«…Ես հայ թերթերը կարդում եմ՝ վրդովվելու, հայհոյելու համար… Տեսնել հայկական աղետն ու առողջ մնալ, անկարելի է… դաշնակցական թերթերը կարդում եմ, դաշնակցականներին եմ հայհոյում, կոմունիստական թերթերը կարդում՝ սրանց հայհոյում, իսկ ռամկավար-հնչակ թերթերը անպատիվ եմ համարում կարդալ…
Մարտիրոս Սարյանին. 28 սեպտեմբերի. 1924. Վենետիկ»
Սա հատված է Ավետիք Իսահակյանի նամակների նոր հրատարակված ժողովածուից: 267 նամակ, մեծ մասն անտիպ, որ ընդգրկում են Վարպետի կյանքի ավելի քան վեց տասնամյակ՝1895-ից 1957 թվականները:
Նամականին, որ հավաքագրել և կազմել էր գրականագետ Արփիկ Ավետիսյանը, պատրաստ էր տպագրության դեռևս 1991-ին:
«Անտիպ և չհավաքված նամակներ»,- այսպես էր նա անվանել ժողովածուն: Սակայն այն լույս չտեսավ: Արփիկ Ավետիսյանը հեռացավ կյանքից, իսկ անկախ Հայաստանի նորաստեղծ պետությունն անկարող գտնվեց հոգալու գրքի տպագրման ծախսերը: Ձեռագիրը վերադարձրեցին հարազատներին, որոնք էլ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի պահանջով հանձնեցին արխիվ, որտեղից էլ այն անհետացավ:
«Մայրիկս` ազգագրագետ Իոննա Ավագյանը փորձեց սևագրությունների հիման վրա ամբողջացնել տատիկիս բազմամյա աշխատանքը, սակայն չհասցրեց»,-ասում է Արփիկ Ավետիսյանի թոռնուհին՝ Լիլիթ Ավագյանը:
«Տատիկիս ու մայրիկիս անավարտ գործը ես փորձեցի հասցնել ավարտին: Հավաքեցի, ծանոթագրեցի, խմբագրեցի և հրատարակեցի գիրքը՝ ի կատար ածելով նրանց երազանքը»։
Տպագրությունն իրականացվել է շնորհիվ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և ԵՊՀ հրատարակչության աջակցության:
«Հետևել նման մարդ-անհատի կյանքի ընթացքին՝ չափազանց հետաքրքիր էր,- ասում է Լիլիթ Ավագյանը: -Իսահակյանն ապրեց մեր երկրի ամենադրամատիկ ժամանակահատվածներից մեկում, և նրա թղթին հանձնած մտորումներն իր հայրենի երկրի այս պատմական ընթացքի և իրադարձությունների մասին, պետք է որպես փաստագրական նյութ հետաքրքրի նաև պատմաբաններին»:
Դեռևս Արփիկ Ավետիսյանի «Նամականու» համար առաջաբան ու կարծիք էին գրել գրականագետներ Հովհաննես Ղանալանյանն ու Սևակ Արզումանյանը, որոնք ներառվեցին այս գրքում:
«Կատարված է մեծ ու շնորհակալ գործ, և այն պետք է վարձատրել ըստ արժանվույն»,- գրել էր Սևակ Արզումանյանը. «…Իսահակյանի նամակները խոստովանություններ են: Տառապող ու սիրող մեծ հոգու խոստովանություններ։ Հաճախ Իսահակյանի կենսագրությունը հենց այնպես, թեթև հետևողներն անխռով ու հանգիստ վայելքներ, արտասահմանյան ճամփորդությունների հովվերգական բերկրություն են տեսել: Նամակները պարզում են հակառակը. Նույնիսկ չքնաղ Վենետիկն ու շռայլ Փարիզը չեն կարողացել վանել նրա հոգու մռայլը…»: