Ցայլքը սափրող մարդկանց մեկ քառորդից ավելին տառապում է կտրվածքներից, այրվածքներից ու ցանից, պարզել են Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիական համալսարանի մաշկաբանները։ Մասնագետները ենթադրում են, որ ցայլքի մազերն անվտանգ հեռացնելու մասին խորհուրդները հավանաբար կօգնեն նվազեցնել վնասվածքների մակարդակը։ JAMA Dermatology ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ մաշկաբանները հարցում են իրականացրել 7570 մարդու շրջանում, որոնցից 5674-ը հայտնել են, որ այս կամ այն ձևով հեռացնում է ցայլքի մազերը։ Նրանց 94 տոկոսը դա ինքնուրույն է անում՝ չօգտվելով գեղեցկության սրահների ծառայություններից։
Մազերը հեռացնողների մեկ քառորդից ավելին տհաճ հետևանքների է բախվել։
Հիմնականում, դեպքերի 61 տոկոսում, խոսքը կտրվածքների մասին է։ Երկրորդ տեղում ( 23 տոկոս) այրվածքներն են՝ մեղրամոմով մազերը հեռացնելու հետևանքով։ Դեպքերի 12 տոկոսում հարցման մասնակիցները տառապում էին ցանից։ Բացի այդ՝ գրեթե յուրաքանչյուր տասներորդը նշել է, որ մազերը հեռացնելուց հետո իր մոտ ինֆեկցիոն բորբոքում է սկսվել։
1․5 տոկոսը ստիպված է եղել դիմել բժշկի, որպեսզի վերացնի սափրման անախորժ հետևանքները։ Ընդ որում նրանց գրեթե կեսին վիրահատական միջամտություն է պահանջվել, աբսցեսի բացում և այլն։
Տղամարդկանց շրջանում առավել տարածված են ամորձապարկի կտրվածքները, որոնցից դժգոհել են հարցման մասնակիցնրեի 67 տոկոսը։ 35 տոկոսը հայտնել է սեռանդամի կտրվածքի մասին, 29 տոկոսը՝ ցայլքի։ Իսկ կանայք, հակառակը, հիմնականում ցայլքն են վնասում (51 տոկոս)։ Ազդրերի ներքին մակերեսի կտրվածքները հանդիպում են 45 տոկոսի մոտ, հեշտոցի կտրվածք՝ 43 տոկոսի մոտ, հեշտոցի ու սրբանի՞՞՞ միջև հատվածում ՝ 13 տոկոսի մոտ ու բուն սրբանի կտրվածք՝ 6 տոկոսի մոտ։
«Ածելիները ամենաշատ վնասվածքների պատճառն էին, բայց հավանաբար որովհետև դրանք ավելի հաճախ են գործածվում,- նշում է ուրոլոգ Բենջամին Բեյերը, հետազոտության հեղինակներից մեկը,- Էլեկտրական ածելիները նվազ տրավմատիկ են, բայցև նվազ գործածական, քանի որ լավ չեն սափրում».
Ավելի վաղ հետազոտողների մեկ այլ թիմ հարցում էր իրականացրել 3316 կանանց շրջանում, որպեսզի պարզի, թե ինչու են նրանք հեռացնում ցայլքի մազերը։ Պարզվել է, որ կեսից ավելին դա անում է հիգիենիկ նկատառումներով։ Սակայն հիգիենայի նման ընկալումը հակասում է փաստերին։ Մարդիկ, ովքեր հեռացնում են ցայլքի մազերը, 70 տոկոսով հաճախ են բախվում սեռավարակների ու 90 տոկոսով հաճախ՝ ցայլքային ոջիլների խնդրին։ Յուրաքանչյուր հինգերորդ կին մազերը հեռացնում է հանուն իր զուգընկերոջ, ոմանք էլ պնդում են, որ առանց մազերի իրենց ավելի սեքսուալ են զգում։