Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են աշխարհի ամենամեծ ընկերությունները համեմատվում երկրների հետ։ Weforum.org կայքը գրում է, որ նոր հետազոտությունն ուսումնասիրել է կառավարություների եկամուտը և այն համեմատել է աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսների եկամուտների հետ։ «Գլոբալ արդարադատությունն այսօր» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 100 գլոբալ տնտեսական օբյեկտները։ 100-ից 69-ը ընկերություններ են. ընդամենը 31 երկիր է ներառվել ցանկում։
Ընկերությունները՝ երկրների դեմ
Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը։ 2015թ. երկրի կառավարության եկամուտը կազմել է 3.3 տրիլիոն դոլար։ Չինաստանը երկրորդ տեղում է, Գերմանիան՝ երրորդ։ Առաջին տասնյակը զբաղեցնում են պետությունները. այս «մենաշնորհը» խախտում է միայն «Walmart» ընկերությունը։ Դրա եկամուտը կազմում է ավելի քան 480 մլրդ դոլար։ Զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը՝ «Walmart» ընկերությունն իր եկամտով գերազանցում է Ավստրալիային, Հարավային Կորեային և Հնդկաստանին։ «Walmart»-ին հաջորդում են հիմնականում ընկերություններ և ընդամենը 22 պետություն։
Բիզնեսի մենաշնորհը
Այս ցանկը ներառում է ամենամեծ 10 ընկերություններին և նրանց դիրքն ընդհանուր ցանկում։ «State grid» ընկերությունն աշխարհի երկրորդ ամենամեծ բիզնեսն է, որն ընդհանուր ցանկում զբաղեցնում է 14-րդ տեղը։ «China National Petroleum» ընկերությունը զբաղեցնում է՝ 15-րդ, իսկ «Sinopec Group» ընկերությունը՝ 16-րդ հորիզոնականը։ Երեքն էլ ավելի մեծ եկամուտ ունեն, քան Հյուսիսային Կորեայի կառավարությունը. տարեկան եկամուտը կազմում է մոտավորապես 300 մլրդ դոլար։ «Royal Dutch Shell» ընկերությունը հաջորդում է նրանց. գտնվում է 18-րդ հորիզոնականում և առաջ է անցել Մեքսիկայից ու Շվեդիայից։ «Exxon Mobil», «Volkswagen» և «Toyota Motor» ընկերությունների եկամուտն ավելի մեծ է, քան Հնդկաստանի կառավարության եկամուտը։ «Apple» և «BP» ընկերությունները եզրափակում են թոփ տասնյակը. այս ընկերությունների եկամուտը գերազանցում է Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ռուսաստանի կառավարությունների եկամուտները։ Կարևոր է նկատել, որ կառավարությունների եկամուտները հիմնականում ավելի փոքր թիվ են կազմում, քան համախառն ներքին արդյունքը։ Օրինակ, Ռուսաստանի կառավարության եկամուտները կազմել են 216 մլրդ դոլար, ՀՆԱ-ն՝ 1.3 տրիլիոն դոլար։
Գլոբալիզացված աշխարհ
Ցանկից պարզ է դառնում տնտեսական ուժի տարածումը։ Բրազիլիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը մտնում են թոփ 20-ի մեջ։ 10 ամենամեծ բիզնեսները ևս հստակ գլոբալ տեսք ունեն՝ Չինաստանից՝ Հոլանդիա. այս ամենը հեռու է ԱՄՆ-ի մենաշնորհից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը