոֆոնն էր: Սլավիկն էր սաքսոֆոնիստը` շատ ուժեղ երաժիշտ էր: Հիմա էլ կարծեմ ինքը Մարտիրոսյանի մոտ է նվագում: Արդեն մեծ է: Իմպրովիզը իրար հետ էինք փորձում: Ու այդ գործը՝ «Ձայնային վարիացիաներ նվագախմբի հետ», ես վերջում մի հատ նոտա էի վերցնում… Ես չգիտեի` ինչ նոտա էի վերցնում: Գալիս եմ փորձի, տեսնեմ՝ Սիմոն Տերյանը և մյուսները դաշնամուրի մոտ կանգնած ինչ-որ բանի մասին են վիճում: Մեկ էլ Սյոման ասաց.

– Բալա ջան, մի հատ էն վերջին նոտան առանց վարիացիաների երգի:

– Ինչո՞ւ:
– Ես այստեղ վիճում եմ, որ սա երրորդ օկտավայի սոլ է, ինձ ասում են` չէ, անգամ Գոհար Գասպարյանը չի կարող երրորդ օկտավայի սոլ վերցնել:

– Փորձեմ,- ասացի ու երգեցի այդ նոտան:

Սյոման, երգելուց հետո, թե՝
– Հը՞, կերա՞ք:

Ըտենց: Երբ գնում էինք հյուրախաղերի՝ առաջին օրը հանդիսատեսը լցվում էր, երկրորդ օրվանից գալիս էին երկրորդ բաժնի համար, որովհետև գիտեին ինչու` ժողովուրդը գալիս էր Էլվինա Մակարյանի համար: Ես երկրորդ բաժնում էի: Իսկ երբ որ Բաքու պետք է գնայինք հյուրախաղերի, այնպես ստացվեց, որ ես անառողջ էի ու չէի կարող գնալ, Կոնստանտին Օրբելյանը եկավ մեր տուն.

– Հասկանո՞ւմ ես, որ եթե Բաքու չգաս, դա դանակով հարված է թիկունքից, ուրեմն կուսակցական տոմսս պետք է վայր դնեմ,- ասաց նա:

– Ինչո՞ւ, ախր նա վատ է իրեն զգում,- մաման խառնվել էր իրար:

– Ռոզա ջան, Բաքվի Ֆիլհարմոնիայի տնօրենն ասել էր` առանց Էլվինայի Բաքու ոտք չդնեք,- ասաց Օրբելյանը:

Այդպես հիվանդ, ինձ գրկելով տարան, դրեցին օդանավ: Այնտեղ մի հատ պրոֆեսոր Տալիշինսկի կար, էդ պրոֆեսորին բերեցին, ինձ բուժեցին, ես պառկած էի, մի քանի օր համերգները հետաձգել էին, մինչև առողջացա ու երգեցի: Նույնը՝ Վրաստանում էր: Այնտեղ, երբ որ ելույթ ունեցա, վրացիները իրենց ստուդիայում ձայնագրեցին: Էդ միակ ձայնագրությունն էր, որ ես ոսկու նման պահում էի: Մի օր Չիկոն` Արամը ուդարնիկ, ինձ խնդրում է իրեն տալ այդ ձայնագրությունը, մի երկու օրով: Տվեցի: Չիկոն վերցրեց ու էդ էր… Կորավ: Անցան տարիներ, ես հետո հասկացա էդ խաղը: Ընենց արին, որ այդ գործը այլևս չհնչի:

 

Շիկահերն ու «Ուր եք տղաները»

Էրմիտաժի Կանաչ դահլիճում համերգից առաջ Օրբելյանն ինձ մոտեցավ հատուկ խնդրանքով` «Այսօր համերգին մի հատ աղջիկ է ներկա գտնվելու: Հինգերորդ նստատեղին է նստելու»: «Ո՞վ է»,- հարցրեցի: «Դու իրեն չգիտես, նա սովորում է Գնեսինների ուսումնարանում, վատ չի երգում ու քո համար ուղղակի խելագարվում է: Ալլա է անունը: Ալլա Պուգաչովա: Շիկահեր աղջիկ է: Հայացքով գոնե մի անգամ իրեն նայիր…»,- պատասխանեց Օրբելյանը:
Բա, Արտակ ջան: Սա է իմ կյանքը: Այդպես փայլուն ելույթներ էի ունենում: Իսկ 1973 թվին 23 տարեկան էի, որ Երիտասարդ ձայների համամիութենական մրցույթին ստացա «Գրան պրի» մրցանակը: Առաջին հայն էի: Մրցույթի նախագահն էլ Թարիվերդիևն էր: Ընդ որում, երգն էլ, որ ամբողջ ԽՍՀՄ-ով և սոցիալիստական ճամբարով թնդում էր, հայերեն էր՝ «Ուր եք տղաները»: Էդ ի՜նչ էր կատարվում Մոսկվայում: «Իզվեստիայից» բռնած բոլոր միութենական թերթերը գրել էին` «Էլվինայի երգը հասկանալու համար թարգմանություն պետք չէ` երգի կատարողականի զգացմունքայնությունն ու տաղանդը բարձր է ցանկացած թարգմանությունից»: Ռուսներն այնպես էին ընդունում այդ երգը, ոնց որ լավ հասկանում էին: Չէի կարողանում հանգիստ խանութ մտնել:

Երբ որ Ռոբերտը նոր գրեց այդ երգը, և մենք Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում համերգ ունեցանք, հանդիսատեսը գրեթե ռեակցիա չտվեց: «Գրան պրին» ստանալուց հետո Երևանում նույն երգը կատարեցի՝ վերջին ակորդների վրա ծափերի պատճառով ես իմ ձայնը չէի լսում: Եկա, ու երբ որ հեռուստատեսությամբ հարցազրույց վերցրեցին, հենց դա ասացի՝ ի՞նչ հետաքրքրական է` հենց նույն այդ երգով, նույն կատարողականությամբ, ես դուրս եկա և երգեցի Օստանկինոյում, ստացա «Գրան պրի»: Իսկ այստեղ՝ սառը ընդունելություն. անպայման պետք է գնաս ուրիշ տեղ հաղթես, որ նոր Հայաստանում քեզ ընդունեն: Հարցազրույցը շոկ էր առաջացրել: Ու նաև թշնամիներ բերեց, որ հետո իմ կյանքը ընենց թունավորեցին, որ չես էլ պատկերացնի: Հավատալու չի ուղղակի….

Երբ «Գրան պրի» ստացա, ինձ միանգամից մեխանիկորեն ուղարկեցին Բեռլին` երիտասարդների ու ուսանողների համաշխարհային 10-րդ փառատոնին: ԽՍՀՄ պատվիրակությունում ես միակ անձն էի Հայաստանից: Խմբի մեջ էին Պախոմովան, Գորշկովը, Կոբզոնը, «Պեսնյարի», «Սամոցվետի» խմբերը: Մինչև Բեռլին գնալն ինձ կանչեցին կենտկոմ.

– Տես, քեզ հետ պիտի գա նաև «Սերպանտին» նվագախումը: Չասես, որ դու մենակ ես երգելու,- ասացին:

– Բայց ինչպե՞ս: Ախր միայն ինձ են հրավիրել,- պատասխանեցի:

– Էդ կապ չունի, «Սերպանտինը» կգա, ու քեզ հետ պետք է իրենք այնտեղ նվագեն:

«Սերպանտինը» եկավ Բեռլին, սակայն նրանց անգամ Ֆրիդրիխշտատ համերգասրահի բեմ չթողեցին, որ դուրս գան: Գերմանացիներն էին որոշողը: Եվ ես երգեցի ֆրանսիական հայրենասիրական մի երգ: Գալա-համերգն էր, ու ես էլ եզրափակում էի համաշխարհային այդ փառատոնը: Ինտերվիդենիայով ցույց են տվել, ես` սպիտակ շորով` ելույթ էի ունենում, արևածաղկի նման ինձ շրջապատել էին Կոբզոնը, «Սամոցվետին», «Պեսնյարին»… Գերմանացիները շշմել էին: Բեռլինում հինգ անգամ եղել եմ: Ինչպես էին ընդունում գերմանացիները՝ ես իրենց ցավը տանեմ: Ես այդ ժամանակ էի զարմացել՝ սրանց մասին են ասում՝ ֆաշի՞ստ, էս ի՞նչ ջիգյարով, էմոցիոնալ ժողովուրդ են:

13918871_10207387029538163_654263002_o

Էլվինայի ամուսինները

Առաջին անգամ ամուսնացել եմ տասնութ տարեկանում` 1968 թվին: Առաջին ամուսինս լրագրող էր: Լեոնարդ Միքայելյան: Միասին ապրեցինք հինգ տարի՝ մինչև 1973-ը: Առաջին երեխայիս՝ Զառայիս այդ ժամանակ ունեցա: Երբ որ առաջին ամուսնությանս լուրը հայտնի դարձավ, կյանքում չեմ մոռանա Օրբելյանի խոսքերը, դա ինչ իմաստուն մարդ էր… Օրբելյանն ասաց.

