Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Դուբայը միշտ տարբերվել է իր բազմազանությամբ: Քաղաքը չի դադարում զարմացնել զբոսաշրջիկների և նոր տպավորիչ նախագծերով, շինություններով, որոնք անհնար է չնկատել իրենց ծավալների շնորհիվ: Նման մի մասշտաբային շինություն կարելի է համարել ծաղիկների պարտեզը՝ «Dubai Miracle Garden»-ը: Հրաշքների պարտեզի մեկնարկի օրը պատահական օր չի եղել. դա եղել է սիրահարների օրը: Այդ օրվանից ի վեր պարտեզը հայտնի է նաև իր ռոմանտիկ նշանակությամբ:
Անապատի այս օազիսը ունի 72 000 քմ մակերես, որը զարդարում են շուրջ 45 միլիոն ծաղիկ, որոնք հիացնում են իրենց գունեղությամբ: Բույսերը հիմնականում ներկրվել են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և այլ երկրներից: Պարտեզի թագուհի է հռչակվել պետունիան, որի տարբեր տեսակներ կարելի է հանդիպել այստեղ:
2013 թ. կառուցվել է 800 մետրանոց պատը, որը ողողված է ծաղիկներով, դրանով իսկ տեղ գրավելով Գինեսի ռեկորդների գրքում: Այգում կա 4 կմ երկարությամբ հետիոտնային տարբեր անցումներ:
Այստեղ անվտանգության կանոնները բավական խիստ են. պետք է պահպանել մաքրությունը, իսկ ծաղիկ քաղելը կամ գետնին նստելը խստիվ արգելվում են: