Հայ դիզայներների մոտ հագուստ պատվիրելն այդքան էլ թանկ հաճույք չէ
Advertisement 1000 x 90

Հայ դիզայներների մոտ հագուստ պատվիրելն այդքան էլ թանկ հաճույք չէ

«3 Միլիոնի» նախորդ համարներում մենք անդրադարձել ենք ճանաչված հայ դիզայներների գործունեությանը: Այս անգամ հայկական նորաձևությունը կդիտարկենք ավելի լայն կտրվածքով:
Նորաձևության հայկական խորհրդի՝ վերջերս կատարած ուսումնասիրության համաձայն, յուրաքանչյուր տարի հայաստանյան բուհերից և այլ ուսումնական հաստատություններից մոդելավորողի մասնագիտությամբ 600 շրջանավարտներ են «թողարկվում»։ Սակայն, եթե փողոցում պարզ մի հարցախույզ անցկացնենք, կպարզվի, որ հայ մոդելավորողների եզակի անուններ են հանրությանը ծանոթ:

pizap.com14706626185401

Նորաձևության հայկական խորհրդի փոխնախագահ Արմինե Թադևոսյանի խոսքերով, Հայաստանում չկա նորաձևություն, որովհետև այն հսկայական արդյունաբերություն է` սկսած հումքի մատակարարներից, վերջացրած` մանրածախ առևտրով: Ժամանակակից նորաձևության բիզնեսի ստերեոտիպը մի քիչ այլ է, քան խորհրդային տարիների «տեքստիլ արդյունաբերություն» կոչվածը: Ներկայիս նորաձևության հսկայական շղթան մեծ բացթողումներ ունի նաև կրթական համակարգում: Այդ պատճառով հայ դիզայներները չեն կարողանում կոմերցիոն գործունեություն ծավալել, և խանութներում հայկական ապրանքանիշերով կամ հայ դիզայներների անունները կրող պիտակներով հագուստներ մեծ քանակությամբ չեն վաճառվում: «Հագուստ վաճառելու համար դիզայներները պետք է տարին 2 անգամ` գարուն-ամառ, աշուն-ձմեռ սեզոնային հավաքածուներ պատրաստեն և ներկայացնեն մանրածախ խանութներին: Առանց սեզոնայնության նորաձևություն չկա»,- ասում է Ա. Թադևոսյանը: Սեզոնայնության գաղափարը մեր իրականություն ներմուծվել և տեղայնացվել է շնորհիվ մոնոբրենդային խանութների, որոնք յուրաքանչյուր սեզոնին նորացվում են նոր հավաքածուներով: Ի տարբերություն դրանց, այսօր հայ դիզայներների հագուստը վաճառվում է մուլտիբրենդային խանութներում, որոնք չեն տիրապետում վաճառքի ճիշտ տեխնիկային: Խանութների հավելավճարները, որ հասնում են մոտ 40 %-ի, այդքան էլ ձեռնտու չեն դիզայներների համար: Դրա համար նրանց ստեղծած հագուստի մի մասը մնում է ստվերում: Սկսնակ դիզայներ Դիանա Բաբայանը, ով այժմ համագործակցում է «Նանե» խանութ-սրահի հետ, ասում է, որ ոչ բոլոր խանութներն են պատրաստ ընդունել հայ դիզայներների աշխատանքը: «Չեն համարձակվում, որովհետև նրանք իրենց ներմուծածը չեն հասցնում վաճառել, բոլոր խանութներում հագուստի ավելցուկ կա»,- ասում է դիզայները:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, դիզայներները շատ հաճախ ինքնարժեքից ցածր են գնահատում ու վաճառում իրենց արտադրանքը: Շատ քիչ են այն դիզայներները, ովքեր շահույթով են աշխատում: «Տնտեսական առումով հայրենական ապրանք ձեռք բերելը ձեռնտու է, պարզապես այն առանձնապես գովազդված չէ: Երկրորդը` պետք է ներկայացնել այնպիսի որակի ապրանք, որ հայկական ապրանքի վարկանիշը բարձրանա: Որակ ասելով՝ չպետք է հասկանալ՝ թանկ գնային կատեգորիա, պարզապես գին և որակ հարաբերակցությունը ճիշտ պետք է ընտրվի»,- նկատում է Ա. Թադևոսյանը և հավելում, որ այսօր շատ քիչ են այն դիզայներները, ովքեր ունեն ատելյեներ, ովքեր մշտապես ստեղծագործում են ու դրանով գումար են վաստակում: Ճանաչված դիզայներ-մոդելավորող Լիլիթ Մարգարյանը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանում բացակայում են նորաձևության` իբրև բիզնես զարգանալու նախադրյալները։ Երկրի թեթև արդյունաբերությունն անմխիթար վիճակում է, այնինչ միայն հայրենական արտադրության խթանման շնորհիվ պիտի նկատվեն հայ դիզայներների էքսկլյուզիվ աշխատանքները: «Լիլիթ» նորաձևության տան ղեկավարն իր գործունեությունը որակում է ոչ շահութաբեր, քանի որ պետական տուրքերը, վարձակալության գները և ընդհանրապես երկրի ոչ կայուն դրամավարկային քաղաքականությունը թույլ չեն տալիս փոքր և միջին բիզնեսով զբաղվողներին «բարգավաճել»: «Ոչ մի ձևով կոմպրոմիսներ չկան: Ուրիշ երկրում նման էնտուզիազմով աշխատողներին` տնտեսությունը զարգացնելու համար, արտոնյալ վարկեր են տրամադրում: Դու քեզ բավարարված չես զգում, որովհետև նորաձևությունը որպես բիզնես կայացած չէ»,- նկատում է դիզայները: Լիլիթն ասում է, որ իր հաճախորդները նրանք են, ովքեր վստահությամբ են մտնում իր սրահ, և միանգամից դրական աուրա է ստեղծվում: Լիլիթի համար կարևոր է ոչ միայն ֆինանսական շահը, այլև հաճախորդների ջերմ գնահատանքը: Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ մենք` հայերս, միշտ էլ ձգտել ենք «ինոմարկաներ» կրել ու հպարտանալ «յառլիկներով»: «Երբեմն մեր սրահում պատվիրված հագուստի պիտակը հանում են ու ասում, թե Եվրոպայից են գնել: Այդպիսի մարդիկ այլևս մեր հաճախորդները լինել չեն կարող»,- ասում է Լիլիթը, ով այժմ ստեղծագործում է «Համազգային աստղ» հեռուստանախագծի մասնակիցների համար: Դեկտեմբերին «Արևիկ» համույթի սաները Մանկական «Եվրատեսիլ» կներկայանան նրա ստեղծած հագուստներով: Նա պատրաստվում է կարել նաև հանրապետության բոլոր դատավորների պատմուճանները:

12 տարվա ինքնուրույն գործունեություն վարող մոդելավորող-դիզայներ Գայանե Սողոմոնյանն առանձնապես չի դժգոհում իր բիզնեսից, քանի որ ունի մշտական հաճախորդներ: Նա շատ երազանքներ ու պլաններ ունի և խոչընդոտներին դիմակայում է յուրովի: Արդեն պատրաստվում է գարնանը տեղի ունենալիք «PretAPorter Yerevan» միջոցառմանը: Իր արտադրանքը Գայանեն ներկայացնում է «Նանե» խանութ-սրահում: Գայանեն հայ հաճախորդներին համարում է պիտակամոլ և նկատում է, որ դիզայներների համար միշտ ակտուալ է եղել հագուստների իրացման խնդիրը, քանի որ համապատասխան խանութներ չկան, որտեղ կարելի է վաճառել այդ ամենը: Գործող մոդելավորողների շրջանում բազմիցս քննարկվել է համատեղ մի տարածք ունենալու հարցը, որտեղ կցուցադրվեին իրենց սեզոնային հագուստները, սակայն նման նախաձեռնությունը պահանջում է ինչպես մեծ ներդրումներ, այնպես էլ անձնական շահագրգռություն:

 

Գնային սանդղակը

Կարծիք կա, որ դիզայներները հակված չեն հրապարակել իրենց հագուստի գները, ինչը մեկնաբանվում է մոդելավորողի անհատական պահանջներով: Սակայն, մենք կփորձենք որոշ գներ հրապարակել: Օրինակ, Հայաստանում ճանաչված մոդելավորողների մոտ կարված մեկ հարսանյաց զգեստի բացառիկ նմուշը կարելի է ձեռք բերել 1000 դոլարով, որը Ռուսաստանում կարժենա 10 հազար դոլար։ Իսկ թանկարժեք կտորից պատրաստված երեկոյան զգեստի գինը մեկնարկում է 300 դոլարից: Ըստ «Զատիկ» ստուդիայի մենեջեր Ռուզաննա Մովսիսյանի, իրենց ստեղծած հագուստը հայ կանանց ընդամենը 2 տոկոսի համար է հետաքրքիր, քանի որ ոճի և ճաշակի տեսանկյունից դրանք ստանդարտ չեն: Այդ պատճառով նրանց բիզնեսն այստեղ ավելի շատ հոբբիի է նման, քան բիզնեսի: «Զատիկ» ստուդիայի ամառային հավաքածուն սկսում է 7 հազար դրամից, իսկ աշնանային-ձմեռայինը՝ 15 հազարից (մեկ կիսաշրջազգեստը)՝ հասնելով մինչև 55 հազարի։ Տոնական զգեստները «Զատիկում» հատում են 300-400 հազար դրամի սահմանը: Իսկ ահա դիզայներ Գայանե Սողոմոնյանի մոտ կանացի գործնական կոստյումը կարելի է ձեռք բերել մոտավորապես 50 հազար դրամով, երեկոյան զգեստը` 60-80 հազար դրամով, իսկ հարսանյաց զգեստը` 1000 ԱՄՆ դոլարով (հարսանեկան հանդերձանքի գինը միշտ տրվում է արտարժույթով): Ի դեպ, շատերը տնայնագործական կարուձևը (դերձակություն) շփոթում են դիզայներական գործունեության հետ: Իրական դիզայներների մոտ պատվեր-վաճառք հարաբերակցությունում գերիշխում է պատվերը: Հանրահայտ դիզայներների հիմնական պատվիրատուներն են երգիչ-երգչուհիները, հաղորդավարները, բարձրաստիճան խավի ներկայացուցիչները: «Պատվերների նույնիսկ բավարար քանակության դեպքում դիզայները կարող է մեծ համբավ ձեռք բերել: Երբեմն պատվերներն այդքան էլ շահութաբեր չեն լինում, սակայն շատ հաճախ գայթակղիչ է լինում այնպիսի մարդկանց համար աշխատել, որոնք դիզայների համար ապահովում են և՛ համբավ, և՛ միջավայր: Բացի այդ, մեր աստղերից շատերը հակված չեն իրական գումար վճարել այն իրի համար, որն իսկապես այդքան արժե, և բանակցելու արդյունքում գներն իջեցվում են մեծ զեղչերով: Բազմաթիվ են դեպքերը, երբ գովազդվելու համար դիզայներներն անվճար են աշխատում: Բնականաբար, մեր դիզայներների կողմից պատրաստված կաշվե բաճկոնը նույն գինը չի կարող ունենալ, ինչ, ասենք, Մարկ Ջեկոբսի կաշվե բաճկոնը, բայց, հավատացեք, ինքնարժեքը նույնն է, նույն հումքն է, նույն արտադրական պրոցեսը, տարբերությունն աշխատանքային տարիների փորձն է»,- ասում է Ա. Թադևոսյանը:

Երգչուհի Արմինկան, ով միշտ աչքի է ընկել համարձակ ոճով, հաճախ է համագործակցել Արևիկ Սիմոնյանի, Վահան Խաչատրյանի, Աննա Շահբազյանի հետ: Նրա խոսքերով՝ մեզ մոտ գներն այդքան էլ թանկ չեն` մի քանի 100 դոլարով կարելի է բեմական հագուստ ունենալ: Ինչ վերաբերում է ամենօրյա հագուստին, ապա երգչուհին դրանք ձեռք է բերում արտասահմանյան գնումների ժամանակ և բավական թանկ է վճարում, օրինակ, նրա մեկ ջինսե տաբատը կարող է եռակի անգամ թանկ արժենալ, քան Հայաստանում պատվիրված բեմական հագուստը: Արմինկան ներկայումս Հայաստանում ամերիկյան «Փիքի» ֆիրմայի դեմքն է: Քրիստինե Պեպելյանն աշխատել է Լիլիթ Մարգարյանի, Արամ Նիկոլյանի հետ, սակայն բեմական հագուստը նա հիմնականում գնում է արտասահմանից:

Նաիրա Մարտիրոսյան

«3 Միլիոն»