– Աղջիկս, ո՞ւր ես շտապում, դու բեմի համար ես ծնվել: Քեզ Աստված ամեն ինչ տվել է, ի՞նչ է, վախենո՞ւմ ես չամուսնանալուց: Մի ամուսնացիր, ես քեզ մեկ տարուց խոստանում եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ դարձնել՝ որ ոչ ոք էդ տարիքում անգամ չի էլ երազում:

– Մաեստրո, ախր ես Լեոնարդին սիրում եմ,- ասացի:

– Տես, կփոշմանես,- զգուշացրեց նա:

Երկրորդ անգամ ամուսնացա Ռոմիկ Ավանեսովի հետ: Նա մահացավ երկու տարի առաջ: Շատ գեղեցիկ տղամարդ էր: ՕԲԽՍ-ի աշխատող էր: Ռոմիկի հայրը գեներալ-մայոր Հայրապետ Ավանեսովն էր: Հիշում ես, «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը որ եղավ, Մոսկվայից մի մարդ խոսեց, ասաց, որ ճանաչում է Նաիրի Հունանյանին Եվպատորիայից: Դա իմ սկեսրայրն էր: Նա այդ ժամանակ Եվպատորիայի քաղաքապետն էր:

Արդեն Ռոմիկի հետ ամուսնացած ենք, ու ես ԽՍՀՄ-Բուլղարիա բարեկամության միության կազմում մեկնում եմ Բուլղարիա: Պատվիրակության կազմում են` Բյուլբյուլօղլին, Դեմենտևը, Մոսֆիլմի դերասաններ: Մեզ ընդունեց Բուլղարիայի նախագահը՝ Թեոդոր Ժիվկովը: Ու Էդ Ժիվկովն ինձ սիրահարվեց: Հիմա, պաշտոնական ընդունելության ժամանակ գալիս է, ինձ հետ է պարում: Մի անգամ, երկու անգամ… Երևան եմ գալիս, օդանավակայանում մերոնք եկել են ինձ դիմավորելու: Մաման կապտած դեմքով մոտենում է, թե`

– Այդ ի՞նչ է կատարվում, բոլորը խոսում են, թե էլվինան Բուլղարիայի նախագահի գլուխը կերել է, երևի էլ չի գա… Ամբողջ Երևանը դրա մասին է խոսում:

– Ի՞նչ,- զարմացա:

– Սուս մնա, մարդդ իրեն ուտում էր, ասում էր՝ Էլվինային սպանելու եմ: Համոզել էինք, որ սուտ է,- ասաց մաման:

Գնացինք տուն: Տեսնեմ՝ Ռոմիկը կատաղած-նստած է: Մոտենում եմ.

– Ռոմ ջան, ախր ո՞նց ես հավատացել այդ հիմարությանը: Ժիվկովը նախագահ մարդ է, ընդունելության ժամանակ հրավիրեց պարելու, ինքն էլ մեծ, տարիքով մարդ, չպարեի՞,- դե մի քիչ էլ գույները խտացրել էի:

Ասաց. «Վայ կնիկ ջան, թող դու էս բեմը, թե չէ` կամ մի օր քեզ եմ սպանելու, կամ չգիտեմ ում»:

Երբ որ ես ստացա «Գրան պրին», Թարիվերդիևը, խելոք մարդ, որին ես չլսեցի, ասաց. «Էլվինա, էդ ճահճում դու գործ չունես»: Իսկ ես էլ մեռնում էի Հայաստանի համար: Ասաց. «Դու ադամանդ ես, կխամրես, կխորտակվես այդ ճահճում, դու պետք է մեկնես այնտեղից»: Թարիվերդիևը և Լարիսա Կլիցկայան, որ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ էր, առաջարկեցին տեղափոխվել Մոսկվա ու խոստացան ապահովել բնակարանով ու աշխատանքով: Թարիվերդիևն անընդհատ պնդում էր. «Էլվինա, ամեն ինչ կապահովեմ, բնակարան Մոսկվայի կենտրոնում, դու պետք է մեր աչքի առաջ լինես, ամեն անգամ Մոսկվա կանչելը երկար ժամանակ է պահանջում՝ մինչև հեռագիր ուղարկենք, մինչև տոմս գնես, ժամանես: Իսկ այսպես կլինես մեր աչքի առաջ, կլինես Կենտրոնական հեռուստատեսությամբ»: Խոստացա մտածել, երբ որ այդ ամենն իրական լինի: Որոշ ժամանակ անց գալիս է հեռագիրը Թարիվերդիևից. «Բնակարանը Մոսկվայի կենտրոնում կա, սպասում ենք: Թարիվերդիև, Կլիցկայա»: Բերում եմ հեռագիրը և ցույց եմ տալիս ամուսնուս: Ռոմիկը էն ժամանակ ՕԲԽՍ-ից դուրս էր եկել: Ու մայրիկս, քանի որ բանկում պաշտոն ուներ, դասավորեց Բժիշկների կատարելագործման ինստիտուտում՝ որպես տնտեսական գծով պրոռեկտոր: Ռոմիկը կարդաց, ուրախացավ: Ասացի.

– Ի՞նչ ես ասում:

– Տնօրենիս ցույց տամ: Շեֆ է, հիմա չնեղանա,- ասաց նա:

Մտնում է տնօրենի մոտ, ցույց է տալիս հեռագիրը: Նա էլ հասկանում է, որ հեռագիրը ջրի վրա թանաքով գրված բան չի, շատ իրական է, ու միանգամից Ռոմիկի աշխատավարձը չորս անգամ բարձրացնում է ու խնդրում է, որ չգնա: Ռոմիկը գալիս է ու ասում է. «Էլվինա ջան, ես որ գամ, կլինեմ Էլվինայի մարդը: Ես չեմ կարող: Ես թասիբով տղա եմ: Արի մնանք Հայաստանում»:

Ու չգնացինք: Կլիցկայան, երբ իմացավ, որ չեմ գնալու, զանգեց. «Էլվինա ջան, ըտենց տղամարդիկ դու լիքը կունենաս, արի: Ես քեզ հրեայի հետ կամուսնացնեմ: Գիտե՞ս ինչ բարձունքների կհասնես: Տես, կփոշմանես»: Ու այդպես էլ եղավ: Ես էշի նման էդ տարբերակը բաց թողեցի ու մնացի Հայաստանում:

1977 թվին տղաս ծնվեց: Ռոմիկի հետ ապրեցինք մինչև 1980 թվականը: Դրանից հետո մի անգամ էլ ամուսնացա, ու վերջացավ: Էդ երրորդ ամուսինս էլ էր հայտնի մարդ, բայց պետք չի, որ իմանաս:

 

Էլվինա Մակարյան – Ալլա Պուգաչովա

Երբ որ ես «Գրան պրի» ստացա, մեխանիկորեն արդեն առանց ուղեգրի կամ պետք է գնայի «Զոլոտոյ Օրֆեյ», կամ «Սոպոտ»: «Սոպոտը» Լեհաստանում էր, «Զոլոտոյ Օրֆեյը»՝ Բուլղարիայում: Դրանք էստրադային երգի միջազգային մրցույթներ էին: Թարիվերդիևն ինձ շատ էր հավանում որպես արվեստագետ և միաժամանակ՝ անտարբեր չէր որպես տղամարդ: Հաղորդավարուհի Անգելինա Վովկ կար, իր սիրուհին էր, բոլորս էլ գիտեինք: Բայց դրա հետ միաժամանակ ինձ ինչ-որ բաներ էր հասկացնում: Իսկ ես սկզբունք ունեի՝ ես այնքան տաղանդավոր եմ, որ էդ տաղանդով պետք է ամեն ինչի հասնեմ: Այն ժամանակ չէի պատկերացնում այդ նրբությունները, չնայած դա էլ ինձ չէր փոխի: Երևի այդպես էր պետք: Թարիվերդիևի ակնարկներին, իհարկե, ես չպատասխանեցի: Ինքն էլ, թե` «Դու գիտես: Կարող էիր մեկնել միջազգային մրցույթի, ես եմ դա որոշում»: «Ինչու դա մեխանիկորեն չի՞»,-հարցրեցի: «Այդքան էլ չէ»,- պատասխանեց: Ձայն չհանեցի: Որոշ ժամանակ անց նա զանգում է, թե` «Էլվինոչկա ջան, գիտե՞ք ով է մեկնում Բուլղարիա, նրա մասին երևի լսել եք, չգիտեմ, Ալլա Պուգաչովան»: Այդպես Պուգաչովայի բախտը բացվեց:

 

Պետկոմի հալածանքները

Այն, ինչ ԽՍՀՄ Պետհամերգն ինձ համար արեց, ես երբեք չեմ մոռանա: Շատ շնորհակալ եմ: Հենց Պետհամերգի ռեֆերենտների շնորհիվ աշխարհով շրջագայել եմ, ու իմ մասին շատ երկրներում իմացել են: Հայաստանին որ մնար` Երևանից չէին թողնի ոտքս դուրս գցեի, այնպիսի օրն էին ինձ գցում: Հեռուստառադիոպետկոմի նախագահը` Ստեփան Կարպիչը` խելացի մարդ է, չէ, բայց ինչ կապ ուներ իմ հետ, որ այդքան հալածում էր:

Ինքն առաջ Սովխոզի դիրեկտոր էր, հետո իմացանք՝ Կարենի Դեմիրճյանի մտերիմ ընկերն էր, եկավ նստեց Պետկոմի նախագահ: Ժողով հավաքեց մի օր: Բոլորը ներկա էին՝ Նորայր Մնացականյանը, Օֆելյա Համբարձումյանը… բոլորը… էստրադային օրկեստրով, Մելիք Մավիսակալյանով… Ժողովի նպատակը՝ Էլվինա Մակարյանի հարցն էր դրված, քանի որ դժվար էր իմ պես մարդուն հանել Պետկոմից, դրա համար պետք էր ժողով անցկացնել: Կարպիչն իր բարակ ձայնով դիմեց անձ.

– Այ մարդ, ըտենց կերգե՞ն, ոնց որ դու ես երգում: Սովորի, է՛լի, Ռաիսայից սովորի երգել: Էդ ի՞նչ ձևի ես երգում:

– Հա, բայց հենց այդ ոճով ամբողջ աշխարհում եմ երգում,- պատասխանեցի միանգամից:

– Հա՞, դե գնա, այնտեղ էլ մնա, բա խի՞ ես գալիս այստեղ: Քեզ լավ են ընդունում, գնա այնտեղ մնա: Կամ իմ ընկերներիցս մեկը գործարանի գլխավոր տնօրեն է, զանգեմ, գնա բանվոր աշխատի: Դու ի՞նչ գործ ունես այստեղ, սովետական բան չկա քո երգելու մեջ:

Բոլորը խլուրդի նման նստած էին: Նորայր Մնացականյանը վեր կացավ, ասաց.

