Օրական առնվազն մեկ բաժակ թեյն՝ առանց կաթի, շաքարի և այլ համային հավելումների, կարող է նվազեցնել ծերունական թուլամտության առաջացման վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Սինգապուրի Ազգային համալսարանի գիտնականները, որոնք յոթ տարվա ընթացքում դիտարկել են ռիսկի խմբին դասվող հիվանդներին:
Ծրագրի ղեկավար դոցենտ Ֆեն Լեյի խոսքով՝ բավական է օրական շուրջ 200 միլիգրամ թեյ՝ կարևոր չէ, թե ինչ թեյ՝ սև, կանաչ, ուլուն. գլխավորը, որ այն լինի տերևային և առանց արհեստական հավելումների, խորհուրդ չի տրվում նաև փաթեթիկներով թեյը:
Գիտնականները կատարել են դիտարկումներ, որոնց մասնակցել է շուրջ հազար հիվանդ: Պարզվել է, որ թեյի կանոնավոր գործածումը 61 տոկոսով նվազեցնում է կոգնիտիվ խախտումների առաջացման վտանգը: Բացի դրանից, հետազոտությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնց մոտ ախտորոշվել են գենետիկ փոփոխություններ, որոնք հանգեցնում են Ալցհայմերի հիվանդության առաջացման: Փորձագետների տվյալներով՝ թեյի կանոնավոր գործածումը 86 տոկոսով նվազեցրել է նրանց մոտ այդ հիվանդության առաջացման վտանգը: Վիճակագրության համաձայն՝ Սինգապուրի՝ 60-ից բարձր տարիքի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը տառապում է ծերունական թուլամտությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: