Դպրոցների օպտիմալացումն այն գինն է, որը պետք է վճարենք աշակերտների թվի նվազման դիմաց
Advertisement 1000 x 90

Դպրոցների օպտիմալացումն այն գինն է, որը պետք է վճարենք աշակերտների թվի նվազման դիմաց

Նախորդ շաբաթվա վերջին Կրթության և գիտության նախարարությունում վարչապետին զեկուցեցին, որ արդեն պատրաստ է 20 դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ Նշվեց նաև, որ առաջիկայում կփակվեն կամ կմիավորվեն քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները, իսկ հետագայում՝ նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները։ Այս որոշման իրականացումը բավական լուրջ ցնցումներ է առաջացնելու համակարգում, քանի որ Հայաստանի շուրջ 1400 դպրոցներից համարյա 1000-ն ունի 300-ից պակաս աշակերտ։ Ճիշտ է, այդ դպրոցների զգալի մասը գյուղերում է, բայց մեծ թվով փոքր դպրոցներ կան նաև քաղաքներում։ Օրինակ՝ միայն Երևանում այդպիսի շուրջ 80 դպրոց կա։ Օպտիմալացումը ենթադրում է նաև դպրոցների վարչական, տնտեսական, մանկավարժական աշխատողների կրճատում։ Ըստ նախարարության տվյալների՝ դպրոցների 35 տոկոսը թերբեռնված է։ Դպրոցների օպտիմալացում Հայաստանի կառավարությունը, ի վերջո, պետք է աներ, քանի որ պաշտոնապես բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվն ավելին է, քան անհրաժեշտ է։

Հայաստանում այսօր կան դպրոցներ, որոնցում ավելի շատ ուսուցիչներ կան, քան աշակերտներ։ Հայաստանում այսօր դպրոցներ կան, որտեղ, օրինակ, 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտները համատեղ են դաս անում, քանի որ աշակերտների թիվը քիչ է։ Ուսուցիչը 20 րոպե աշխատում է մի դասարանի հետ, 25 րոպե՝ մյուս դասարանի։ Կան դպրոցներ, որոնցում մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա։ Հայաստանի դպրոցներում այսօր աշխատում է դպրոցական կրթություն ունեցող շուրջ 100 ուսուցիչ, չնայած ամեն տարի Հայաստանի մանկավարժական բուհերն ու քոլեջներն ավարտում են հազարավոր շրջանավարտներ։

Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը

Առկա իրավիճակը ստեղծվել է բազմաթիվ գործոնների արդյունքում։

Անկախության տարիներին Հայաստանի դպրոցականների թիվը գրեթե կիսով չափ նվազել է։ Եթե 25 տարի առաջ մենք ունեինք ավելի քան 610 հազար աշակերտ, ապա այսօր Հայաստանի աշակերտների թիվը շուրջ 365 հազար է։ Ընդ որում, մենք այսօր ունենք գրեթե նույնքան դպրոց, որքան ունեինք խորհրդային տարիներին։

Մյուս պատճառն այն է, որ տնտեսության այլ ճյուղերում չեն ստեղծվել բավարար թվով աշխատատեղեր, և այս ֆոնին դպրոցը, հատկապես՝ մարզերում, ծառայել է՝ որպես կայուն աշխատանք գտնելու հնարավորություն։ Այս տարիների ընթացքում դպրոցներն օգտագործվել են երկրում առկա սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով։ Զարգացած երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ուսուցիչների մեծ պակաս կա, քանի որ տնտեսության այլ ճյուղերում կան ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Հայաստանում նման աշխատատեղերի թիվը շատ փոքր է։

Փոխվել է նաև դպրոցների կառուցվածքը։ Ստեղծված իրավիճակի վրա էապես ազդեց առանձնացված ավագ դպրոցների ստեղծումը։ Նախատեսվում էր երկրում ստեղծել 150 ավագ դպրոց։ Ի վերջո, այսօր ունենք մոտ 110 ավագ դպրոց։ Ընդ որում, դրանց զգալի մասը Երևանում է։ Հաշվի առնելով, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին տրվեցին արտոնություններ բուհեր ընդունվելու հարցում, մեծ թվով աշակերտներ այսօր ավագ դպրոց գնալու փոխարեն՝ գնում են քոլեջներ։ Սա էլ իր հերթին՝ բերեց ավագ դպրոցներում աշակերտների թվի նվազման։ Առկա է նաև աշակերտների շարժ դեպի մասնավոր դպրոցներ։ Վերջին 10 տարում շուրջ 4 հազարով ավելացել է մասնավոր դպրոցների աշակերտների թիվը։

Արդյո՞ք օպտիմալացումը լուծում է

Օպտիմալացումը ծանր գործընթաց է։ Բայց դա այն գինն է, որը մենք ստիպված ենք վճարել արտագաղթի, ծնելիության նվազման և դրա դեմ միջոցներ չձեռնարկելու դիմաց։ Նման գործընթացների համար հասարակությունները ուշ-ուշ են վճարում, բայց շատ թանկ։

Դպրոցական կրթության ոլորտում 2004-2005 թվականներին Հայաստանն արդեն մեկ անգամ իրականացրել է օպտիմալացում։ Այդ տարիներին փակվեցին ու միավորվեցին մի քանի դպրոցներ, կրճատվեցին մի քանի հազար ուսուցիչներ։ Օպտիմալացման թիրախն էր՝ միջինում մեկ ուսուցչին հասնող աշակերտների թիվը հասցնել 14-ի։ Սակայն Հայաստանը չհասավ նպատակակետին։ Նույնիսկ օպտիմալացումից հետո մեկ ուսուցչին բաժին էր ընկնում միջինում 11.3 աշակերտ։ Այսօր այդ ցուցանիշն ավելի է վատթարացել։ 2016-ին միջինում մեկ ուսուցչին բաժին էր ընկնում 10-ից էլ քիչ աշակերտ։ Նման իրավիճակը տնտեսական տեսանկյունից խնդրահարույց է։ Վերջին տասը տարիներին Հայաստանում ուսուցիչների աշխատավարձի բարձրացում տեղի չի ունեցել։ Հակառակը՝ նվազել է ուսուցիչների զգալի մասի ծանրաբեռնվածությունը, և, բնականաբար, աշխատավարձը։ Նման իրավիճակ կար նաև Հունաստանում։ Երկրում ուսուցիչների թիվը շատ ավելին էր, քան անհրաժեշտ էր։ Ըստ ամերիկացի հայտնի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի՝ ուսուցիչների թվի ավելցուկը դարձավ տնտեսական կոլապսի պատճառներից մեկը։

Հայաստանի դպրոցների օպտիմալացումը հասունացած հարց է։ Բայց շատ կարևոր է, թե ի՞նչ նպատակով և ինչպե՞ս կարվի այդ օպտիմալացումը։ Եթե օպտիմալացման նպատակը պարզապես դպրոցներ փակելով կամ միավորելով ֆինանսական միջոցների խնայումն ու աշխատավարձերի չնչին բարձրացումն է, ապա դա լավագույն տարբերակը չէ։ Օպտիմալացման նպատակը պետք է լինի կրթության որակի բարձրացումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, եթե կրթության որակը չես բարձրացնում, էական չէ, թե աշակերտը քանի հոգանոց դպրոցում կսովորի։ Կարևոր է դպրոցական միջավայրի և ուսուցիչների որակը։ Ուրեմն, օպտիմալացման նպատակը պետք է լինի կրթության որակի բարձրացումը։ Եվ որպեսզի այդ նպատակը հասանելի լինի, պետք է օպտիմալացումն արվի արդար ձևով։ Ոչ մի լավ ուսուցիչ չպետք է դուրս մնա, քանի որ իր դպրոցը փակվել է։ Իսկ վատ ուսուցիչը չպետք է մնա դպրոցում միայն այն պատճառով, որ իր դպրոցը մեծ է և չի փակվելու։ Եթե օպտիմալացման արդյունքում ուսուցիչների որակը չպետք է բարձրանա, ապա չարժե ևս մեկ անգամ ցնցել համակարգը։

ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»