– Ստեպան Կարպիչ, ես մեծ մարդ եմ, բայց ամբողջ կյանքում ինչքան լսել եմ էս երեխուն, խոնարհվել եմ իր տաղանդի առաջ:

– Նորայր, դու կոչում ունես, չէ՞,- Կարպիչը հարցրեց:

– Ի՞նչ կապ ունի,- հարցրեց Նորայր Մնացականյանը:

– Դե, կոչումդ ստացել ես, նստի տեղդ:

Մամաս որ չաշխատեր բանկում և ծանոթ չլիներ Ռայկոմի քարտուղարի հետ, ես վաղուց դուրս շպրտված կլինեի: Միայն երեք անգամ այդ մարդն է կասեցրել իմ աշխատանքից հեռացումը: Իսկ մի անգամ էլ Արամայիս Սահակյանի շնորհիվ էր: Նա իր կաբինետում էր, մտա մոտը, ասացի՝ Կարպիչի մոտ որոշում են ինձ աշխատանքից հեռացնել: Հենց իմ դեմը զանգեց, ասաց. «Ես գիտեմ, ձեր մոտ հիմա Էլվինայի հարցն է քննարկվում, եթե Էլվինային հանեք գործից, ուրեմն կամ ես, կամ Էլվինան»:

Ինձ աշխատանքից հեռացնելու փորձ մի անգամ Արմեն Հովհաննիսյանն է ձեռնարկել: Իր հաղորդման ժամանակ 10:30-ով իմ երգերը ցույց էր տալիս: Ամեն ինչ նորմալ էր: Բայց մի անգամ կեսգիշերին եկավ մեր տուն այցի: Ես ներս չթողեցի, ասացի՝ գիշերը մենք հյուրեր չենք ընդունում: Բղավեց. «Ախ այդպես, դե վաղվանից կտեսնես քո վիճակը»: Ու սկսեց իմ հալածումը:

Ցավոք, դա է մեր խոհանոցը, ռեժիսորների մոտ ոնց է՝ «սնաչալա՝ նա դիվան, պատոմ՝ նա էկրան»: Արմենը նույն շաբաթ հայտարարում է մեծ ժողով: Գնացի՝ Ռաիսան է նստած, ես, Արտաշեսը (Ավետյան.-Ա.Ա.), Լոլան (Խոմյանց.– Ա.Ա.), Բելլան: Ժողովին ասվում է, որ շուտով պետք է մրցույթ լինի, դրսից երգիչներ պետք է հրավիրենք, և ում միավորներն ավելի բարձր լինի, նա էլ կանցնի: Ընդ որում, հիմնական անձնակազմից մեկնումեկին պետք է հանեին: Տարօրինակ ժողով, անհասկանալի մրցույթ: Նայում եմ մյուսներին: Բոլորը լռում են: Ձայն չհանեցի:

Դուրս եկանք, եկա տուն ու սկսեցի մտածել՝ էս ի՞նչ հաշիվ էր, Բելլան ձայն չհանեց, ոչ մեկը չխոսաց: Ու հասկացա: Տաքսի պատվիրեցի, եկա Ռադիո, ու սկսեցի բոլոր դռները բացել՝ ինչքան խմբագրություն կա ու բղավել. «Բարև ձեզ, գիտեք, որ էս օրը էս ժամին ժողով է լինելու, իբր թե՝ դրսից երգիչների մրցույթի համար, բայց իրականում ցանկանում են ինձ աշխատանքից հանել»: Ստրատեգիա եկավ գլխիս՝ էն էլ առաջին անգամ: Մինչև եկավ էդ օրը, ամբողջ Հեռուստառադիոպետկոմը գիտեր, որ այդ օրը Էլվինային հանելու են:

Պատմական օրն է: Բոլորս կանգնած ենք Ռադիոյի առաջին հարկի միջանցքում ու սպասում ենք, որ մրցույթը սկսվի: Նայեցի բոլորին ու ասացի.

– Չհասկացա, ոնց էլ համաձայնում եք, որ սկսնակ երգիչների հետ մրցեք, ու ինչ-որ միավորներով որոշեն` ո՞վ է մնալու:

Ոչ ոք ձայն չհանեց: Հասկացա, որ բոլորը տեղյակ են: Արտակ, չես պատկերացնի, ոնց որ կինո լիներ: Նայեցի.

– Հիմա դուռը բացվելու է, ասելու են՝ մրցույթը հետաձգվում է անորոշ ժամանակով:

Բոլորը կանգնած են, աչքի ծայրով ինձ են նայում: Դուռը բացվում է, դուրս է գալիս Արմեն Հովհաննիսյանը, թե. «Ընկերներ, կներեք, այնպես ստացվեց, որ մրցույթը հետաձգվում է, հավելյալ կտեղեկացնենք՝ երբ կլինի»:

Ինչը և պահանջվում էր ապացուցել: Ինձ ուզում էին հանել, բայց քանի որ ես բոլորին հայտարարել էի, պարզ է, որ իրենց պլանները գնաց ջուրը:

13950965_10207387029458161_153288619_o

13931541_10207387029498162_1523960105_o

13900388_10207387029618165_1011004812_n

13937024_10207387029418160_1609064599_n

13950708_10207387029578164_1939985016_o

Ա.Ա. – Այդ մարդկանցից որևէ մեկը երբևէ ձեզանից ներողություն չի՞ խնդրել:

– Ի՞նչ… Տեր իմ Աստված: Դրանից հետո, երբ որ ես Արմեն Հովհաննիսյանին տեսնում էի, այնպես էր անցնում, ոնց որ ինձ չի նկատել: Ուղղակի մժեղներ էին, փոքրոգի: Գիտես, ախր որպես մարդ, նույն Արմեն Հովհաննիսյանը լավ պատրաստված, կիրթ մարդ էր: Բայց էդ որտեղի՞ց էդ թարախը, չեմ կարող բացատրել:

Իսկ սա արդեն ամենասոսկալին էր: Զանգում են ինձ Մոսկվայից:

– Էլվինա ջան, Մոսկվայի Պետհամերգի ռեֆերենտ Գեորգի Բաննիկովն է,- ասում է զանգահարողը:

– Այո, Գեորգի Կոսնտանտինովիչ, լսում եմ:

– Էլվինա, ի՞նչ է պատահել, արդեն երրորդ հեռագիրն ենք ուղարկել Հեռուստառադիոպետկոմ: Քեզ Կանադա են հրավիրում, իսկ հեռագրերն անպատասխան են մնում: Ի՞նչ է պատահել: Վերջին հեռագրին էլ պատասխանել են, թե Էլվինա Մակարյանը պատրաստվում է երրորդ անգամ երեխա ունենալ:

– Ի՞նչ…

– Ոնց՝ ի՞նչ, ուրեմն ճիշտ չէ՞:

– Ես ձեզանից առաջին անգամ եմ լսում,- ասացի:

– Ուրեմն դուք հեռագրերից տեղյակ չե՞ք:

– Ոչ:

– Ուրեմն սենց, էդ ձեր բարդակ Պետկոմիտեում ճշտեք ու մեզ զանգեք: Այստեղ մանկապարտեզ չէ:

Հեռախոսազրույցից հետո մտածում եմ, թե ով կարող է հեռագրերին պատասխանել` կամ նախագահը, կամ տեղակալը: Տեղակալը Վիկտոր Սահակովիչ Սահակյանն էր: Գալիս եմ Վիկտորի կաբինետի դուռը ծեծում-բացում եմ, տեսնում եմ՝ Բելլան է նստած ու Արտաշեսը:

– Վիկտոր Սահակովիչ, երկա՞ր է: Բելլա ջա՞ն:

– Չէ, չէ, չէ, Էլվինա ջան, եթե բան ունես, արի,- ասաց Բելլան:

– Վիկտոր Սահակովիչ, Մոսկվայից ինձ զանգեցին, թե ինչ-որ հեռագրեր են ինձ համար ուղարկել Կանադայի հաշվով:

– Հա, հետո՞:

– Ո՞նց հետո, կա՞ն այդ հեռագրերը:

– Հա, կա:

– Էդ ճի՞շտ է, որ պատասխանել եք, որ երրորդ անգամ պատրաստվում եմ երեխա ունենալ:

– Հա, ճիշտ է,- պատասխանեց: Ես կանգնած եմ, Բելլան ու Արտաշեսն էլ հիպնոսացած ինձ են նայում:

– Չհասկացա, այսինքն՝ ինչպե՞ս հասկանալ այս ամենը:

– Ո՞նց հասկանալ, Էլվինա ջան, տենց էլ հասկացի՝ ինչո՞ւ, կարո՞ղ է ինձ ծեծես, թե՞ կախես:

Քարացա: Բելլան ու Արտաշեսը վատ եղան ու ցանկացան դուրս գալ սենյակից: Չթողեցի.

– Չէ, ինչո՞ւ եք դուրս գալիս, լավ է, դուք էլ լսեք:

– Հա, բա ինչ պետք է անես,- շարունակում է փոխնախագահը,- հերիք է, գնացիր, ման երկար, լավ է, հիմի տիտիկ արա քո Երևանում: Բա՞ն ես ասում, թե՞ ուզում ես ընդհանրապես չերգես:

Զգացի, որ սիրտս արդեն կանգնում է, շուռ եկա ու դուրս եկա: Բելլան ու Արտաշեսն էլ դուրս եկան: Դուրս եկան, Բելլան, թե` «Վայ Էլվինա ջան, էս քո տարածը, էս քո քաշածը, ես լինեի` երկրորդ օրը կկախվեի: Էս ի՞նչ ուժեղ մարդ ես»: «Բելլա ջան, շնորհակալ եմ, հարգում եմ քեզ այդ խոսքերի համար,- ասացի, ու արդեն բարձր խոսացի, որ Վիկտորն էլ լսի,- Դե, ինձ ասացին՝ էդ բարդակում տես ի՞նչ է կատարվում, ու եթե էս բարդակում այ սենց գ… բերաններ են նստած, էլ ի՞նչը պարզեմ: Թող գնան գրողի ծոցը…»:

Ոչ վեր կացավ, ոչ բան ասաց:

 

Դեմիրճյանն ու «տնային կալանքը»

– Որոշեցի դիմել Կարեն Դեմիրճյանին՝ նամակով, թե վիճակս վիճակ չի, ինձ այստեղ ոտնատակ են տալիս, այն աստիճանի է հասել, որ նախագահն ասում է՝ չգաս, չերևաս Ռադիոհեռուստատեսության շենքում, ոչ մի հնարավորություն չենք տալիս, աշխատավարձը կբերեն տուն: Նամակում գրել էի, սա ի՞նչ է` տնային կալա՞նք է: Մի նամակ, երկու նամակ ուղարկեցի, հետո մտածեցի՝ ի՞նչ է, Կարեն Դեմիրճյանն իր ընկերոջը պետք է նկատողություն տա կամ գործից հանի՞: Լավ, մտածեցի, Գորբաչովին գրեմ: Մեծ նամակ գրեցի ու ուղարկեցի: Այդ նամակից անցնում է մի երկու-երեք օր, ինձ Կենտկոմից կանչում են: Գնացի, Կարեն Սերոբիչն ինձ ընդունեց.

– Էս ի՞նչ է, Գորբաչովին նամա՞կ ես գրում:

– Կարեն Սերոբիչ, քանի անգամ ձեզ գրեցի, տեսա՝ բանի տեղ չի անցնում, ասի՝ Գորբաչովին գրեմ,- պատասխանեցի:

– Այ մարդ, գլխիցդ ձե՞ռք ես քաշել, գնա քո համար տունդ նստի, ռոճիկդ ստանում ես, դե վերջացավ գնաց,- ասում էր ու քմծիծաղով էր հետս խոսում ու մատ էր թափ տալիս: – Բայց ինչո՞ւ եք մատ թափ տալիս…

– Արա, հըլը դեռ խոսում է…

– Ինչու, խոսելն արգելվո՞ւմ է… Ես չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում, էս բարդա՞կ է, թե՞ երկիր է,- ասացի ու հեռացա: Բայց վերջում չդիմացա ու հիշեցրի նրան.

– Բայց դուք իմ պապայիս հետ, էն որ ապրում էիք Տպագրիչներում, ֆուտբոլ եք խաղացել:

– Գիտեմ, հիշում եմ,- պատասխանեց:

– Ու հիմա ինձ հետ այսպե՞ս եք վարվում՝ արհամարհում ու մա՞տ եք թափ տալիս,- ասացի:

– Ուրեմն սենց, Էլվինա ջան, գնա հանգիստ տուն: Անտոն Երվանդովիչի ժամանակ կարող է քեզ լավ են ընդունել, հիմա՝ գնա տունդ ու էլ չթպրտաս:

Կարեն Դեմիրճյանը լավ էլ գիտեր, որ Անտոն Քոչինյանը շատ էր ինձ հավանում, ու, եթե կարևոր միջոցառում էր լինում, ասենք` տիեզերագնացներն էին գալիս կամ մի պաշտոնական պատվիրակություն էր լինում, ես ներկա էի լինում: Մեր կազմը գրեթե նույնն էր՝ ես, որպես վունդերկինդ, Լուսինե Զաքարյանը, Պարի պետական անսամբլը, Գոհար Գասպարյանը, Տիգրան Լևոնյանը, Հովհաննես Բադալյանը:

Կարեն Դեմիրճյանի հետ զրույցից հետո սկսվեցին զանգերը: Մայրիկիս զգուշացնում էին՝ աղջկադ ասա, թող տնից դուրս չգա, թե չէ` Մինաս Ավետիսյանի օրը կընկնի… Դա էր: Ու վերջ: 1986 թվականից մինչև 1989 թվականը, ես արդեն «բեզվիեզդնոյ» էի, ու Ռադիոյին մոտիկ էլ չէի կարող գնալ… Աշխատավարձս էլ բերում էին տուն:

Ա.Ա. – Երեք տարի չեք աշխատել: Ի՞նչ էիք անում:

– Ինձ համար ստեղծագործում էի: Ռադիոյով տալիս էին ֆոնդային ձայնագրություններ, ու վերջ: Երեք տարի մղձավանջի մեջ ապրելուց հետո կարողացա վիզա ստանալ ԱՄՆ` երկու շաբաթով որպես զբոսաշրջիկ մեկնելու համար: Ամերիկայի համար որ տարիներով երազել էի, երբ ուղևորությունը ստացվեց, սիրտս կախ էր: Չէի ուզում գնալ: Նույնիսկ մորս պատմեցի: Նա էլ, թե` «բալիկ ջան, եթե սիրտդ կախ է, մի գնա»: Բայց գնացի: Պետկոմում արձակուրդ վերցրեցի ու մեկնեցի: Մեկ շաբաթ անց զանգում եմ տուն, մաման ասում է. «Էլվինա ջան, մի բան եմ ուզում ասել, բայց շատ չտխրես: Ես հենց նոր իմացա, որ քեզ հրամանագրով աշխատանքից ազատել են: Պատճառն էլ, թե` դու մշտական տեղափոխվել ես ԱՄՆ»: «Վերջապես նրանք հասան իրենց ուզածին»,- ասացի ու հազիվ զսպեցի լացս: Վիրավորական էր շատ: «Դրա համար, բալիկ ջան, ուզում եմ ասել՝ մի շտապիր վերադառնալու համար: Այստեղ այլևս գործ չունես: Տես, այդտեղ ի՞նչ կարող ես անել»,- ասաց մայրս:

Այդպես ես հարկադրաբար հաստատվեցի ԱՄՆ-ում:

 

Ամերիկա

Մութն ընկնում է: Գրեթե երկուսուկես ժամ զրույցից հետո, կեսգիշերին մոտ Էլվինայի հետ որոշում ենք սուրճ խմել: Խոհանոցում նա սուրճն է պատրաստում ու պատմում Ամերիկայից իր տպավորությունների մասին. «Դու մնում ես նույն անձը, Ամերիկան քեզ չի փոխում: Ուղղակի բացահայտում ես քեզ և մարդկանց: Ամերիկան ոնց որ հայելի լինի: Այն մարդկանց հետ, որ Երևանում շփվում էի, ու թվում էին շատ բարեհամբույր, այստեղ առնչվում ես, պարզվում է` կեղծ էին, շինծու էին: Ընդ որում, մեծ մասը: Երևի քառորդ տոկոսն է, որ մնացել են նույն մարդիկ»,- ասում է նա։

Կրկին տեղափոխվում ենք հյուրասենյակ: «Սև գույնով բաժակն իմն է, խնդրում եմ սպիտակը վերցնել… ես նեգատիվ բաժակով կխմեմ»,- ասում է։

Երկուսով ծխում ենք: Առաջին կումից հետո` զարմացած նայում եմ Էլվինային: Շատ աղմուկով էր խմում: «Չզարմանաս,- ասում է նա,- ես ձայնով եմ խմում: Գնացի Բեյրութ համերգների, ինձ հյուրընկալողները, երբ անձայն խմում էի, հանդիմանեցին, թե` «ասանկ, կոֆե կխմե՞ն: Սուրճը պիդի խմես, որ ձայն ըլլա: Ձայնով պիտի խմես»: Դրանից հետո սովորություն մնաց»:

 

Առաջին օրերը Ամերիկայում

– Ես սկզբից եկա որպես տուրիստ: 89-ին` որդուս հետ: Ուղղակի զբոսնելու: Դեռ գնալուց, մամայիս ասացի` մամ, չգիտեմ, շատ եմ երազել Ամերիկա գալ, բայց սիրտս կախ է: Մաման ասաց` բալիկ ջան, ուզում ես՝ մի գնա: Ասացի` չէ, կգնամ, բայց մի երկու շաբաթից հետ կգամ: Երկու շաբաթից զանգեցի, մամաս ասաց` հիմա ես քեզ բան եմ ասում, սրտիդ շատ մոտ չընդունես: Ինձ ասել են, որ Հեռուստառադիոպետկոմում քեզ աշխատանքից ազատել են` ասել են՝ Էլվինան տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության: Դրա համար, բալիկ ջան, մի շտապի վերադառնալ:

Այդպես մնացի: Ապրում էի ընկերներիս մոտ: Փորձում էի տեսնել՝ ինչ կարող եմ անել:

Մի օր Մարտին Յորգանցը հրավիրեց ռեստորան` Moscow nights, որտեղ երգում էր նաև Միխայիլ Շուֆուտինսկին: Խնջույքի մի պահի խնդրեցին, որ մի երգ կատարեմ: Երգեցի: Երկու օր անց Շուֆուտինսկին զանգեց, խնդրեց միասին աշխատել: Ասաց` դուք ելույթ կունենաք ամեն ուրբաթ և շաբաթ, որի համար կստանաք 500 դոլար: Սա կարգին փող էր 91-ին: Հա, ու պայման դրեց` պետք է երգեի ամերիկյան ջազ ու ֆրանսիական շանսոն:
Մի օր գալիս եմ, Շուֆուտինսկին համերգից հետո մոտենում է.

– Էլվինա ջան, հայերը սկսել են հաճախ գալ, կարող ես մի քանի հայկական երգ երգել:

– Այո,- ու նվագեցի:

– Չէ, այդպիսի բան չեմ ուզում: 6X8ով մի բան:

(Զարմացած իրեն եմ նայում.- Ա.Ա.) Արտակ ջան, 6X8-ը ռիթմ է, ռաբիսների ռիթմ է:

– Չեմ երգել ու չեմ էլ երգելու, Միշա, էս ի՞նչ ես ինձ խնդրում:

– Էլվինոչկա, խնդրում եմ մտածեք:

Ինձ այդ օրը բերեցին տուն: Տանը չունեմ ոչ մի գործիք: Ու մտածում եմ` 6X8 ի՞նչ երգեմ: Սարսափ: Երկու թուղթ վերցրեցի, գծեցի նոտաների թուղթ, մագնիտոֆոն վերցրեցի, որ ամեն դեպքում ձայնագրեմ, որ չմոռանամ: Ուրեմն ժամը երկուսն անց էր գիշերվա, որ նստեցի գրելու, առավոտ վեց անց կեսին ավարտեցի: Էդ գիշեր իրենց բառերով գրեցի երկու հատ երգ` «Յարո ջանն» ու «Երևանը»։

Ա. Ա. – Ո՞ր Երևանը։

– «Ամեն օր հիշում եմ ու կարոտում եմ, Երևան»…դա, ու մեկ էլ «Յարո ջան, ախ Յարո ջան, առանց քեզ ես կյանք չունեմ…»։

Հաջորդ օրը երեկոյան բերում են ինձ ռեստորան: Միշային զանգեցի, խնդրեցի, որ իմ հետևից շուտ գան: Ժամը տասնմեկին պետք է սկսեի իմ շոուն, ասի՝ մի տասի կողմերը թող ինձ բերեն: Գնացի: Միշան տեսավ, հարցնում է՝ ինչո՞ւ եմ շուտ եկել:

– Միշա, ես երկու երգ եմ հորինել իմ բառերով…

– Ի՞նչ, հաստա՞տ: Հիմա կերգես, կարող ե՞ս:

– Այո, ի՞նչ կա որ: Բոլորովին նոր երգեր են, ես եմ գրել, գիշերը՝ այսօրվա համար:

Իր դեմքից ես զգացի, որ չի հավատում կամ էլ մտածում է՝ երևի ստից երգեր են:

Եկավ իմ շոուի ժամանակը, մոտեցա, երաժիշտներին ռիթմը բացատրեցի, բաս-կիթառիստին խնդրեցի, որ ինձ մոտ կանգնի, տեսնի՝ ինչ բասեր որ վերցնում եմ՝ ինքն էլ վերցնի: Սկսեցի նվագել: «Յարո ջանը» չէի վերջացրել` ժողովուրդը ոռնալով սկսեց պարել: Նայում եմ Միշային` բերանը բաց ինձ է նայում: Շոուն վերջացավ, Միշան պետք է գար՝ փողը բերեր: Եկավ, նստեց.

– Էլվինա ջան, ասում ես, որ մեկ գիշերվա մեջ ե՞ս այս երկու երգերը գրել:

– Հա:

Նայեց ինձ ու պատասխանեց.

– Ես տեսել եմ, իհարկե, իմ դարում խենթ երաժիշտների, բայց քո պես խելառ դեռ չեմ տեսել: Դու աննորմալ ես:

Երևի մեկ տարի կամ մի քիչ ավելի Միշայի հետ աշխատեցինք: Ամեն ինչ լավ էր, բայց Հայաստանը կարոտել էի: Չէի դիմանում: Մի խոսքով, իրերս հավաքեցի ու թռա:

 

Վերադարձ Երևան

– Գնացի Երևան: 92 թիվն էր: Արդեն գիտեմ, որ Ռոբերտ Ամիրխանյանն է Կոմպոզիտորների միության նախագահը, որ Միրզոյանի վրայով անցել է, ինքը բոլորի վրայով կանցնի, միայն թե իր նպատակին հասնի: Իսկ Էդուարդ Միրզոյանը իմ համար էտալոն է մաքրության, ու Ռոբերտը եղել է իր հավերժ ուսանողը, երբ որ բոլորը ավարտել էին Կոնսերվատորիան, ինքը տեղափոխվում էր կուրսից կուրս, բայց եկավ ու նստեց նախագահ:

Որոշեցի նոր երգեր ձայնագրել: Այն ժամանակ դա անում էին միայն Կոմպոզիտորների միության ստուդիայում:

Արմեն Մարտիրոսյանը դաշնակահար էր, ասացի` ինձ արանժիրովկա է պետք, ու իր առաջին արանժիրովկաները սկսել է իմ երգերով, ինչպես` Արթուր Գրիգորյանը իր երգերը սկսել է իմ միջոցով: Այդ մասին չի պատմում, իհարկե, որովհետև հայերը չեն սիրում պատմել ոչ մի բան: Մի խոսքով, տղերքի հետ ձայնագրում ենք նոր ծրագիր: Ձայնագրության ընթացքում, տեխնիկական ինչ-որ պատճառով դադար տվեցին: Արմենն ասաց. «Էլվինա ջան, մի հինգ րոպե քո համար երգի, մինչև խոտանը նորոգենք»: Ես էլ իմ քթի տակ «Յարո ջանն» եմ երգում: Դու մի ասա, միկրոֆոնը անջատված չի: Տղերքը լսում են, հետո Արմենն ինձ կանչում է. «Էլվինա ջան, մի հատ կգա՞ս: Էս ի՞նչ երգ ես երգում»:

Ես էլ մի երկու բառով պատմեցի: Տղերքը կպան, թե զուտ հայկական կասետ ենք գրում: Ես էլ պատրաստ չէի. «Տղերք, ախր ես այս երկու երգն ունեմ, բայց կասետի համար մի ութ երգ պետք է»: Իրենք էլ թե` եթե մեկ գիշերվա մեջ երկու երգ ես գրել, քեզ մեկ շաբաթ ժամանակ՝ մի 10 երգ գրես-գաս: Ի՞նչ 10, 14 երգ գրեցի: Գիտե՞ս ում բառերով` իմ կուռքի` Հովհաննես Թումանյանի քառյակների հիման վրա: Արայիկ Գևորգյանին էլ կանչեցի, ինքը ձևավորումը արեց: Ու շատ լավ արեց: Ու ծնվեց էդ հայտնի իմ հայկական կասետը:

Բայց մի քիչ կասկածում էի: Մտածում էի՝ տեսնես ո՞նց կընդունեն: Կասետը թողարկել եմ, որոշ ժամանակ անց ինձ է զանգում լրագրող Ռուզան Մինասյանը, թե Ռուբեն Հախվերդյանին թերթերից մեկը հարցրել է` սիրո՞ւմ եք ռաբիս երաժշտություն, Ռուբենը պատասխանում է` ռաբիս չեմ սիրում, բայց կա մի հատ CD, որը առողջ հայկական երաժշտություն է, որի հեղինակը Էլվինա Մակարյանն է, ու Ռուբիկն ասել էր, թե՝ ես նորից չեմ դադարում զարմանալ նրա անսպառ տաղանդով…: Ասի` դե լավ է, խայտառակ չենք եղել:

 

«Կուկուռուզնիկն» ու ջազը

Երբ Հայաստանում էի, էն ժամանակ Ջազային քոլեջի ղեկավարն իմ ընկերն էր` Ակսել Բակունցը, հիանալի բաս-կիթառիստ, «Կոկա» էինք ասում: Նա խնդրեց, թե՝ քանի որ եկել ես Ամերիկայից, ջազային քոլեջ ենք բացել, արի-դասավանդի: Քոլեջն էլ «Կուկուռուզնիկում» էր: Համաձայնեցի, բայց մի պայմանով` ուսանողները պետք է գան իմ տուն: «Կուկուռուզնիկի» շենքից զզվում էի:

Ա.Ա. – Հիմա քանդել են:

– Տես, ես դեռ այն ժամանակ զզվում էի էդ շենքից: Մի խոսքով՝ համաձայնեց, որովհետև ես «Կուկուռուզնիկին» մոտ էի ապրում: «Պլանի գլուխ», բարձր 12-հարկանի շենքի հինգերորդ հարկում էի: Մոտ էր, ուսանողներն էլ քայլելով հանգիստ գալիս էին իմ տուն: Հա, աշխատավարձ էլ էին տալիս` 2500 դրամ: Շատ զավեշտալի էր: Ուրեմն քսան հատ ուսանող ունեի՝ նրանց մեջ՝ Արման Աղաջանյանը, Աշոտ Հախեյանը, Օհաննան, որ Արամ Ասատրյանի մոտ երգեց, իհարկե, շատ ափսոսեց… Ասացի` չեմ ուզում խոսեմ էդ հաշվով, դե գնա դամ պահի Արամ Ասատրյանին: Իսկ հետո, իհարկե, եկավ իմ ասածին:

Ուսանողներիս մեջ կար մի ուսանողուհի: Ես հասկացա, որ էս աղջիկը ձայն ունի, բայց ռիթմի զգացողություն չունի: Ես գրեցի էդ աղջկա համար երեք հատ երգ` որ ուզենար-չուզենար, երգելու էր ռիթմի մեջ: Անցնում է միառժամանակ, ու այս աղջիկը կարծեմ «Ամադեուս» ակումբում երգում է, և այնտեղ նստած է լինում Ռոբերտ Ամիրխանյանը: Բոլորի ելույթից հետո Ռոբերտն ասում է` բոլորից շատ ինձ այն աղջիկը դուր եկավ: Նա իրոք երգչուհի է: Էդ աղջիկն ինձ ասաց` դուք հասկանում եք, որ եթե դուք գնաք Ամերիկա, ես էլ չեմ երգի: Ասացի` հա, բայց ի՞նչ անեմ:

Ա.Ա. – Իսկ ո՞վ է այդ երգչուհին:

– Չեմ ուզում անունը տալ: Ինքը, որ կարդա` կիմանա:

Ա.Ա. – Դուք Հայաստանում ապրել եք այն ժամանակ, երբ բոլորը հեռանում էին Հայաստանից:

– Երեք տարի մնացի` մութ ու ցուրտ տարիներին: Ես եկա հենց այդ տարին, որ լրիվ մոմ էր, էդ քոլեջում, էդ ցրտին, հաշվետու համերգ տվեցի: Համերգի ժամանակ Օհաննայից սկսած՝ բոլոր ուսանողներս երգում էին, ու պարզ է` ես էլ նվագակցում էի: Այդ ցրտին, շուբայով նստած, մատներս սառած, նվագում էի` նրանք էլ երգում էին: Ու բոլոր դասախոսները նստած արցունքները աչքերին դիտում էին, այնքան տպավորիչ էր… որովհետև շատ լավ երգեցին ուսանողներս: Կոկան ասաց` Էլվինա ջան, էս քննություն չէր, ես մինի-շոու-համերգ էր:

Դա էլ արեցի ու որոշեցի վերադառնալ ԱՄՆ: Մայրս անընդհատ ասում էր, թե՝ արի, մի քանի տարի ապրի, որ քաղաքացիությանդ հարցը լուծվի: Ես էլ կրկին գնացի ԱՄՆ: Դրանից հետո Հայաստանում չեմ եղել: Արդեն տասը տարի է:

Ա.Ա. – Ինչո՞վ եք զբաղվել այս տարիներին։

– Արվեստով։ Ստեղծել եմ երեք ձայնասկավառակ, նկարահանել եմ տեսահոլովակներ, գրել եմ երգեր: Այստեղի երգիչների համար իրենց «ռազմերով» երգեր եմ գրում:

Ա.Ա. – Այսի՞նքն: Ո՞րն է այդ «ռազմերը»։

– Ես, իմանալով երգչի հնարավորությունները, գրում եմ այնպիսի երգ, որ ինչքան էլ ուզում է չկարողանա, միևնույն է` լավ երգի: Եվ ես միշտ զարմացել եմ, երբ որ կոմպոզիտորները գրել են միայն իրենց քմահաճույքով։

Ա.Ա. – Որո՞նք են վերջին շրջանի այդ երգերը։

– Օրինակ, Սաքոն, բեյրութահայ տղա է, գլենդելցի։ Ես երբ հեռուստատեսությամբ նրան տեսել եմ, շուտ ալիքը փոխել եմ։ Ու անգամ մտքովս չէր անցնում, որ մի օր նա պիտի գա ու ինձանից երգ խնդրի։ Երբ որ իրենք եկան, մամաս էն ժամանակ կողքս էր, ամեն ինչում մայրս մասնակցել է, ամբողջ արվեստագետ աշխարհը ավելի շատ գիտեր մորս, քան ինձ։ Մամաս նստած, կիսաժպիտով նայեց, գիտեր, որ տանել չեմ կարողանում, ասաց. «Սաքո ջան, ախր դու այնպիսի երգեր ես երգում, որ Էլվինան քո երգացանկի համար կարո՞ղ է գրել»։ Սաքոն թե՝ «ես մենակ մեկ փան հասկըցա, որ Էլվինա Մակարյանի երգերը պիտի երգեմ, որովհետև լըսեցա աս վերջին ժամանակներս իր նոր CD-ին, գժվեցա, խելագարվեցա, ու կուզիմ անանկ երգեր լինի»։ Դե պարզ է, «անանկ» երգեր չեմ կարող գրել, որովհետև գիտեմ, որ չի կարող երգել… Մի խոսքով, գրեցի նախնական մի հատ երգ…

– Դուք դյուրությամբ եք գրում նոր երգեր։ Կոմպոզիտորներն ասում են՝ ինչքան ձգձգում ես, տառապում ես երգերի վրա…,- ասաց նա:

– Այո, էնքան գինդ բարձրացնում ես… օ, ուրեմն սա մեծ գործ է, երեք ամիս է՝ մուսա պիտի գա: Ինձ լուսահոգի Թարիվերդիևն էն ժամանակ շատ լավ բան ասաց. «Դու ունիկալ մարդ ես երգարվեստում, բայց ինձանից քեզ խորհուրդ` երբեք մի բացահայտի քո գաղտնիքը, որ դու մեկ օրում կարող ես գրել մի քանի երգ: Մարդիկ կասեն` դե, ուրեմն իր համար հեչ բան է երգ գրելը, էլ ինչի՞ էդքան փող ծախսենք»: Ես էլ չհամաձայնեցի` ինչո՞ւ պետք է ստեմ: Ինքը նկատեց. «Էլվինոչկա ջան, երկիրն է այդպիսին` ինչքան ցույց տաս, որ տանջվել ես, էնքան ավելի շատ կգնահատեն: Սա մարդկանց պարզունակության հետևանք է»: Ու իրոք նա ճիշտ էր:

Հիմա էդ հարցը որ տվեցիր` գրեցի էդ երգը Սաքոյի համար, ու Ամանորյա ծրագրում երգեց: Ու գրված չէր ով է հեղինակը: Բոլորը զանգում-հարցնում էին` էդ Սաքոյի երգը կարո՞ղ է Էլվինա Մակարյանն է գրել: Ու ինքը էդ երգով սկսեց պոպուլյար դառնալ: Դրանից հետո Սաքոն կպավ ինձանից ու պոկ չեկավ: Երևի երկու ձայնասկավառակ ամբողջովին իմ գրած երգերով է թողարկել:

Ա.Ա. – Հիմա ի՞նչ եք անում։

– Հիմա նոր նախագիծ եմ ձայնագրել՝ անգլերենով: Բոլորը իմ երգերն են: Ոչ մեկին ցույց չեմ տվել, միայն Արմենս Մարտիրոսյան եկավ լսեց, քո տեղն էլ նստած էր: Ձեռքս համբուրեց, շատ հուզված էր: Այս ձայնագրությունը կապ չունի հայկական համայնքի հետ: Սա ամերիկյան շուկայի համար նախագիծ է:

Ա.Ա. – Չե՞ք մտածում Հայաստան վերադառնալու մասին: Չե՞ք կարծում, որ մնայիք Հայաստանում, ավելի շատ բան կարող էիք անել:

– Եթե ես գնամ Հայաստան, հիմա ավելի վատ կարող է ինձ տրորեն, քան առաջ: Այ հենց հիմիկվա միջակությունները, այդ մոլախոտը, որը դուրս է գալիս բեմահարթակ: Չէ… չեմ հավատում: Ես խոսք չունեմ ասելու այն անհատների մասին, որոնց գիտեմ, ու որոնք ապրում են Երևանում՝ Արմեն Մարտիրոսյանի նման մարդկանց, որոնք բացառիկ են, բայց մեծամասնությունը ավելի վատ կլինի, քան առաջ էր: Իմ վեցերորդ զգայարանը ինձ չի խաբում:

Ա.Ա. – Բայց ինչո՞ւ եք այդքան ռադիկալ մտածում:

– Արտակ ջան, դու ո՞նց ես կարծում: Ես, օրինակ, ոչ մի ազգության մեջ չեմ նկատել էդքան իրար տակ փորել, խաբել, թշնամաբար վերաբերվել, քծնել օտարին: Ես չեմ վերցնում այն մի չնչին տոկոսին, մեծամասնության մասին է խոսքը: Իսկական հայի գենը կորել է, շատ են խառնվել իրար: Իսկական հայերը նրանք են, որոնք իրար վատություն չեն անում, իրար չեն ծախում, բարեհամբույր են:

 

Մեր օրերի հայկական շոու-բիզնեսի մասին

– Ամեն ազգի դեմքը բնորոշում է իր արվեստը: Եթե մենք գժվում էինք Ամերիկայի համար ու համարում էինք դա հեքիաթային երկիր, մենք առաջին հերթին դա եզրակացնում էինք իրենց արվեստից` կինոյից, երաժշտությունից:
Հիմա, այսօրվա դրությամբ, ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Սովետական Միության տարածքում ու հենց Ռուսաստանում ինչ-որ մի հատ զիբիլ է բեմի վրա, աղբ: Երբ որ նայում ես, հասկանում ես՝ արվեստը գլորվում է ներքև: Բայց Ռուսաստանը մեծ է, դրանով ռուսները չեն կործանվի: Հայ ազգի համար, որ մի բուռ է մնացել, դա կործանարար է: Երբեմն նայում եմ՝ Հայաստանից հեռարձակվող հաղորդումներում ի՞նչ է կատարվում հայ երգի հետ, էստրադայի հետ, ոնց որ ժամանակը կանգնի ինձ համար, ու դեպրեսիա է սկսվում:

Ա.Ա. – Ի՞նչն է ձեզ անհանգստացնում, երգերի որա՞կը, երգիչնե՞րը…

– Ինձ չի նյարդայնացնում, ուղղակի խայտառակ դեպրեսիա է սկսվում մոտս… երգերը, երգելաոճը, ամեն ինչը, ամեն ինչը…, պահելաձևը, որակը, հաղորդավարների որակը: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այնտեղ հավաքվել են «մալակասոսներ»: Արտակ, երբ ես ձեզ էի նայում, դա բոլորովին այլ որակ էր ու ուրիշ ոլորտ էր` քաղաքականություն էր, տարբեր հարցեր, տարբեր ամբիցիաներ, ու դա ուղղակի հրաշալի էր… Երիտասարդ տղա, այսօրվա օրով, հավաքում է լսարան` քաղաքական գործիչների, և խաղում է նրանց հետ, ինչպես խաղալիքների հետ, և դա հրաշալի էիր անում: Իսկ ինչ վերաբերում է երաժշտական հաղորդավարներին` ամբիցիոզ, ինքնասիրահարված, «չալդրանյանական» վիճակները… անտանելի է:

Ա.Ա. – Շոու-բիզնեսի մասին զրույցը միշտ գալիս է այն հարցապնդմանը, թե արդյոք այն, ինչ կատարվում է` սա նոր միտո՞ւմ է, նոր ուղղությո՞ւն, թե՞ դեգրադացիա` հետընթաց:

– Դեգրադացիա է: Շատ ճիշտ ասացիք` ձևակերպումը հիանալի էր: Դա իրոք դեգրադացիա է:

elvi2

Ա.Ա. – Իսկ գուցե դո՞ւք եք պահպանողական:

– Ոչ, ես շատ օբյեկտիվ եմ, չափից դուրս օբյեկտիվ: Ես բախտավոր կլինեի տեսնել մի երևույթ, մի ստեղծագործություն, մի անձ, որ զգայի, որ ամեն ինչ կորած չէ: Գոնե մի հատ երգիչ, որ ասեի` օ, բրավո, չէ՛, կա՛: Բայց փոխարենը՝ միացնում եմ և տեսնում եմ, որ երգիչը, «կռավատներ» է դրած օպերայի բեմի վրա, ու այդ նույն երգիչը ևս երկու երգչով զինվորական շորերով կանգնած երգում են: Կարծեմ Քոչարյանը նստած էր այդ համերգին: Վերջ: Ասի՝ այո, սա վերջն է:

Ա.Ա. – Ձեզ ի՞նչը դուր չի գալիս` ե՞րգը, թե՞ մատուցման ձևը:

– Երգը զիբիլ էր, մատուցման ձևը զիբիլ էր…

Ա.Ա. – Լավ, իսկ ի՞նչ կարծիքի եք այսօրվա փոփ-աստղերի` Շուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի մասին: Նրանք կարծես թե և իրենց ոճն ունեն, և իրենց լսարանը: Նրանց արվեստը Ձեզ գոհացնո՞ւմ է:

– Իհարկե ոչ: Առաջինը՝ ես գիտեմ Շուշանի հնարավորությունները: Ես գիտեմ Նունեի հնարավորությունները: Նրանք այն երգերը, որ ես եմ պատկերացնում իրենց կատարմամբ, պարզապես չեն երգում, որովհետև այդ երգերի պահանջը չկա: Դրա համար, երբ որ ինձ այս տարի հրավիրեցին Հայաստան` Օպերայում համերգ տալու, ես շատ ուրախացա, երբ որ դա չկայացավ:

Ա.Ա. – Ինչո՞ւ չկայացավ:

– Կազմակերպիչներն անգլիական նոր համերգային տեխնիկա էին բերելու Հայաստան ու որոշել էին, որ առաջինն այդ տեխնիկայով պետք է համերգ տա Էլվինա Մակարյանը: Իսկ ես նրանց ասել էի՝ իմ տղայի մահվանից հետո ես չեմ ուզում բեմ դուրս գալ: Շատ համոզեցին, անընդհատ զանգում էին: Համաձայնեցի: Հոնորարը 10 հազար դոլար էր՝ օդանավի տոմսն ու հյուրանոցն էլ իրենց վրա: Պայման դրեցի՝ հոնորարի կեսը կվճարեն Գլենդելում, մնացածը՝ Երևանում: Տոմսը գնում են, հյուրանոցը վարձում են, Օպերան վարձում են, երեքշաբթի պետք է թռնեմ, շաբաթը գալիս է, տեսնում եմ՝ փողը չկա: Երևանից ասում են՝ ինչ-որ կոնֆլիկտ է եղել իրենց և անգլիացիների միջև, և էդ փողը երևի համերգից առաջ կտան: Ասի՝ Էլվինան վաղուց անցել է այդ էտապները, և թող իրենք դուրս գան և երգեն իմ փոխարեն: Չգնացի: Մյուս օրը զարթնեցի ասացի` Տեր իմ Աստված, շնորհակալ եմ, երևի այդպես էր պետք: Երբ տեսնում ես, թե ինչի պահանջարկ կա, ու ինչ երգերով են դուրս գալիս, հասկանում ես, որ դա է այսօրվա սերնդի ճաշակը: Ու ես հասկացա իրոք` գնում էի ո՞ւմ համար… էդ ո՞վ էր գալու ինձ լսելու:

Ա.Ա. – Այն մարդիկ, որ ձեզ լսել են, հիշում են…

– Չէ, ինձ պետք չեն նրանք, ինձ պետք են ջահելները: Ես այսօրվա շնչի արվեստագետ եմ: Ամեն օր իմ մոտ էսօրվա շունչն է: Ես հին վիբրացիաներով չեմ ապրում:

Ա.Ա. – Ինչի՞ց է, որ երգարվեստն ու երաժշտական ճաշակն անկում է ապրել:

– Ես չեմ թաքցնում, որ շատ լավ եմ հասկանում, թե ինչից է: Բայց դրա մասին չեմ ուզում խոսել: Ոչ թե վախենում եմ, այլ պարզապես Սպիտակ ագռավի դերում չեմ ուզում լինել, որովհետև իմ նմանները հատուկենտ են, որոնք լավ հասկանում են` ինչից է, ինչի՞ց է արվեստը այդպիսի վիճակում Հայաստանում…:

Ա.Ա. – Ուզում եք ասել, որ միտումնավոր է արված:

– Անպայման:

Ա.Ա. – Դա չէր կարող հենց այնպես լինել:

– Ոչ մի դեպքում:

Ա.Ա. – Դուք կարծում եք, որ սա կազմակերպվա՞ծ որակազրկում է:

– Անպայման: Չեմ կասկածում:

Ա.Ա. – Դրա պատճառները տնտեսակա՞ն են:

– Դա տնտեսական չի, պատճառը մեկն է, որպեսզի ցույց տան այսօրվա դրությամբ Հայաստանը՝ որպես Պակիստանի կամ Շրի Լանկայի մակարդակի երկիր:

Ա.Ա. – Իմ տպավորությամբ՝ դուք երևույթները ու այսօրվա շոու-բիզնեսի գույները մի քիչ խտացված եք ներկայացնում:

– Ոչ, ես այնքան սթափ ու օբյեկտիվ, ճիշտ տեսնող մարդ եմ, իմ տեսողությունը, խոսքը աչքերիս մասին չէ, երրորդ աչքիս մասին է խոսքը, իմ տեսողությունը ֆոկուսից ընկած չէ: Ես լավ ամեն ինչը ֆիքսում եմ:

Ա.Ա. – Հնարավո՞ր է շտկել շոու-բիզնեսի էսօրվա վիճակը:

– Ոչ, կարծում եմ՝ այլևս հնարավոր չէ:

Ա.Ա. – Գլենդելում է ապրում նաև Կոնստանտին Օրբելյանը: Շփվո՞ւմ եք:

– Էդքան` չէ: Զանգում ենք միմյանց: Հետո նրա մի ոտքը Երևանում է, մյուսը՝ այստեղ: Գիտե՞ս, ինձ հետ գործ բռնելը բոլորի համար շատ անկանխատեսելի է: Որովհետև վստահ չեն՝ եթե առաջարկեն, կընդունե՞մ, թե՞ ոչ, իսկ իրենք չեն սիրում «մանթոյի» մեջ ընկնել: Իսկ իրենք գիտեն՝ ես շատ անկանխատեսելի մարդ եմ՝ որ մի բան դուրս չեկավ, կասեմ` բան դուրս չի գալիս, չեմ անում: Բացասական հավակնոտություն կա հայերի մեջ, որ չեն կարողանում ճիշտը լսել:

«Բալիկիս մահվանից հետո կենդանի բան մեջս չմնաց»

– Չորս թոռ ունեմ: Երեք տղա, մի հատ աղջիկ:

Ա.Ա. – Ձեզ ինչպե՞ս են դիմում։

– Տատիկ։ Երբ թոռս ինձ ասում է՝ տատա, ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես զզվում եմ, որ թոռները տատիկներին անունով են դիմում, ու նրանք իրենց լավ են զգում, ինքնահաստատվում են։ Ես ինքնահաստատվելու խնդիր չունեմ։

Ա.Ա. – Ձեր դուստրն այժմ իր ընտանիքի հետ Հայաստա՞ն է տեղափոխվել:

– Այո, փեսաս այդպես որոշեց: Նա 10 տարեկան է եղել, երբ Իրանից եկել է Ամերիկա: Մեծացել է ԱՄՆ-ում, երբ ծանոթացանք՝ հայերեն էլ չէր կարողանում խոսել: Մեծ ընկերության նախագահ էր: Երեխաները երբ ծնվեցին, ասացի՝ Հրաչ ջան, չե՞ս ուզում գնալ մեկ անգամ հայրենիքդ տեսնել, կինդ՝ երևանցի, զոքանչդ՝ երևանցի… Գնաց տեսավ` կրակն ընկանք: Եկավ հայտարարեց, թե իր տղաները պետք է Հայաստանում մեծանան: Երբ դեռ այստեղ էին, զանգում էի թոռանս՝ Մարտո ջան, ասում էր՝ հը՞: Երեխան չէր կարողանում հայերեն խոսել: Հիմա, որ գնացել են Երևան, ի դեպ, տուն են գնել Նորքում, զանգում եմ Մարտոյին, ասում է՝ պրիվետ, տատա ջան, ասում եմ` ո՞նց ես, ասում է՝ դու լավ լինես, մեռնեմ ջանիդ… ասացի՝ յաաա՜, հիմա կարողանում ես խոսել: Է, Հայաստանի օդն ու արևը տեսնո՞ւմ ես՝ ինչ է անում:

Ա.Ա. – Ձեր որդին այս տարի կլիներ 30 տարեկան…

– Այո: Երկու տարի առաջ հեռացավ: Ինքն էնքան մեծ էր, իր տաղանդը, չափսերը, ամեն ինչում: Համակարգչի մեջ բոլորին կուտեր, երաժշտության մեջ՝ տասնապատիկ տաղանդավոր էր: Վեց տարեկանում Ֆիլհարմոնիկում երգեց: Անհասկանալի համեստությամբ էր տառապում: Ասացի՝ բալա ջան, դու տաղանդավոր ես, ի՞նչ ես գնացել կաբելային հեռուստատեսությունում մենեջեր ես աշխատում, կամ հիվանդանոցի մենեջեր, դու արվեստագետ ես: Ասաց՝ «չէ, մամ ջան, տղամարդու գործ չէ բեմ դուրս գալը, չէ, մայրիկ ջան»: Ամուսնալուծված էր: Շատ լավ աղջիկ էր, բայց չէին համապատասխանում իրար՝ թե հոգեպես, թե, առավել ևս, արտաքնապես: Բայց չտեսնված մարդ էր կինը: Բաժանվեցին, հետո ինքն իմ միջոցով ծանոթացավ իմ ընկերուհիներից մեկի հետ, որը սատանա դուրս եկավ: Ես չգիտեի, հետո իմացա, որ ինքը ջհուդ է ազգությամբ: Երեխա ունեցան: Ու այդ երեխան ծնվեց, Ռոմիկս համարյա մի ամիս հետո մահացավ:

Ա.Ա. – Դրանից հետո ինչ-որ բան գրե՞լ եք:

– Տղայիցս հետո շատ բան կոտրվեց մեջս: Ոչ մի բանի հավես չունեի: Բալիկիցս հետո կենդանի բան մեջս չմնաց… Ավելի ուշ սկսեցի աշխատել: Նրա մահից հետո էս ամերիկյան նախագիծն եմ գրել, որ իր օրոք եմ սկսել:

 

Նա ինքնասպան եղավ

Հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանի բնակարանում և այդ շենքում առավոտը սովորականի պես էր։ Հարևանների պատմելով՝ երգչուհին, ինչպես միշտ, արթնացել էր առավոտյան ժամը 6-ին։ Միշտ շատ վաղ էր արթնանում, լոգանք էր ընդունում և սկսում էր իր օրը։ Այդ օրը նա պետք է գնար ձայնագրման ստուդիա՝ առավոտյան ժամը 11:00-ին, իսկ հետո քրոջ հետ միասին՝ բժշկին այցելության։

Ստուդիայում, սակայն, նա չի հայտնվում։ Տան հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Քույրը` անհանգստացած, զանգահարում է ընկերներին, որոնք գալիս են, փորձում են մտնել բնակարան։ Դուռը կողպված է լինում։ Աստիճաններով բարձրանում են, պատուհանից տեսնում են նրա անշնչացած մարմինը, որից հետո որոշում են կոտրել դուռը։

Սկզբում բոլորը լռում էին, թե ինչ է պատահել: Մի բան էր միայն հստակ` երգչուհին մահացած էր: Ոստիկանությունը բնակարանում մի քանի ժամ զննելուց հետո երեկոյան կողմ հեռանում է: Սկզբում դուրս են բերում դեղին գույնի փաթեթ, հետո՝ երգչուհու մարմինը:

Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հատուկ հարցման միջոցով լույս է սփռում երգչուհու առեղծվածային մահվան շուրջ: Էլվինա Մակարյանն ինքնասպան է եղել: Նա հեռացել է կյանքից ատրճանակի օգնությամբ: Նույնիսկ նրա հուղարկավորությանը ու նույնիսկ հուշ-երեկոյի ժամանակ հրապարակային վարկածը «սրտի կաթվածն» էր:

Իմ ամբողջ լրագրողական կարիերայի ընթացքում Էլվինայի իրական մահվան մասին գրել-չգրելու որոշումը, թերևս, ամենածանրն էր ու ամենապատասխանատուն: Ես հասկանում եմ, որ սա ամենադառը ճշմարտությունն է իր դստեր ու նրա երեխաների համար, նրա քրոջ համար, որ կծկվել էր երգչուհու բնակարանի դռների առաջ ու անօգնությունից ու ցավից ողբում էր: Սակայն կարծում եմ՝ երգչուհու որոշումը խիստ գիտակցված էր: Դա կշռադատված հանրային քայլ էր՝ ուղղված մտավորականությանն ու հասարակությանը: Էլվինան հարցազրույցի ժամանակ ակնարկեց. «Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում: Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի, թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին»: Այժմ նրա հարազատները փորձում են գտնել այդ ձայնագրությունները:

Երբ խոսում էր իր երգերի մասին՝ նկատեց. «Ես չգիտեմ, մի 500, 600 երգ ունեմ, ու հիմա եթե ոչինչ չանեմ, մի քանի տարի կարող են իմ երգերը երգել»:

Էլվինա Մակարյանը կյանքից հեռացավ, որովհետև ուներ պատճառներ: Նոր հազարամյակը երգչուհու համար ճակատագրական էր: Սկզբում վախճանվեց նրա մայրը, որի հետ շատ կապված էր, ու որը նրա ամենամտերիմ մարդն էր, ընկերը, երկրպագուն, քննադատն ու ծնողը: Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան: Բայց ամենածանր հարվածն առջևում էր:

Ռոմանը՝ Էլվինա Մակարյանի միակ որդին, երկու տարի առաջ ինքնասպան է լինում՝ 28 տարեկանում: Կնոջից բաժանվելուց հետո նա այդ օրը բնակվելիս է եղել հյուրանոցում: Այդ երեկո Ռոմանն ունենում է ընդամենը մեկ այցելու՝ իր մայրը: Էլվինան որդու հետ է անցկացնում գրեթե ամբողջ երեկոն: Հետո հրաժեշտ է տալիս ու գալիս տուն: Մեկ ժամ անց Ոստիկանությունը զանգահարում է. Ռոմանն ինքն իրեն կրակել էր:

Էլվինա Մակարյանի բնակարանում չկար անկյուն, որտեղ չլիներ որդու նկարը: Մեծ սեղանին դրված լուսանկարի շուրջ մոմեր էին շարված: Ռոմանն Էլվինայի կյանքի գլխավոր տղամարդն էր, որի տաղանդով, հմայքով ու խելքով նա հիանում էր:

Թվացյալ հրապարակային կյանքով, բայց բոլորին անհայտ Էլվինան փորձում է վերադառնալ կյանք: Սկսում է ձայնագրությունները: Բայց այն, ինչ անում էր՝ ավելի շատ նախապատրաստական աշխատանք էր հիշեցնում: Նա պատրաստում էր իր հրաժեշտը:

Հենց այդ պատճառով նրա ընկերներն ու հարազատները զարմանքով տեղեկացան կտակի մասին: Էլվինան իր կտակում գրել էր, որ չի ցանկանում հուղարկավորվել: Նա կտակել էր՝ իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով նա խնդրել էր նաև հոգեճաշ չկազմակերպել: Չհավաքվել: Ուղղակի հիշել իրեն` յուրաքանչյուրն ինքն իր համար:

Ասում են՝ ուժեղ մարդիկ ունեն պարտականություններ, թույլ մարդիկ` իրավունքներ: Դա իսկապես այդպես է Էլվինայի դեպքում: Նա ուժեղ մարդ էր:

Մակարյան Էլվինան 14 տարեկանում սկսեց ու շարունակեց ընդամենը մեկ առաքելություն` նա հետևում էր բնության կանչին և պարտական էր իր տաղանդին ու երգարվեստին: Այդ պատճառով նա ուներ պարտականություն` պայքարել իր հանդիսատեսի իրավունքի համար:

Երգիչները` հայ թե ռուս, խորհրդային տարիներին պայքարում էին երգելու իրավունքի համար, Էլվինան` երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար:

Պիտակավորելը ցանկացած հասարակության և մերոնց ամենասիրած գործն է: Այդ պատճառով Մակարյան Էլվինան, որ հետո դարձավ Էլվինա Մակարյան, ԽՍՀՄ մրցույթների դափնեկիր, պիտակավորվեց կապիտալիստական, հետևաբար՝ ոչ խորհրդային, հետևաբար` ոչ հայկական, հետևաբար՝ ոչ ցանկալի երգչուհի: Ու հենց այդ պատճառով նրան հետապնդեցին: Ստիպեցին հեռանալ ԱՄՆ: Չթողեցին, որ վերադառնա: Դա ոչ նրա կամքով էր ու ոչ էլ ցանկությամբ:

Ու Ամերիկան, եթե այստեղ ես եկել ոչ վաղ հասակում` քեզ համար դառնում է օթևան, բայց ոչ` հանգրվան: Այդքանով հանդերձ՝ Էլվինան պետք է չմնար Հայաստանում: Պետք է գնար Մոսկվա կամ Գերմանիա: Պետք է հիացներ ուրիշներին և հետո միայն` վերադառնար տրիումֆով, որ ճաշակ ու ոճ թելադրեր:

Ինչ ունեցանք այսօր` երգչուհու ֆիասկո և կանացի ու մայրական մեծ ողբերգություն` քողարկված կենցաղային աշխուժությամբ: Ուղղակի նա ուժեղ էր այնքան, որ չէր հանդուրժում կարեկցանք կամ խղճահարություն:
Էլվինա Մակարյանի կենսագրությունը մեր անձնական ամոթն է: Մեր անձնական ողբերգությունը: Ամոթ մեզ, որ թողեցինք, որ հեռանա, ամոթ, որ նրանից այդպես էլ ոչ ոք ներողություն չխնդրեց, ամոթ, որ ունենալով երաժշտական հսկայական տաղանդ, փորձում էինք նրան վերաբերվել ու գնահատել որպես սովորականի:

Հայրենիքում առաքյալներ չեն լինում: Եվ վառ աստղեր՝ նույնպես: Մենք` նրա հետապնդողներն ենք, նրան արգելողները ու մարդասպանները: Հայ հասարակությունն Էլվինա Մակարյանին պարտք է ներողություն և ապաշխարանք: Մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ ու մեծ վարպետի առաջ, որն, ի դեպ, մինչ այսօր որևէ պետական մրցանակի, մեդալի, շքանշանի արժանացած չէ:

Երգչուհին անընդհատ պնդում էր. «Ես ինքս ինձ կողքից տեսնելու և լսելու ունակությունը ունեմ, ինչը, դժբախտաբար, մեծ մարդկանց մոտ չկա՝ տեսնել քեզ ու զգալ քո սխալը, դրա համար, եթե դու հնարավորություն ունես տեսնելու ու ինքդ քեզ կողքից նայելու, դու փրկված ես….»:

Ու հենց այսօր մեծացող վաղվա սերնդին փրկելու համար պետք է անկեղծանանք: Որ նոր սերունդը միջակությունն ու համահավասարեցումը չընդունի որպես նորմ, որ կեղծավորությունն ու անտարբերությունը չդառնա հանրային ախտ, որ տաղանդն ու ազնվությունը դառնա ոչ թե հաճելի, այլ պարտադիր ու միակ պայման՝ բեմում հայտնվելու համար:

Էլվինա Մակարյանին համարում էին հայկական Էդիտ Պիաֆ՝ փոքրահասակ, հզոր ձայնով, ուժեղ էներգիայով: Այդպիսին էլ մնաց ու նույնիսկ իր վերջին հարցազրույցում ասում էր. «Ես նոր օրը նոր կերպ եմ ապրում»:

Հայկական շոու-բիզնեսը կորցրեց ավելին, քան մեկ` առանձին վերցրած երգչուհու: Նա խորհրդանիշն էր ճաշակով ու բարձրաճաշակ հայկական երաժշտության: Նա վարպետ էր, որին լքել էինք, թողել էինք միայնակ, ու որին ոչինչ չէր մնում, քան իր վերջին քայլով ուղղակի հիշեցնել, որ ամենամեծ արժեքը մարդն է, ամենամահացու զենքը՝ անտարբերությունը:

 

Վերջաբանի փոխարեն

Երբ հեռանում էի երգչուհու բնակարանից, չգիտես ինչու, հարցրեցի. «Կներեք, բայց անընդհատ ուզում էի հարցնել… ի՞նչ գույնի են Ձեր աչքերը»:

«Օվկիանոսի… սովորաբար կանաչ են, բայց երբեմն դառնում են ավելի մոխրագույն, երբեմն՝ անգամ երկնագույն»:

Էլվինա Մակարյանի մահից մի քանի շաբաթ անց նրա հարազատները Խաղաղ օվկիանոսի վրա շաղ տվեցին երգչուհու մոխիրը: Ու ամեն անգամ Արևամուտի օվկիանոսը հիշեցնում է երգչուհու զարմանալի գեղեցիկ աչքերը: Խաղաղություն քո աչքերին, վարպետ:

Արտակ Ալեքսանյան
ԱՄՆ-Հայաստան

«3 Միլիոն»

15 Հոկտեմբեր, 2007