Ֆինանսների և ընդհանրապես հասարակության հետագա զարգացման մասին իր կանխատեսումն է արել գործարար և «Сколково» բիզնես-դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը
– Հիշում եմ, երբ դեռ 2008-ին զրուցում էինք, ԱՄՆ-ում գլուխ էր բարձրացրել հիպոթեքային ճգնաժամը: Այն ժամանակ ասացիք, որ արդյունաբերությունը խիստ կձևափոխվի: 9 տարի անց ինչպե՞ս է փոխվել ֆինանսական արդյունաբերությունը:
– Պետք է ասեմ, որ ոչ միայն մեր, այլ ողջ աշխարհի ֆինանսական արդյունաբերությունն է 9 տարիների ընթացքում փոփոխման ենթարկվել:
– Դեպի դրակա՞նը, թե՞ հակառակը: Ո՞ր ուղղությամբ ենք շարժվում:
– Ցանկացած փոփոխություն ենթադրում է թե՛ դրականը, թե՛ բացասականը: Հասկանալի է, որ անցկացրել ենք խոշորագույն ֆինանսական ճգնաժամ, անցել ենք ֆինանսական կարգավորումներում պետական ինստիտուտների կոպտագույն միջամտությունների միջով: Ընդ որում, ամեն տեղ, բոլոր երկրներում: Կարծում եմ, որ Ռուսաստանում ուշ ենք սկսել ավգյան ախոռները մաքրելու գործը: Այժմ նոր տեխնոլոգիաների շնորհիվ ունենք ֆինանսների կառավարման և կազմակերպման նոր տեսլականներ: Դրանք իրենց հերթին՝ սպանեցին որոշ մասնագիտություններ, փոփոխեցին հմտությունները, որոնք հաջողակ լինելու համար էին: Արդյունքում՝ ստացանք կարգավորումների ավելի կոշտ ձևեր, նաև նոր հնարավորություններ, պրոդուկտներ, և միաժամանակ՝ ֆինանսական արդյունաբերության տեխնոլոգիականացման տրենդն ակներև է:
– Ուրեմն, շուտով գործիքի և ներդրողի միջև միջնորդ չի՞ լինի:
– Կարծում եմ, որ, ասենք, ընկերության և պետության միջև խորհրդատուների կարիք չի լինի: Չի լինի նաև հաշվապահների և աուդիտորների կարիքը: Օրինակ՝ լար եք անցկացրել, և արդյունքում՝ Ֆինանսների նախարարությունը դա կարողանում է տեսնել ակնթարթորեն: Դրա համար պետք չէ, որ լինի ևս մեկը, որը պետք է դա նկարագրի: Մեզ սպասում են ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք արդեն ակներև են ոչ միայն սահմանափակ թվով մարդկանց համար, այլև շատերի: Իսկ դա առաջացրեց վախ, ապագայի հանդեպ առկախված վախ:
– Ակտիվորեն զարգանում են կրիպտոտարադրամային և բլոկչեյն համակարգերը: Եվ ֆինանսական աշխարհը կամաց-կամաց քոչում է այնտեղ, բայց այնտեղ կարգավորման մեխանիզմ չկա… իսկ դա ակտուալ դարձավ հատկապես վերջին ամսվա ընթացքում՝ կրիպտոտարադրամների կապիտալիզացիան քառակի աճ է գրանցվել: Ո՞վ կարող է դա բացատրել: Կարգավորող օրգանը կգնա՞ այնտեղ՝ ֆինանսիստների հետևից: Այդ գործընթացը հետագա զարգացում կունենա՞:
– Այո, միանշանակ՝ կգնա: Հարցն այն է, թե ո՞ր կարգավորող օրգանը: Ընդհանրապես, մենք ունիկալ իրավիճակում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ սկսած 80-ական թվականներից, երբ ածանցյալ թղթի երկրորդական շուկան դարձավ ավելին, քան իրական տնտեսությունը, մենք ունեցանք 2 տարբեր օֆշորային շուկաներ՝ իրականը՝ համաշխարհային տնտեսության նյութատեխնիկական բազայով, և դերիվատիվայինը: Այսինքն՝ ունենք որոշակի վիրտուալիզացիա, այդ թվում՝ նաև ֆինանսական ոլորտում: Եվ ո՞վ պետք է կարգավորի այս ամենը… Մի խոսքով, կունենանք մի հասարակարգ, ուր 80 տոկոսը չի աշխատելու, բայց վճարվելու է: Արդեն իրատեսական են այն քննարկումները, որ մեզ մեքենաներով են փոխարինելու, և, որ մեքենաները պետք է հարկվեն: Մարդիկ տանը նստած կդիտեն տարբեր զվարճանքներ, կամ կլինեն վիրտուալ աշխարհում, և այլն:
– Այդ ժամանակ ի՞նչ տեղի կունենա ինֆլյացիայի հետ:
– Բայց ինֆլյացիա կլինի՞: Մեքենայի համար ի՞նչ դրամական միջոցներ են հարկավոր, որ նա հաջողակ վարք դրսևորի: Մենք պարզապես այլ հասարակարգում ենք հայտնվելու: Ապրանքադրամային բոլոր հարաբերությունները, որոնց սովոր ենք 18-րդ դարից և Կարլ Մարքսից՝ փոխվելու են: Եվ դա վերաբերելու է ոչ միայն վարկավորմանը և վերաֆինանսավորմանը: Դա ընդհանրապես այլ բան է լինելու…
– Իսկ այդ օրը շո՞ւտ է գալու:
– Փոփոխություններն ամենօրյա են: Իսկ նմանատիպ կյանքը գերակշռող կարգավիճակ կստանա 15-20 տարվա ընթացքում, բայց առաջիկա 3-5 տարվա ընթացքում նման բան չի լինի: Բայց դա ոչինչ է: Ահավասիկ, նոր Ռուսաստանը 27 տարեկան է, փոփոխությունների տեմպն ակներև է: Տեսեք, հեռուստակոմունիկացիոն համակարգերը ստեղծվեցին 90-ականներին, աճելով՝ վերածվեցին հսկայական բջջային ընկերությունների, բայց արդեն մահանում են: Այլ խոսքով՝ ունենք ոչ միայն ապրանքների պարբերականություն, այլև ընկերությունների և մնացյալ ամեն ինչի կյանքի տևողություն:
– Այո, հիմա քչերն են հիշում փեյջերները:
– Այո, իսկ տեսամագնիտոֆոնի մասին երեխաներն ընդհանրապես չգիտեն, այո…
kommersant.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը