Ռուբեն Վարդանյան. «21-րդ դարում գլխավոր ակտիվը փողը չէ, այլ՝ մարդը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուբեն Վարդանյան. «21-րդ դարում գլխավոր ակտիվը փողը չէ, այլ՝ մարդը»

Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը bfm.ru կայքը հրապարակել է ս.թ. հունիսի 5-ին:

Հյուսիսային մայրաքաղաքում ավարտվեց Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը: Business FM-ի հյուրն է գործարար Ռուբեն Վարդանյանը: Նրա հետ զրուցել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Իլյա Կոպելևիչը:

– Մեր ստուդիայում է ռուսական շուկայի լեգենդար դեմքերից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, ով միշտ կարողացել է առաջ նայել, հաշվարկներ անել մի քանի քայլ առաջ: Հավանաբար նա այդպես է վարվում նաև հիմա: Դուք թողնելով ֆինանսների ոլորտը, կենտրոնացել եք կրթության վրա: Այսինքն այն ժամանակ էլ, հիմա էլ, գտնում եք, որ ճի՞շտ եք վարվել:

– Ես իսկական գերազանցիկի պես եմ վարվում: Եթե մի դասը լավ եմ սովորել, այդ ուղուց չեմ շեղվում: Արդյունաբերական երկրում կարևորը՝ կապիտալի կենտրոնացումն է: Այդպես կառուցում ես մեծ գործարաններ, որը պահանջում է փողի մեծ կենտրոնացում, մարդկային ռեսուրսի կենտրոնացումը նույնպես շատ կարևոր է:

21-րդ դարում անընդհատ պետք է կրկնել. գլխավոր ակտիվը, փողը չէ, այլ՝ մարդը: Առանց խոշոր գումարների մարդը, ունենալով 500 դոլար, կարող է ընկերություն հիմնել, որն ապագայում միլիարդներ կարող է արժենալ: Կարևորը՝ մարդն է: Իսկ եթե այդպես է, ուրեմն հումանիտար արժեքները, փիլիսոփայությունը շատ կարևոր են, վեր սլացող: Առայժմ այդպես է:

– Մի պահ հակադարձեմ. այդպես է, քանի դեռ կայուն են էլեկտրական հոսանքը, խողովակները, իսկ եթե դրանք չկան՝ հակառակն է:

– Եթե անգամ դրանք չլինեն, միշտ հարց է առաջանում, ո՞րն է ամենակարևորը: Կա մի հայտնի խոսք, որն ասում է, թե՝ բանակը շարժվում է այն արագությամբ, որով շարժվում է ամենադանդաղ ընթացող գունդը: Նույնն էլ հասարակության մեջ է, բայց անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել նրանց վրա, ովքեր ճեղքում են՝ առաջ են անցնում: Օրինակ՝ Tesla-ն. մեկ է, Ամերիկայում վարորդով միլիոնավոր մեքենաներ են թողարկվում, բայց դու գիտես, թե ամեն բան ուր է գնում՝ 2 տոկոսը կստեղծագործեն, 20 տոկոսը կօգնեն, կաջակցեն, իսկ 80 տոկոսը չգիտես, թե ինչով են զբաղվելու, քանի որ իրենց գործը ռոբոտներն են անելու: Եվ ահա այդ նոր հասարակությունը հիմա գորտի է նման, որը հանգիստ նստած է տաք ջրում, առանց հասկանալու, որ շուտով շոգեխաշվելու է: Մենք մոտենում ենք այն կետին, որից հետո ակնհայտ է, որ տեղի են ունենում ոչ թե սովորական տեխնոլոգիական փոփոխություններ, այլ՝ հումանիտար, սոցիալական, քաղաքական: Տեսեք, ռեալիթի շոուն օգնեց Թրամփին հաղթել ընտրություններում: Կառավարման ողջ ավանդական համակարգը անզոր գտնվեց մի մարդու հանդեպ, որը անգամ ավելի քիչ փող էր ծախսել նախընտրական փուլում, նույնիսկ քաղաքական կուսակցության նորմալ մաս էլ չէր կազմում, իսկ Հիլարին, որ այդքան ուժ և եռանդ էր ներդրել՝ պարտվեց: Մենք տեկտոնական փոփոխությունների փուլում ենք, և դրանք ոչ միայն տեխնոլոգիական են, այլ նաև սոցիալ-հոգեբանական: Ես խոսում եմ այն մասին, որ մենք հեռանում ենք մաքուր կապիտալիզմից, որի հիմնարար տարրը՝ եկամուտն է, իր սոցիալ-քաղաքական ածանցյալներով՝ բարեգործություն, բիզնես, մարդասիրություն, սոցիալական ներազդեցություն, կյանքի պահպանմանը միտված բիզնեսը:

– Ամպերից ցած իջնենք: Դուք հայտնի եք իբրև բորսայի շուկայի գերպրոֆեսիոնալ, չե՞ք կարծում, որ Tesla-ն, Facebook-ը, Snapchat-ը, անմտորեն ուռճացված են, և դա փուչիկ է, որը մի օր պայթելու է: Tesla-ն Ամերիկայի ավտոմոբիլների քանի՞ տոկոսն է արտադրում: Քիչ, իհարկե, բայց գինը Ford-ի գնին չի զիջում:

– Մենք ավելի ֆունդամենտալ խնդիր ունենք. համաշխարհային տնտեսության նյութատեխնիկական բազան 65 տրիլիոն դոլար է, ողջ արտադրական շուկան՝ տրիլիոնից ավել: Իրականում ունենում ենք…

– Փուչիկ…

– Վիրտուալ: Ահավասիկ՝ բիթքոյիններն են (վիրտուալ աշխարհում ֆինանսական դրամաշրջանառության դրամի վիրտուալ չափման միավոր- խմբ.), որ համակարգ են փոխում: Ինչո՞վ է չափվելու, համեմատվելու… իրականում փոփոխությունները կվերաբերվեն ոչ միայն այն ամենին, ինչն արտադրվում է, այլ նաև՝ ինչպես է դա չափվելու (գնահատվելու): Պայմանականորեն, դա կչափվի եկամուտով, կամ այլ բանով:

Մենք տեսնում ենք, որ Snapchat-ի, Facebook-ի չափման միավորներն արդեն բավարար չեն: Պարզ է դարձել, որ GDP-ն, ՀՆԱ-ն բավարար չեն, որ մարդիկ իրենց երջանիկ զգան: Ամերիկայի ՀՆԱ-ի պայմաններում մարդիկ գնում են և դեմ են քվեարկում այն ուժին, որն ապահովել է այդ հսկա ՀՆԱ-ն, որովհետև չեն հավատում ապագային, որովհետև գիտեն, որ կորցնելու են իրենց աշխատանքը և իրենց չի հուզում այսօրը, որը կարծես թե վատը չէ: Հետևաբար, մենք տեսնում ենք գնահատման փոփոխություն, լավի և վատի գնահատման փոփոխություն, տվյալ բիզնեսի գնի և արժեքի մասին պատկերացման փոփոխություն է նկատվում:

– Այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ եք ասում, բայց, այնուամենայնիվ, կարելի է ընկալել, որ դիցուք գինն այսքան է:

– Բանը դրանում չէ: Պարզապես փոփոխությունների չափման համակարգը…

– Փոփոխություններն ավելի թանկ են այն ամենից ինչը գոյություն ունի:

– Այո: Հրաշալի օրինակ կա՝ Amazon-ը, որը ցույց է տալիս, որ դա ճիշտ բան է, և հենց այդ նույն Amazon-ը շարժիչ ուժ է:

– Դուք նկատե՞լ եք այդ տնտեսության աճի տեմպերը մեր երկրում:

– Իհարկե: Ուր պետք է փախչենք: Պրոգրեսը չի լինի կանգնեցնել: Հարցն այն է, թե մենք որ տեղում կհայտնվենք, որ մասը կկարողանանք ապահովել:

Ես նկատի ունեմ հաջողությունները, ոչ թե հարմարվողական կարգավիճակը: Մենք արդեն 10 տարի է սպասում ենք նորարարական քաղաքականության արդյունքներին: Այդ քաղաքականությունը որդեգրել է պետությունը, բայց որքա՞ն դեռ պետք է սպասենք:

– Առաջին հերթին, դրանով չպետք է միայն պետությունը զբաղվի, դա ճիշտ չէ:

Դա անցյալի արգասիք է: Առաջ պետությունն էր զբաղվում ինովացիաներով:

– Դա տնտեսության այլ մոդել էր, ինկվիզիցիոն մոդել, երբ ռեսուրսների կենտրոնացումը պարփակված էր մեկ ինստիտուտի մեջ, որն ունակ էր մոբիլիզացնել բոլոր ֆինանսական և մարդկային ռեսուրսները, կատարելով որակյալ թռիչք, բայց դա այլ մոդել էր: Գոյություն ունի 4 մոդել. էվոլյուցիոն, հեղափոխական, ռեֆորմացիոն և ինկվիզիցիոն: Մենք այժմ էվոլյուցիոն մոդելի մեջ ենք, այլ ոչ թե ինկվիզիցիոն, և այդ պատճառով համեմատություն անելը՝ ինվիզիցիոն մոդելի հետ՝ սխալ է: Ստալինյան ժամանակաշրջանի մոդելը՝ ինկվիզիցիոն էր: Այն իր արդյունքը տվել է, բայց պահանջել է անսահման մարդկային ռեսուրսներ: Այդ թռիչքի արդյունքն այն է, որ այսօր Ռուսաստանում ապրում է ոչ թե 350 միլիոն մարդ, այլ՝ 150 միլիոն: Ահա դրա գինը:

– Իսկ հիմա ամեն բան լա՞վ է: Մեզ սպասե՞լ է պետք:

– Սպասել պետք է, բայց բարեկեցության համար 5-10 տարի սպասելը քիչ է:

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով սպասվող բերքի սերմերը ցանվե՞լ են:

– Այո, սերմը ցանել ենք: Բերքը ամեն տեղ նույնը չի լինի: Օրինակ՝ Թաթարստանում արդյունքն ավելին է լինելու: Ուլյանովսկում էլ վատ չի վիճակը: Բոլոր մարզերի համար չեմ կարող ասել, բայց կան վայրեր, որոնց համար վստահ եմ, օրինակ՝ Սկոլկովոյում, Տոմսկում, Նովոսիբիրսկում: Արդյոք կկարողանան չեղքել ասֆալտը, ինչպես խոտը, թե լրացուցիչ պարարտացման կարիք կլինի՝ ժամանակը ցույց կտա, քանի որ դրանք տարբեր խնդիրներ են:

– Փաստորեն պարարտացումն անխուսափելի է: Ինչպես գյուղատնտեսությունում՝ պարարտացումը շատ է, իսկ բերքը՝ քիչ:

– Դրա համար էֆեկտիվ գործողությունների հարցն էլ է չափազանց կարևոր: Պետք է հասկանալ, որ 10 ստեղծված ընկերություններից 9 մեռնում են: Մենք նույնիսկ նման իրողության հետ չենք հաշտվում: Դատախազությունը տեղն ու տեղը կհայտնվի և կասի, որ մեքենայություն է տեղի ունեցել, թե չէ այդքան փողն ուր պետք է կորչեր: Բայց մեզ մոտ դա նորմալ գործընթաց է, երբ 10 նոր ընկերություններից, որոնք մուտք են գործել վենչուրային բիզնես, 9 կվերանան: Այդ ամենը հոգեբանական փոփոխություններ են: Իմ կարծիքով, մենք շարժվում ենք դեպի այն կետը, երբ 2-3 տոկոս ստեղծագործ մարդիկ կընտրեն, թե որտեղ է պետք ապրել: Լավ է, որ նրանք կարող են ապրել, որտեղ ուզում են, քանի որ հիմա պետք չէ հասնել Սիլիկոնյան հովիտ, որ հաջողություններ գրանցես: Մենք տեսնում ենք, թե ինչպես Եվրոպայում, Ասիայում հայտնվում են կենտրոններ, որտեղ կարելի է լուրջ ընկերություններ հիմնել: Մյուս լավ լուրն այն է, որ իզոլացիոնիզմը, որը որդեգրել են ԱՄՆ և Անգլիան, բերեց նրան, որ գնալով ավելի քիչ մարդ է ուզում այնտեղ հայտնվել: Եվ եթե մենք ճիշտ կառուցենք մեր լավագույն կադրերի պահպանման քաղաքականությունը, միաժամանակ համալրելով այն նոր կադրերով, ապա շանս կունենանք: Շանսը միշտ կա: Հարկավոր է ջանք գործադրել, և դա չի կարող միանգամից  հաջողության հանգեցնել:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը