Ամառը հանգստի ամենացանկալի սեզոնն է: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե հայերը առավելապես, ո՞րտեղ են նախընտրում անցկացնել ամառային արձակուրդները, և որքան արժե ասիական ու եվրոպական երկրներում հանգստանալու հաճույքը:
«Dolce Travel» տուրիստական գործակալության տնօրեն Թամարա Գևորգյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի շատերն են ցանկանում հանգստանալ Եվրոպայում:
«Այս տարի հայերի մեծամասնությունը հանգստի է մեկնում դեպի Եվրոպա, հիմնականում Հունաստան, Իտալիա և Իսպանիա: Իհարկե, կան մարդիկ, ովքեր նախընտրում են հանգիստն անցկացնել ասիական երկրներում՝ Եգիպտոսում, նույնիսկ Արաբական Էմիրություններում՝ չնայած տապին»:
Հարցին, թե բոլորովին վերջերս Հուրգադա հանգստավայրում զբոսաշրջիկների վրա դանակով հարձակման դեպքը արդյոք պակասեցրել է Եգիպտոս մեկնելու պահանջարկը, Թ. Գևորգյանն ասաց, որ որպես այդպիսին լուրջ ազդեցություն չի ունեցել, պարզապես քաղաքացիները մտահոգությամբ հարցումներ են անում, սակայն դեպի Եգիպտոս հոսքը նույն կերպ շարունակվում է:
Ինչ վերաբերում է հանգստի համար անհրաժեշտ գումարին, մեր զրուցակիցը նշեց, որ թե Եվրոպայում, թե ասիական երկրներում հանգիստը լավագույնս կազմակերպելու համար անհրաժեշտ է միջինում 1300 եվրոյին համարժեք դրամ:
«Եթե, օրինակ, դիտարկենք Իտալիան, ապա երկու անձի համար ամբողջական փաթեթը կարժենա մոտ 1200-1300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ Իսպանիայում այս տարի արժեքները բավականին բարձր են, քանի որ ավիատոմսերի գներն են բարձրացել անցյալ տարվա համեմատ»,- նշեց տնօրենն ու շարունակեց.
«Այս տարի ավիատոմսերի գներն այնքան են բարձրացել, որ Երևան-Բարսելոնա-Երևան ուղիղ չվերթի ավիատոմսի գինը գրեթե հավասարվել է տրանզիտով մեկնելու գներին: Այժմ ուղիղ թռիչքի տոմսը մոտավոր արժե 570 եվրոյին համարժեք դրամ: Մեկ անձի համար փաթեթն Իսպանիայի դեպքում կազմում է միջինում մոտ 1200-1300 եվրոյին համարժեք դրամ»:
Եվրոպական երկրներից, այս պահի դրությամբ, թռիչքները թե Երևանից, թե Վրաստանից ամենամատչելին Հունաստանն է. «Հայերը շատ են սիրում Հունաստանը, այստեղի հանգստից նրանք մեծամասամբ գոհ են, քանի որ և տեղանքն է հաճելի, և սնունդն է մեր քիմքին մոտ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Թամարա Գևորգյանի փոխանցմամբ՝ Թուրքիա, մասնավորապես Անթալիա մեկնողներ ևս կան. «Իհարկե, Թուրքիա մեկնողների թիվը մեծ չէ, բայց պահանջարկ կա, ինչը հատկապես կապված է ցածր գների հետ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է առհասարակ ամենամատչելի հանգստավայրին, ապա բոլոր հանգստավայրերից ամենամատչելի տարբերակը Եգիպտոսն է. այստեղ մեկ անձին մեկ շաբաթյա հանգստի համար 5 աստղանի հյուրանոցում անհրաժեշտ է 500 ԱՄՆ դոլար:
«Այս տարի մեր քաղաքացիները մեծ նախապատվություն են տալիս նաև հանգիստն անցկացնել Թաիլանդում: Այստեղ հիմնականում ցանկանում են գնալ նորապսակները. հատկապես Փուքեթ կղզու մեծ պահանջարկ կա, քանի որ տեղն ավելի հանգիստ է և գներն էլ մատչելի»,- նկատեց նա, իսկ հարցին, թե առհասարակ նորապսակաները առավելապես, որտե՞ղ են ամուսնական ճանապարհորդությունն իրականացնում, պատասխանեց.
«Հայ նորապսկաները հիմնականում գնում են Մալդիվյան կղզիներ, Իտալիա, Եգիպտոս և Շրի Լանկա»: