«Ոչ գրագետ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ». Խորհուրդներ՝ մաշկաբանից. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Ոչ գրագետ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ». Խորհուրդներ՝ մաշկաբանից. life.panorama.am

Շատ աղջիկների համար արևայրուքը հատուկ արարողակարգի է վերածվում: Մաշկն ամեն գնով մգացնելու համար շատերը ժամերով պառկում են արևի տակ, որը հաճախ ցանկալի արդյունքից բացի վնասներ է պատճառում առողջությանը: Իրականում շատ կարևոր է իմանալ արևայրուքի ճիշտ կանոնները, որոնց մասին էլ Life.panorama.am-ը խոսել է «Հելիոս» բժշկական կենտրոնի  բժիշկ-մաշկաբան Տաթևիկ Հարությունյանի հետ:

«Ամռանը կոսմետիկ միջոցների ցանկում ամենակարևոր ընտրությունը պետք է լինի արևապաշտպանը: Ոչ գրագետ արևայրուքի դեպքում, երբ հաշվի չի առնվում մաշկի ֆոտոտիպը, ժառանգականության գործոնը, մարդը կարող է ստանալ մինիմալ այրվածքներից մինչև մաշկի քաղցկեղի տարբեր տեսակներ: Այս պարագայում պետք չէ անտեսել նաև ֆոտոծերացման գործոնը: Բացի դրանից արևայրուքի ժամանակ արտադրվող մելանինը քայքայվելիս կարող է նաև վերածվել կանցեռոգեն գործոնի»,- նշեց բժիշկն ու շարունակեց. «Արևապաշտպան միջոցների ճիշտ և ժամանակին կիրառումը շատ կարևոր է մաշկի հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար, հատկապես կարևոր է հետբորբոքային պիգմենտացիայի հակում ունեցող մաշկի առկայության դեպքում, օրինակ՝ պոստակնեի ախտանշաններով, ինչպես նաև պեպենների, լենտիգոյի և սեբորեային կեռատոզների կանխարգելման համար, որոնք լայնորեն տարածված են տարբեր տարիքային խմբերում»:

Մասնագետի խոսքով՝ արևայրուքը թույլատրելի է առողջության տեսանկյունից, միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է՝ պահպանելով ժամային ճիշտ գրաֆիկը, կախված ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունից և միմիայն արևապաշտպան միջոցների կիրառմամբ:

«Արևապաշտպան միջոցները պետք է օգտագործել արևի տակ դուրս գալուց 30-40 րոպե առաջ և ամեն անգամ ջրի հետ  շփվելուց հետո պետք է թարմացնել: Հարկավոր է նման միջոցները գնելիս ուշադրություն դարձնել, որպեսզի արևապաշտպանի սպեկտրը լինի լայն (UVA, UVB, PPD, SPF): Սկզբնական շրջանում գործոնը  պետք է լինի ավելի բարձր, հետո աստիճանաբար արդեն առկա որոշակի արևայրուքի դեպքում կարելի է նվազեցնել SPF-ի մակարդակը»,- հավելեց մաշկաբանը::

Տաթևիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ որոշ դեղամիջոցների կիրառման դեպքում մաշկն առավել զգայուն է դառնում արևի ճառագայթների նկատմամբ, և կարող են առաջանալ տարբեր բնույթի ցանավորումներ (օրինակ որոշ հակաբիոտիկներ, միզամուղներ և այլն):

«Արևայրուքով մաշկը ավելի շատ կարիք ունի ինչպես տնային, այնպես էլ մասնագիտացված խոնավեցնող, վերականգնող, տոնուսավորող խնամքի: Օգտագործեք շատ հեղուկներ, առավելապես մաքուր ջուր: Միշտ հիշեք, որ ցանկացած բան գեղեցիկ է չափի մեջ, և ոսկյա արևայրուք ունենալուց առաջ մտածեք նաև Ձեր առողջության մասին»,- ավարտեց բժիշկը: