Տարածաշրջանում իր բնույթով եզակի «Երևան Քարտ» ծրագիրը հնարավորություն կտա Հայաստան այցելող զբոսաշրջիկին անվճար մուտք գործել քաղաքի քառասունից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, «Զվարթնոց» օդանավակայանից ավտոմեքենայով տեղափոխվել ցանկացած վայր կամ անվճար երթևեկել մետրոյով և զգալի զեղչեր ստանալ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց հունիսի 30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Ծրագիրը ստեղծվել է հայկական պատմամշակութային ժառանգությունը և զբոսաշրջության ոլորտում հետաքրքրություն ներկայացնող վայրերն առավել մատչելի դարձնելու համար: Այն էլեկտրոնային միասնական փաթեթ է, որի միջոցով զբոսաշրջիկը մինչ Երևան գալը կարողանում է մեծ ինֆորմացիա ստանալ Երևանի մասին: Նա կարող է առցանց գնել փաթեթն ու օգտվել դրա բոլոր հնարավորություններից»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Արմեն Բաղդագուլյանը:
Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով` երկարատև աշխատանք է իրականացվել քարտը ստեղծելու և այն շրջանառության մեջ դնելու համար:
«Ծրագրի մեկնարկից մինչ իրականացում շուրջ երկու տարի է պահանջվել. կատարվել են ուսումնասիրություններ, հաշվի են առնվել միջազգային շուկայի առաջարկներն ու պահանջները: Ծրագիրը տարածաշրջանում առաջին անգամ է իրականացվում, բայց այն մեծ հաջողությամբ գործում է եվրոպական մի շարք երկրներում: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր մշակույթի ճանաչելի դառնալուն»,- շեշտեց նա:
«Երևան քարտ»-ը բարձրակարգ ծառայությունների փաթեթ է, որն ապահովում է զբոսաշրջիկի տեղեկացվածությունը, համակողմանիորեն ներկայացնում Երևանի պատմամշակութային ժառանգությունը և զբոսաշրջության ոլորտում հետաքրքրություն ներկայացնող մյուս վայրերը, հնարավորություն տալիս ինքնուրույն կազմակերպել շրջագայությունը: Միասնական փաթեթում զետեղված են զբոսաշրջիկին անհրաժեշտ մի քանի ծառայություններ և ուղղորդող պարագաներ՝ քարտեզներ, ուղեցույցներ: Երկրի զբոսաշրջության ոլորտում ստեղծելով նոր մշակույթ` «Երևան Քարտ»-ը միտված է օգնել զբոսաշրջիկին:
«Երևան Քարտ»-ը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե»-ի հետ: