Գեղարքունիքի մարզում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է ջրաճահճային վայրերում բնադրող թռչունների գարնանային չուն: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի վայրի թռչունների խնամակալ, «Սևան ազգային պարկի» պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանը, իրենց կողմից կատարված դիտարկումները ցույց են տվել, որ Սևանա լիճ թափվող գետաբերաններում արդեն նկատվել են գարնանային չվող ջրլող թռչունների առանձին տեսակներ:
«Մեր կողմից կատարված դիտարկումների արդյունքում արդեն նկատվել են լայնակտուց, մոխրագույն, մեծապոչ բադերը, խայտաբադը, շիկակարմիր, մոխրագույն և սպիտակ փոքր տառեղները, ճահճային գիշատիչ ճուռակները: Առավել մեծ խմբերով երևում է կարմիր բադը: Քանի որ Սևանա լիճը շարունակում է մնալ սառցե կապանքներում, եկվոր թռչունների խմբերը հավաքվում են Սևան թափվող գետերի գետաբերաններում, որոնք հիմնականում ազատ են սառցե շերտից: Թռչունների կուտակումներն առավել շատ են Գավառագետի և Արփա-Սևան ջրատարի ելքերում»,- պատմեց Արտակ Սարգսյանը:
Ըստ թռչունների խնամակալի հաշվարկների՝ նկատված յուրաքանչյուր թռչնատեսակից հաշվվել է մոտ 200-300 թև, իսկ հիմնական տեսակներն ու քանակական ավելացումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում, երբ Սևանա լիճը կազատվի սառույցի շերտից՝ բնակության համապատասխան տարածք ստեղծելով եկվոր թռչունների համար: Իսկ «Սևան» Ազգային պարկի պահպանության բաժնի և մասնաճյուղերի աշխատակիցների համար առաջնահերթ խնդիր է դարձել թռչունների պահպանությունը որսորդներից և գիշատիչ գազաններից:
«Պահպանությունն իրականացնում ենք շուրջօրյա՝ ցերեկային և գիշերային ժամերին: Կանխում ենք ցանկացած տեսակի թռչունների որսն այս օրերին, հոգում ենք նաև թռչունների պահպանության խնդիրը վայրի գիշատիչ գազաններից, որոնք հարձակվում են հատկապես գիշերային ժամերին՝ ափամերձ այն հատվածներում, ուր հավաքվում են թռչունները: Թռչունների համատարած չուն այս տարի Սևանի ավազանում գրանցված ցուրտ եղանակի պատճառով ուշացել է մոտ 15-18 օրով»,- հավաստեց Արտակ Սարգսյանը: