Բրիտանացի մարզիկ Մարկ Բոմոնդը մտադիր է 80 օրում հեծանվով կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն և համաշխարհային ռեկորդ սահմանել: Այդ մասին հայտնել է Guardian թերթը:
Հեծանվի թամբիկի վրա բրիտանացին մտադիր է անցկացնել 75 օր, երեք օր նա մտադիր է ծախսել թռիչքների վրա և ևս մի քանի օր թողնել չնախատեսված հանգամանքների համար: Ամեն օր, ինչպես ենթադրվում է, հեծանվորդն անցնելու է 240 մղոն (386 կիլոմետր), երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 18 հազար մղոն (շուրջ 29 հազար կիլոմետր):
Բոմոնդը պլանավորում է իր ճանապարհորդությունն ապրիլի 2-ին սկսել Փարիզում: Այնտեղից նա Պեկին կուղևորվի Լեհաստանով, Լիտվայով, Ռուսաստանով ու Մոնղոլիայով: Այնուհետև նա մտադիր է կտրել-անցնել Ավստրալիան, Նոր Զելանդիան և ԱՄՆ-ը:
«Ես այդ մասին երազել եմ երկար տարիներ»,- խոստովանել է հեծանվորդը: «Ես կցանկանայի այս ճանապարհորդությամբ վստահություն ներշնչել մարդկանց, որպեսզի նրանք մարտահրավեր նետեն իրենց հնարավորություններին, որպեսզի, օրինակ, երիտասարդները մի պահ կանգ առնեն և մտածեն. «Իսկ ինչպիսին են իմ 80 օրերը»,- հավելել է նա:
Ավելի վաղ Բոմոնդը հեծանվով արդեն կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն, 2008 թվականին նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ երկրի շուրջն անցնելով 195 օրում: Ընթացիկ ռեկորդը 2015 թվականին սահմանել է նորզելանդացի մարզիկ Էնդրյու Նիկոլսոնը, երբ երկրագունդը հեծանվով անցել է 123 օրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: