«Պատանին իր երևակայական կերպարը ստեղծում է համացանցում և փորձում է նրան նմանվել»,- այս մասին ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, Երևանի հոգեբանական ծառայության հոգեբան Խաչիկ Գասպարյանը: «Համացանցն իդեալական վայր է ինքնահաստատվելու և շրջապատին իր ցանկացած կերպարով ներկայանալու համար: Համացանց մուտք գործելիս, պատանուն պատում է կեղծ իրականություն, որով ապրում և որին հավատում է»,- ասաց Խ. Գասպարյանը:
Վերջինիս խոսքով, եթե պատանին անընդմեջ նստում է համացանցի առջև` մոռանալով կամ երկրորդական պլան մղելով այլ կարևոր հարցեր, ուրեմն նա արդեն իսկ կանգնած է որոշակի խնդիրների, համացանցից ունեցած կախվածության առջև:
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է երեխային հետ պահել համացանցից և համակարգչից, Խ. Գասպարյանը պատասխանեց. «Նախ՝ պետք է ընկերաբար մոտենալ պատանուն, հաճախ զրուցել նրա հետ, որպեսզի հավանական արգելքների դեպքում պատանին չմտածի, թե նա ընտանիքի, մարդկանց թշնամին է: Հատկապես անցումային տարիքում պատանիներին պետք է ավելի զգույշ և հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, լինել նրանց ընկերը, որպեսզի խուսափեք հնարավոր հետագա խնդիրներից: Հնարավոր է արգելքներ դնել, օրինակ՝ ժամանակացույց, որի ընթացքում երեխան կարող է նստել համակարգչի առջև, բայց որոշակի պայմանի դեպքում:
Այդ պայմանները պետք է ծնողը հարմարեցնի իրեն, օրինակ, երեխան կարող է նստել համակարգչի առջև, եթե ավարտի դասերը, կամ, եթե առաջադիմությունը բարձր լինի, և այլն: Նման կոմպրոմիսների դեպքում ծնողի և երեխայի հնարավոր սայթաքումը փոքր հավանական կլինի»,- ասաց հոգեբանը:
Հարցին, թե կարելի՞ է համակարգչային խաղերի միջոցով պարզել, թե երեխան ունի՞ արդյոք որոշակի հոգեբանական խանգարումներ, թե՞ ոչ, Խ. Գասպարյանը պատասխանեց, որ, թեև շատ հավանական է երեխաների մոտ այս կամ այն խաղից ստացած որոշակի հոգեբանական շեղումները, բայց դա ևս սուբյեկտիվ է:
«Չի կարելի միանշանակ ասել, որ հնարավոր է, և չի էլ կարելի բացառել: Եթե երկու երեխա խաղում է այդ նույն խաղը, երկուսի դեպքում էլ ռեակցիան կարող է տարբեր լինել: Մեկի վրա այն կարող է ազդեցություն թողնել, մյուսի մոտ՝ ոչ: Սակայն հավանականությունը մեծ է, որ ագրեսիա, սպանություն, կրակոցներ պարունակող խաղերի դեպքում երեխաների մոտ կարող է առաջանալ ագրեսիա՝ ուղղված ընտանիքի անդամներին, հանրությանը, շրջապատին»,- ասաց Խ. Գասպարյանը: Վերջինս ծնողներին զգուշացրեց՝ հետևողական լինել իրենց դեռահաս երեխաների նկատմամբ և, թեև հնարավոր չէ ամբողջությամբ հսկել երեխայի համացանց կատարած մուտքերը, բայց վերահսկողությունն անհրաժեշտ է:
Հիշեցնենք, որ ըստ հետազոտությունների, Հայաստանը պոռնոգրաֆիկ նյութերի որոնումների քանակով առաջին հորիզոնականում է: Դեռևս չկա այնպիսի վիճակագրություն, ըստ որի՝ պարզ կլիներ, թե Հայաստանի պատանիների որ տոկոսն է օգտվում սոցիալական կայքերից: