Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Սիրո խոստովանություն» պատմությունը (պատմում է Եղիշե Չարենցի մանկության ընկերը):
– Ես աստծո ինչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն էլ նայում:
Հանգստացնում էի:
– Եղիշ, – ասում էի, – Աստծուց հեչ մի նեղանա. բանաստեղծի տաղանդ բաժանելիս Կարսում մենակ որ քեզ է տեսել, քի՞չ ես համարում:
Քիթը կնճռոտում էր:
– Այ Աղասի, – ասում էր, – աղջկան ի՞նչ պետք է, թե տղան տաղանդավոր է, էս է, էն է: Աղջկան գեղեցկություն է պետք: Թե չէ, տաղանդը ոչ կգրկես, ոչ կհամբուրես:
Էլի էի հանգստացնում:
– Դարդ մի արա, Եղիշ ջան, – ասում էի, – կմեծանաս՝ կգեղեցկանաս:
– Խե՞նթ ես, – քմծիծաղում էր: – Այ տղա, որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է:
Մի անգամ, նման խոսակցությունից հետ, հենց էնպես, հարցրի.
– Եղիշ, իսկ փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան:
Խնդաց:
– Խելքս հացի հետ չեմ կերել, – պատասխանեց: – Փորձեմ, որ խայտառակվե՞մ:
Էսպես խոսում էր, ինչպես ասացի, երբ մնում էինք երկուսով: Ուրիշների, մանավանդ աղջիկների ներկայությամբ, գլուխը բարձր էր պահում, քիթը՝ ցից, կեպին՝ ավելի ծռած, իբր, տեսեք ու իմացեք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի: Իսկ որևէ տղայի ու աղջկա իրար հետ մենակ զբոսնելիս տեսնելիս, ավելի հպարտ էր պահում իրեն: Արհամարհանքով նայում էր աղջկան, և շպրտում.
– Էրնեկ քեզ, դու էլ պիտի ասես՝ ոսկի եմ գտել: Աբգար աղայի տղային թողած, Եղիշե Չարենցին թողած, ո՞ւմ ետևից ես ընկել: Եվ ահա մի անգամ էլ էդ Եղիշե Չարենցը բռնացրեց ինձ, թե.
– Ալայան, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:
Ունքերս իրար տվի:
– Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
– Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա, – պետքս էլ չի:
Բանաստեղծություն կնվիրեմ, և վերջ: Սերս թե կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:
Ու գրեց.
Քնել չի լինում…
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Սերը անպատասխան մնաց:
Չեմ հիշում ինչքան ժամանակ էր անցել, երբ մի խումբ աշակերտ–աշակերտուհիներ, հավաքված քաղաքային այգում, հանգիստ զրուցում էինք մեզ համար, ասում-խոսում: Մեկ էլ ասես գետնի տակից, բուսավ Չարենցը, արագ մոտեցավ ինձ ու, ոչ էս, ոչ էն, բռնեց օձիքս:
Լյուսիի հետ մոտ ես, հա՞, – բարձրացնելով բռունցքված ձեռքը, գոռաց նա,–հիմի ես քեզ մոտիկություն ցույց կտամ:
Տղաների օգնությամբ մի կերպ ազատեցի օձիքս, իսկ Լյուսի Թառայանը, որ աղջիկների մեջ էր, դուրս եկավ տեղից, առաջացավ ու քիփ կանգնեց Չարենցի դեմ-դիմաց. ոնց որ՝ քիթ քթի:
– Եղիշ, – ասաց, – Աղասուն հանգիստ թող. ոչ նա է ինձ մոտ, ոչ ես՝ նրան: Ես ոչ ոքի հետ էլ մոտ չեմ: Իմացիր, քեզ հետ էլ չեմ ուզում մոտ լինել:
Չարենցը, որ աղջկա էդ խոսքից վիրավորված զգաց իրեն, քիչ ետ կանգնե ու ոտից-գլուխ չափեց նրան:
– Չես ուզում, մի էլ ուզի, – վեր ցցելով գանգուրները, ասաց նա: – Զարմացրի՛ր: Դու էլ հավատացիր, թե սիրո՞ւմ եմ քեզ: Չեմ սիրում:
Ոչ մեկին էլ չեմ սիրում: Հետո եմ սիրելու: Իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:
Ասաց ու գլուխը՝ բարձր, կեպին՝ ծուռ, թողեց հեռացավ:
Երեկոյան երևաց մեր տանը:
– Այ տղա, – ներողություն խնդրողի պես, խոսեց նա, – ցերեկը դու էլ կարծեցիր, թե իսկապես խփելու եմ քեզ: Ավազա՞կ եմ, ինչ է: Էդ հարայ-հրոցը բարձրացրի, իմանալու՝ Լյուսին ինչ կասի: Բան էլ չասաց: Տերն իր հետ:
Հանկարծ փռթկացրեց:
– Համա՜ սեր բացատրելու ձև էի գտել, հա՜:
Էլի օրեր անցան:
Եվ ահա նորից բռնացրեց ինձ:
– Ալայան, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:
Ունքերս էլի իրար տվի:
– Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
– Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա: – Պետքս էլ չի: բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:
Ու գրեց.
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Էդ սերն էլ անպատասխան մնաց: Վշտացավ:
– Էլի բան դուրս չեկավ, – ասաց դառնացած:
Քիչ անց ասես գտավ իրեն:
– Այ տղա, – վրա բերեց , – ի՜նչ լավ է, որ դու կաս, թե չէ, թամամ կխայտառակվեի Կարսում: Սերս քեզ հայտնելուց հետո, սիրտս հանգստանում է, ու ես քաշվում եմ մի կողմ: Բանաստեղծություններին մի նայիր, ի՜նչ բանաստեղծ, որ աղջիկ չերգի, սեր չերգի: Մի րոպե լռեց:
– Գիտե՞ս ինչ, – ավելացրեց, – երևի իսկապես իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:
Մի օր եկավ այդ սերը:
Սովետական տարիներն էին: Պետությունը որոշել էր պետական թատրոն ու ստուդիա ունենալ: Եղիշե Սողոմոնյանն էլ արդեն Եղիշե Չարենց էր: Մանկության ընկերները կրկին հանդիպում են, Աղասին` որպես դերասան, Չարենցը` Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Որոշում են նշել այդ պատմական օրը: Երեկույթը տեղի էր ունենալու Վարդան Միրզոյանի տանը: Հավաքույթին շուք տալու համար դրսից մարդ են հրավիրում, նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել դրամատիկական ստուդիայի ստեղծման հետ: Իհարկե, հրավիրվածների մեջ առաջին հերթին պետք է լիներ Եղիշե Չարենցը՝ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչը:
Նստել էինք սեղանի շուրջը՝ մենք, հյուրերը: Չարենցը չկար: Չկար՝ չկար, Աստված իր հետ. մինչև առավոտ չէինք սպասելու: Դյադյա Միրզոն ոտքի կանգնեց, բարձրացրեց լիքը բաժակը:
– Տղաներ ու աղջիկներ, – սկսեց նա, – հայ թատրոնի ապագա դերասաններ ու դերասանուհիներ…
Էդ րոպեին էլ դուռը բացվեց, շեմքում երևաց Չարենցը:
Վարդան Միրզոյանը ցած դրեց բաժակը: Մենք, ուրախացած, տեղ բաց արինք Չարենցի համար:
– Ընկեր Չարենց, եկեք մեզ մոտ:
– Չարենց, արի նստիր կողքիս:
– Եղիշե, ինձ մոտ:
Չարենցը տեղից չշարժվելով, հայացքը դես ու դեն գցեց:
– Աղասի Ալայանը էստե՞ղ է:
Նոր գլխի ընկա, որ խմած էր: Հարբած չէր, բայց խմած էր: Կողքից էլ, սովորական ատրճանակի տեղ, մաուզեր էր կախված:
– Էստեղ եմ, Եղիշ, – անհամարձակ ձեն տվի ես:
Աչքը գցեց վրաս:
– Էստեղ ես, հա՞, – ասաց: – Շուտով չես լինի:
Սիրտս վատ բան գուշակեց:
Մարդիկ քարացած մեկ Չարենցին էին նայում, մեկ՝ ինձ. սև կատո՞ւ էր անցել ընկերների միջով:
– Դուրս եկ տեղիցդ ու առաջ արի, – էլի ասաց նա:
Ճարս ինչ. բարձրացա տեղիցս ու առաջ գնացի:
– Կանգնիր էդտեղ, – ասաց, ոչ, ի՜նչ «ասաց», հրամայեց, երբ երկու քայլի վրա էի իրենից:
Սիրտս վատ բան էր գուշակել, ճիշտ էր, բայց էն, ինչ տեղի ունեցավ, ո՜ւմ մտքով կանցներ:
– Արփիկին ես սիրում, հա՞, սուկին սին, – ձենը ավելի բարձրացնելով, գոռաց Չարենցը: – Խլե՞լ ես ուզում նրան: Ես հիմի քեզ սիրել ցույց կտամ, խլել ցույց կտամ:
Ասաց, ձեռքը դեպի մաուզերը տարավ, հանեց և՝ ուղիղ ճակտիս:
– Հիմի դու քոնը կստանաս:
Տղամարդիկ իրար անցան, աղջիկները ճչացին:
Ապրես դու, Օրի Բունիաթյան, առյուծի պես տեղից վեր ցատկեց, հասավ ետևից, բռնեց Չարենցի ձեռքը, ոլորեց, ու խլեց մաուզերը:
Կյանքս փրկված էր: Բայց, վա՜յ էն փրկվելուն՝ լեղիս ջուր էր կտրել. բերանումս էլ թուք չէր մնացել, որ չորանար:
Սենյակը կամաց-կամաց խաղաղվեց: Մի կերպ ես էլ ուշքի եկա:
– Եղիշ, հազիվ կարողացա կմկմալ, էդ ի՞նչ ես ասում, ամոթ չէ՞: Կարսում իրար ճանաչել ենք, ընկերներ եղել, հիմի էլ ընկերներ ենք: Կարսում աղ ու հաց ենք կերել: Հիմի էլ պիտի ուտենք: Բա ես էդպիսի նամարդություն կանե՞մ:
Չարենցը շփոթվեց, կախեց գլուխը. նրան էլ էր երևի հասել կատարվածի անհարմարությունն ու անտեղիությունը: Սակայն ոչ ես էի կարողանում տեղից շարժվել, ոչ նա: Մարդիկ էլ պապանձվել էին, ոչ ձեն, ոչ ծպտուն: Վախի՞ց: Չէ՛, վախը վաղուց էր անցել: Ամոթի՛ց:
Մեկ էլ մի ձեն հասավ ականջիս. մեկը տվեց նրա անունը.
– Եղի՛շ:
Արփիկն էր, Արփենիկ Աստվածատրյանը, որ թողել տեղը, եկել կանգնել էր Չարենցի առաջ:
– Եղի՛շ, – կրկնեց, – ինձ նայիր:
Վա՜յ էն նայելուն, որ Չարենցը նայեց նրան:
– Չէ, ոչ էդպես, – նկատեց Արփիկը: – Բարձրացրու գլուխդ: Մի քիչ էլ: Ա՛յ, էդպես: Թե չէ, գլուխ կախելը քեզ չի սազում: Դե հիմի լսիր: Ի՜նչ Աղասի, ի՜նչ բան: Էդ որտեղի՞ց հնարեցիր: Թող մարդիկ իմանան, թող աշխարհը իմանա. ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Սպասում էի, թե ուր որ է, սեր կբացատրես ինձ. տեսնում էի, որ դու էլ իմ օրումն ես: Է՞ս էր քո սեր բացատրելը: Արյունո՞վ էիր ուզում շաղախել իմ ու քո սերը:
Անակնկալից երևի հիմի էլ Չարենցի լեղին էր ջուր կտրել, թուքն էլ՝ չորացել:
– Արփի՛կ, – իրեն կորցրած, մոռանալով որ շուրջը մարդիկ կան, շշնջաց նա, – ի՞նչ իմանայի, թե էդպիսի բան կա, թե… Արածս հենց դրա համար էր. տեսնելու՝ սիրո՞ւմ ես ինձ: Ախր, ես գժվում եմ քեզ համար: – Նորից գլուխը կախեց: – Ներիր, Արփիկ ջան:
Դարձավ դեպի ինձ:
– Դու էլ ներիր, Ալո ջան:
– Անաստված, – բամբ ձենով սենյակը լցրեց Օրի Բունիաթյանը, – մարդուն սպանել էր ուզում, հիմի կանգնել է, թե՝ ներիր: Լա՜վ է, հը՜մ:
Սենյակը լցվեց Չարենցի ծիծաղով:
– Ինչե՞ր ես դուրս տալիս, – բացականչեց նա: – ես ու մարդ սպանե՞լ: Էն էլ Աղասո՞ւն: Ու էդ մաուզերո՞վ: Օրի ջան, դրանով իսկի ծիտ չի սպանվի, ո՜ւր մնաց՝ մարդ:
Շշմելու հերթը Օրի Բունիաթյանին հասավ, կարծում էր՝ մարդու կյանք էր փրկել, իսկ դուրս է գալիս, որ … Չարենցին նայեց, ինձ, Արփիկին, մարդկանց, ձեռքին դեռ բռնած մաուզերին: Արագ բաց արեց նրա փակաղակը և ընկավ առաջին պատահած աթոռին:
– Ես քո հավատն եմ անիծել, հը՜մ, – հազիվ կարողացավ ասել նա:
Մաուզերը դատարկ էր. ոչ փամփուշտ, ոչ բան:
Գարեգին Բես «Երկեր երեք գրքով. գիրք երրորդ»