«Ես խոսք ունեմ…» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես խոսք ունեմ…»

ԱՄՆ նախագահական մրցավազքը դեռ եզրագծին չի հասել, բայց արդեն համաշխարհային ԶԼՄ-ի ուշադրության կիզակետում է: Իհարկե, լավագույն շոումենի տիտղոսը Թրամփին է պատկանում: Խոսքի և խոստումների մերօրյա ամերիկյան  պայքարի կոնտեքստում, որոշել ենք հիշեցնել պատմության այն պահերը, երբ խոսքն իսկապես արժեք է ունեցել…

Սթիվ Ջոբս. «Մահը, թերևս, կյանքի լավագույն հայտնագործությունն է, քանի որ պատճառ է հանդիսանում փոփոխությունների, մաքրելով հինը և ճանապարհ հարթելով նորի համար…»

«Ձեր ժամանակը սահմանափակ է, այնպես որ մի վատնեք այն ուրիշի կյանքով ապրելով և նրա գաղափարներով սահմանափակվելով: Մի ընկեք դոգմաների թակարդը, որը ստիպում է ապրել ուրիշի մտքերով…»:

«Թույլ մի տվեք, որ ուրիշների մտքերի աղմուկը խանգարի ձեր ներքին ձայնի խորհուրդներին, և որ ամենակարևորն է, ունեցեք խիզախություն հետևելու ձեր սրտին և ինտուիցիային. այն ինչ-որ անհասկանալի ձևով գիտի, թե ինչ եք իրականում ուզում, իսկ մնացյալը՝ երկրորդական է»:

Այս հանրահայտ ելույթը Ջոբսն ունեցել է 2005 թ. հունիսի 12-ին, Սթենֆորդի համալսարանի ավարտական միջոցառմանը, երբ արդեն քաջ գիտեր իր անբուժելի հիվանդության մասին: Ելույթը լավագույններից է, համարվում է ոգևորիչ ելույթ և, Ուկրաինայում հայտնի է որպես սկանդալային. այն 2011 թ. գրեթե նույնությամբ կրկնել է արդեն իր անունից՝ Ռաիսա Բոգատիրյովան, երբ ճառել է Կիև-Մոգիլյանյան Ակադեմիայի շրջանավարտների առջև:

 

Մարտին Լյութեր Քինգ. «Ես երազանք ունեմ…»

«Մենք միշտ պետք է մեր պայքարը մղենք արժանապատվության և կարգապահության դիրքերից: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր կենաց և ստեղծագործ պայքարը փոխակերպվի բռնության: Մենք պետք է հասնենք վեհ բարձունքների, ֆիզիկական ուժին պատասխանելով ոգու ուժով: Սևամորթ հասարակության խիզախությունը չպետք է անվստահության հիմք դառնա սպիտակամորթ մարդկանց մոտ, քանի որ մեր սպիտակ եղբայրներից շատերը գիտակցեցին, և ներկա են այստեղ, որ իրենց ճակատագիրը սերտորեն կապված է մեր ճակատագրի հետ, կապված է մեր ազատության հետ: Մենք չենք կարող միայնակ առաջ շարժվել»:

Մարտին Լյութեր Քինգն իր ելույթն ունեցել է 1963 թ. օգոստոսի 28-ին, Լինքոլնի Մեմորիալի մոտ, դեպի Վաշինգտոն երթի ժամանակ: Ամերիկյան հռետորական արվեստի միության կողմից ճանաչվել է իբրև 20-դ դարի լավագույն ելույթ:

 

Ջոն Քենեդի. «Մի հարցրու, թե ինչ է արել քեզ համար երկիրդ, այլ՝ թե դու ի՞նչ ես արել քո երկրի համար»

Ջոն Քենեդու ելույթը տեղի է ունեցել 1961 թ. հունվարի 21-ին և համարվում է հռետորական արվեստի էտալոն: Երդման արարողության ժամանակ հնչեցրած խոսքում, Քենեդին խոսել է արտաքին քաղաքական պլանների մասին. «Մենք ուզում ենք, որ բոլոր ազգերն իմանան, որ կանենք ամեն ինչ, կդիմանանք ամեն տեսակի փորձությունների, կլինենք բոլորի կողքին, որ ապրենք և լինենք ազատ»: Նա նաև կոչ արեց օգնել բոլոր նրանց ովքեր պայքարում են ազատության համար, պայքարել խաղաղության համար: Շատերը այս խոսքերում տեսել են իրական «Սառը պատերազմի մեկնարկը»:

 

«Sinews of Peace» («Խաղաղության ջղերը»)

Ուինսթոն Չերչիլի Ֆուլթոնում ունեցած ելույթը տեղի է ունեցել 1946 թ. մարտի 5-ին, Վեսթմինսթերյան քոլեջում, որը ԽՍՀՄ-ում ընդունվել է իբրև «Սառը պատերազմի» սկիզբ: Ելույթում առաջին անգամ պատմության մեջ կիրառվել է «երկաթյա վարագույր» եզրույթը:

 

Արքայի խոսքը

Մեծ Բրիտանիայի Արքա Գեորգ 6-ի ելույթը համարվում է դարակազմիկ: Այն բրիտանացիներին ազդարարեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին: Ունենալով խոսքի արատ, արքան հրաշալիորեն հաղթահարելով լեզվական թերությունը, անզուգական ճառ է ներկայացրել: Այս ելույթը առիթ է հանդիսացել նաև հայտնի «Արքան խոսում է» ֆիլմի ստեղծման համար: